Ձեռքդ դիր գլխիս

28/01/2007

Փաստորեն ճիշտ էին ասում, որ ՀՀ արդարադատության նախարարը երեխա ժամանակ վունդերկինդ է եղել։ Դավիթ Հարությունյանն, ըստ երեւույթին հիշելով ուսանող ժամանակները, լավ էր պատրաստվել վարչապետի մոտ նախարարությունների եւ պետական կառավարման մարմինների 2006թ. գործունեության հաշվետվություններին։ Եվ դարձավ այս տարվա առաջին պաշտոնյան, որին վարչապետը «5» նշանակեց։ Ինչպես նշվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ, քննարկումների արդյունքում, նկատի առնելով տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքների մեծ ծավալն ու կատարման որակը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ Արդարադատության նախարարության 2006թ. գործունեությունը գնահատել է գերազանց: Երեկ հաշվետվություններ են ներկայացրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։ Նրանց գերատեսչությունների աշխատանքը գնահատվել է «լավ»։