Ով է դեմ, ով՝ ոչ

28/01/2007

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շուրջ երեկ տեսակետներ են հնչել Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում։ Սկսենք վերջինից։ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն, մեկնաբանելով հաղորդումներն այն մասին, որ Սամցխե Ջավախքի տարածաշրջանի բնակչությունը դեմ է այդ նախագծին, ասել է. «Այդ նախագիծը նշանակում է, որ Ախալքալաքում կներդրվի գրեթե 300 մլն դոլար, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին, խոսքը նախեւառաջ տարածաշրջանի եւ Թբիլիսիի միջեւ հաղորդակցությունների վերականգնման մասին է»։ Ըստ Արվելաձեի, նախագծի իրականացումը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման վրա: Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու է Միխայիլ Սահակաշվիլիի, Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թբիլիսիում կայանալիք առաջիկա հանդիպմանը:

Մյուս երկու հայտարարություններն արվել են ամերիկացիների կողմից։ Մեկնաբանելով այն մտահոգությունները, որ երկաթգծի կառուցումը Հայաստանին դուրս է թողնում տարածաշրջանային ծրագրերից եւ մեկուսացնում նրան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլիներ, եթե Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթգիծն անցներ Հայաստանի տարածքով։ Սակայն եթե Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նախագիծն իրականացնեն իրենց միջոցներով, առանց ԱՄՆ-ի օգնության, ամերիկացիները չեն կարող խոչընդոտել դրա իրագործմանը։ «Միացյալ Նահանգները կարեւոր է համարում եւ խրախուսում է Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացները, դրանք համարում է տարածաշրջանային կայունության հիմնական երաշխիք, բայց արգելել Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը Նահանգները չի կարող»,- Երեւանում հայտարարել է Է. Գոդֆրին։

Իսկ նրա հայրենակիցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, այս առնչությամբ ասել է, որ կա ԱՄՆ-ի Կոնգրեսի դիրքորոշումը, որով կառավարությանն արգելվում է ֆինանսական օգնություն ցուցաբերել նախագծի իրացմանը: Սակայն, քանի որ հայտարարությունն արվել է Բաքվում, Բրայզան խոսքը շարունակել է հետեւյալ նախադասությամբ. «Բայց վարչակազմի դիրքորոշումն այլ է՝ մենք սկզբունքորեն դեմ չենք նախագծի իրացմանը: Դրա հետ մեկտեղ մենք չենք կարող դրան որոշակիորեն աջակցել Կոնգրեսի որոշման պատճառով»։

Մինչ Բրայզային եւ ամերիկյան վարչախմբին Հայաստանի մեկուսացմանը «սկզբունքորեն դեմ չլինելու» համար մեղադրելը, ընթերցողին խորհուրդ կտայինք հիշել նաեւ մերոնց կարծիքները։ Մասնավորապես, ոչ շատ առաջ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեւորգ Ղարիբջանյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել այդ նախագծին։ Այնպես որ, եթե մի քիչ էլ բարյացակամ լինենք, չի բացառվում, որ ԱՄՆ Կոնգրեսն էլ փոխի իր դիրքորոշումը՝ կովկասցիների աչքում վատամարդ չդառնալու համար։