Աշխարհի տարբեր երկրների մամուլն անդրադարձել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը, որին, տարբեր աղբյուրների համաձայն, մասնակցել է մոտ 100 հազար մարդ: Լոնդոնում լույս տեսնող «Թայմս» թերթը մեջբերել է թուրք մեկնաբան Մեհմետ Ալթանին, ով ասել է. «Հսկան արթնացավ այսօր: Առաջին անգամ թուրք ժողովուրդն ընդունեց մի կեցվածք, որը հեռու է քարոզչությունից, որի ազդեցության տակ է նա սովորաբար գտնվում: Մահվանից հետո մենք տվեցինք նրան այն, ինչ չէինք կարող տալ կենդանության օրոք»: «Լոս Անջելես Թայմսը» ծավալուն հոդված է տպագրել Հրանտ Դինքի հուղարկավորության մասին` մեջբերելով 55-ամյա թուրք շինարար Զեյնեփ Չաթիկին. «Ես այնպիսի զգացում ունեմ, կարծես կորցրել եմ եղբորս: Թուրքիան կորցրեց իր առանցքային արժեքներից մեկը»: «Ազատություն» ռ/կ-ի վկայությամբ՝ բրիտանական «Գարդիանն» էլ փաստել է, որ Դինքի սպանության հետեւանքով Թուրքիայում բանավեճ ծավալվեց խոսքի ազատության շուրջ: «Դինքի սպանությունը նշանավորում է արմատական ազգայնականության նոր ալիք»,- այսպես է վերնագրել իր հոդվածը «Այրիշ թայմս» իռլանդական թերթը: «Ֆայնենշլ թայմս» օրաթերթն արձանագրել է, որ թեեւ Դինքը հետեւողական ջանքեր է գործադրել, որպեսզի թուրքերը բանավեճ ծավալեն Հայկական հարցի շուրջ, նա երբեմն նաեւ քննադատում էր գերազանցապես Ամերիկայում եւ Ֆրանսիայում բնակվող սփյուռքահայերին՝ Ցեղասպանության ճանաչումը պնդելու համար: Անգլիական պարբերականը փաստում է, որ «իր մահով Դինքը քննադատական մտածողության հազվադեպ պահ առաջացրեց թուրք ազգի մոտ»: