Չար կատակից տուժածները բողոքում են ոչ միայն մայթերի սառույցից, այլեւ սոթլիկ սալաքարերից: Բայց եթե սառույցի դեմ ինչ-որ կերպ կարելի է պայքարել, ապա սալիկների դեմ՝ արդեն ոչ: Այս ձմռանը Երեւանի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքների համար օգտագործել է 1280 տոննա աղ եւ 4974 խմ ավազ: Բայց փաստը մնում է փաստ, որ փողոցային «սառցապատումից» տուժած մարդիկ տարբեր վնասվածքներով շարունակում են դիմել բժշկի: Երբ փորձեցինք պատկերացում կազմել այդ մարդկանց թվի ու նրանց վնասվածքների մասին, պարզվեց, որ Երեւանի միայն 5 հիվանդանոցների՝ «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոնների եւ թիվ 2 եւ 3 բուժմիավորումների, ինչպես նաեւ` Մ. Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական համալիրի օրթոպեդիկ բաժանմունքներ վերջին 10 օրվա ընթացքում ոսկրերի կոտրվածքով դիմել է 132 մարդ՝ 87-ը ամբուլատոր եւ 45-ը` ստացիոնար բուժման համար: Ընդ որում, մեծահասակների հետ դժբախտ պատահարներ ավելի հաճախ են պատահում, քան երեխաների: Հիմնականում վնասվում են ազդրի, սրունքի ոսկրերը, ծնկան ու սրունքթաթային հոդի ոսկրերը: Լինում է նաեւ սալջարդ ու հոդախախտ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում վնասվածքների ամենաշատ դեպքերն էին գրանցվել: Օրթոպեդիայի բաժնի վարիչ Արմեն Գերասիմովիչը տեղեկացրեց, որ վերջին տասն օրերի ընթացքում 25-30 վիրահատության դեպք է եղել: Սակայն հիվանդանոցի գլխավոր վնասվածքաբանը պատճառաբանեց փաստը ոչ թե մայթերի ու փողոցների անկարգ վիճակով, այլ իրենց հիմնարկի «ռեյտինգի» բարձրացումով: «Մեզ մոտ ավելի հաճախ են գալիս, դրա համար էլ հիվանդների թիվը բարձր է»:
Իսկ գի՞նը
Վնասվածքաբանության բաժանմունքում բուժծառայության գները կախված են կատարված պրոցեդուրաների քանակից, բարդությունից: Այսինքն, սահմանված է, այսպես կոչված, պրեյսկուրանտ: Ամբուլատոր բուժօգնությունը կարող է «նստել» մինչեւ 15 հազար դրամ: Հաշվարկը բարդ չէ. 5-7 հազար դրամ արժե միայն ռենտգենը: Մնացածը ցավազրկման, անշարժացման, դեղորայքի, վիրնյութի եւ այլնի գինն է: Ի դեպ, պետպատվերի սահմաններում կոտրվածքները չեն բուժվում: Ինչ վերաբերում է վիրահատություններին, ապա դա եւս կախված է դեպքի բարդությունից: Ստորին վերջույթի վիրահատությունը կարող է արժենալ 600-2500 ԱՄՆ դոլար: Հատկապես թանկարժեք վիրահատություն է համարվում այն կոտրվածքի բուժումը, որի ժամանակ անհրաժեշտ է էնդոպրոտեզավորում։ Բայց մարդիկ բաց չեն թողնում նաեւ տնտեսելու հնարավորությունները՝ ծեծում են այլ դռներ, օրինակ` սնղչիների դռները, որոնք էժան ու որակով տեղն են գցում մարդու մարմնի «մոլորված» անդամները՝ առանց ռենտգենի ու գիպսի: Նրանց մեջ հաճախ կարելի է հանդիպել կարեկից մարդասերների: Այսպիսի ալտրուիստներից մեկը պատմեց մեզ իր առօրյայի մասին, ինչից ենթադրեցինք, որ թեեւ ծանր ու պատասխանատու զբաղմունք է, բայց սնղչին իր տարիների բարեգործության շնորհիվ կարող է այնքան մեծ հեղինակություն վաստակել, որ նույնիսկ իր պատգամավորության թեկնածությունն առաջադրի Ազգային ժողովում: «Մարդիկ կան, գիշերվա ուշ ժամին գալիս, խնդրում են օգնել, որովհետեւ հիվանդանոց տանելու հնարավորություն չունեն, չեն կարող վճարել: Իսկ որոշ բժիշկներ ինձ ասում են՝ իմ կլիենտին խլում ես: Ես դրա հետ կհամաձայնեի, եթե այդ բժշկին վճարած 30 դոլարից 3 դրամը ինձ վերցնեի: Բայց ես երեւի դրամի նկատմամբ բարդույթ ունեմ, չեմ կարող մարդուց փող վերցնել»,- ասում է Հարությունը:
Օգտակար խորհուրդ
Ի դեպ, մեր երկրում, գուցեեւ սխալմամբ, չի կիրառվում դժբախտ պատահարների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավունքը: Բայց այն, իհարկե, կա եւ պետք է գործի: Օրինակ, եթե քաղաքացին սայթաքել եւ ընկել է մի որեւէ տնտեսվարող սուբյեկտի, ասենք, խանութի կամ ռեստորանի դռների մոտ, ապա իրավունք ունի դատի տալու օբյեկտի տիրոջը՝ պահանջելով ծածկել իր բուժման ծախսը, որովհետեւ վերջինս չի ապահովել իր օբյեկտի այցելուների անվտանգությունը: Վերջ ի վերջո, ամեն մարդ չի կարող վճարել մի քանի հարյուր դոլար` ուրիշի անփութության հետեւանքների համար: Իսկ եթե, օրինակ, տանիքից կախված սառցե բեկորը պոկվի եւ, ընկնելով ձեր ավտոմեքենայի վրա, վնասի այն, ապա պատասխանատվության կարելի է կանչել տվյալ թաղամասի համատիրությանը: