Բաղադրությունը: Ջուր` 92-93%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,09-0,1%, ածխաջրեր` 4,4-4,6%, աղեր` 1,9-2%, բջջաթաղանթ` 1,1-1,2%, մոխրացող նյութեր` 0,5-0,6%, շաքարներ` 6-8%, պեկտիններ` 0,9-1,8%, օրգանական թթուներ, նաեւ վիտամին B1, B2, PP, B9, աղեր, այլ վիտամիններ:
Կիրառությունը: Արաբ բժիշկներն անվստահությամբ են վերաբերվել սմբուկին եւ համարյա չեն օգտագործել բուժական նպատակներով` բացառությամբ Ամիրդովլաթ Ամասիացու: Ըստ նրա` բադրիջանով եփված ջուրը խմելու դեպքում մաքրում է միզատար ուղիները, իսկ քացախով եփված վիճակում բացում է լյարդի եւ փայծաղի խցանումը: Ընձյուղների եւ տերեւների փոշին օգնում է թութքի բուժմանը, իսկ յուղը` ցրտից ոտքերին ու ձեռքերին առաջացած ուռուցքների բուժմանը: Մոխիրն օգտակար է կիրառել չարորակ գոյացությունների ու բշտիկների դեմ: Դեղին սմբուկի մեջ լցնում են դդմի յուղ, խորովում եւ դրանց քամված յուղը կաթեցնում են ականջի մեջ. այն անմիջապես կտրում է ականջացավը: Եթե մանր սմբուկները եփվեն աղի ջրի մեջ, ջուրը քամվի ու խառնվի հավասար քանակով ձիթապտղի յուղի հետ եւ նորից եփվի` միչեւ ջրի գոլորշիանալը, մնացած յուղային մասը քսելով գորտնուկներին` կվերացնեք դրանք: Իսկ եթե դեղին բադրիջանը եփվի կտավհատի ձեթի հետ, քամվի ու խառնվի դեղին մոմի հետ եւ այնուհետեւ քսվի կրունկների ու ձեռքերի ճաքերին` կբուժի: Սմբուկը դրական ազդեցություն է թողնում արյունաստեղծ օրգանների վրա: Տերեւները պարունակում են մեծ քանակությամբ ռիբոնուկլեինաթթուներ, դեզօքսմիռիբոնուկլեինաթթուներ, որոնք մեծ դեր են խաղում սպիտակուցների բիոսինթեզի պրոցեսներում:
Սմբուկի բաղադրության մեջ գտնվող մանգանը բարելավում է ճարպերի յուրացումը, կանխում լյարդի ցիռոզը, ուժեղացնում է ինսուլինի ակտիվությունը, որի հետեւանքով արյան մեջ շաքարի տոկոսն իջնում է:
Բադրիջանը կանխում ու բուժում է աթերոսկլերոզը, աղերի կուտակումը, երիկամների հիվանդությունը: Քանի որ հում պտուղները որոշ թունավոր միացություններ ունեն, սմբուկը պետք է օգտագործվի միայն ջերմային մշակման ենթարկվելուց հետո: Պտուղները կարելի է չորացված վիճակում պահել ձմռան համար: