Երիտասարդ ֆրանսուհի Ինա Նյուկը Երեւանի «Նարեկացի» կենտրոնում երեկ բացեց իր լուսանկարների ցուցահանդեսը, որը մի քանի տարվա ընթացքում կատարած ճամփորդությունների արդյունք է։
21-ամյա Ինա Նյուկը հասցրել է լինել Իրմայում, Թուրքիայում, Լեհաստանում, Չեխիայում, Հնդկաստանում (20-ից ավելի երկրներում), որտեղ նա որպես կամավոր է աշխատել։ Եվ լուսանկարել է այն, ինչը տեսել է։ Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, պարզապես ցանկանում է իր պատկերներով շարժել մարդկանց էմոցիաները։ Նա հատուկ է կիրառում «լղոզած» նկարի ու ֆոկուսից զուրկ պատկերի սկզբունքը, քանի որ ուզում է փոխանցել ոչ թե փաստերը, այլ իր տպավորությունները։ Թեեւ նրա ներկայացրած ցուցադրությունն այդքան էլ ազդեցիկ չէ, բայց հեղինակը շատ համակրելի աղջիկ է, նա պատրաստ է լայն բացված աչքերով ուսումնասիրել աշխարհն ու այդ աշխարհի խնդիրները։ Նրան հետաքրքրում են անտուն երեխաները, ձյունածածկ կայարանները, գեղեցիկ տաճարներն ու ժպտացող մարդիկ։
Ինա Նյուկն այժմ աշխատում է Հայաստանում՝ հայ-ֆրանսիական SPFA՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի բողոքական միաբանության կազմակերպությունում, որը հիմնվել է Փարիզում եւ 1991 թվականից սկսած իր մասնաճյուղն է բացել Լեռնային Ղարաբաղում։ Միությունը մի շարք հումանիտար, բարեգործական եւ մշակութային ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում եւ չունի կրոնական ուղղվածություն։ Այն աջակցում է մանկատներին, անապահով ընտանիքներին եւ ծերանոցներին, նաեւ՝ տարածում ֆրանսերեն լեզվի կիրառումը՝ հատուկ դասընթացների ու ֆիլմերի միջոցով։ Կազմակերպությունը կարեւորում է երիտասարդների դերն ու պարբերաբար Եվրոպայի տարբեր երկրներից ուսանողների խմբեր է ուղեւորում դեպի Հայաստան ու Արցախ։
Ինա Նյուկը, ում մայրը հայուհի է, մասնակցում է միության կազմակերպած մշակութային ակցիաների։ «Ես տարբեր երկրներում եմ աշխատել եւ Հայաստան եմ եկել՝ ցանկություն ունենալով ինտեգրվել հայկական միջավայրում եւ աշխատել այստեղ։ Իմ տատիկն ու պապիկը Եղեռնից փրկվելով են եկել Ֆրանսիա։ Ես ավելի սթափ եմ նայում այսօրվա օրվան։ Ընդհանրապես, կարծում եմ, ամեն ինչը միայն ազգությամբ բացատրելը շատ խաբուսիկ է»,- համոզված է երիտասարդ լուսանկարչուհին։ Թուրքիայում եղած ժամանակ նա լուսանկարել է Անիի տաճարը։ «Ես ցավով եմ նայում, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունն օգտագործում հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են իրենց տարածքում։ Եթե ես գնայի Թուրքիա որպես հայ, նրանք դժվար թե կարողանային պահպանել չեզոքությունը,- ասում է նա եւ վստահորեն աvելացնում,- Աշխարհի բարիքներից օգտվելն առաջին հերթին ինձ է հարկավոր, դրանց ծանոթանալով ես կարող եմ պիտանի լինել աշխարհին»։