Երբ հեռուստաէկրանին տեսնում եք Ջորջ Բուշին կամ մտածում նրա մասին, դժվար թե ձեր գլխում հայտնվի «ինտելեկտուալ» բառը։ Բուշը սովորել է լավագույն ուսումնական հաստատություններում, որոնք կարելի է ավարտել ընտանիքի ունեցած մեծ փողերով, առանց գրքերի վրա գլուխ կոտրելու։ Դպրոցում Բուշը ստեղծել էր բեյսբոլի թիմ, որը կոչել էր «Տղամարդիկ», իսկ Իեյլի համալսարանում նա հայտնի էր նրանով, որ կարողանում էր «կոկորդիլոս» անել։ Պար, որի ընթացքում մարդն ընկնում է գետնին եւ պտտվում շրջանով։ Հարվարդի բիզնես դպրոցում նա հիշվում է կովբոյական երկարաճիտ կոշիկներով եւ ծխախոտ ծամելով։
Մի քանի ամիս առաջ այս «փառահեղ տղային» հիացրել է հրեա ինտելեկտուալ Նաթան Շարանսկու «Ի պաշտպանություն ժողովրդավարության։ Ազատության ուժը ահաբեկչության եւ բռնակալության դեմ պայքարում» գիրքը։ Այն Բուշին դուր է եկել մի պարզ պատճառով։ «Այս գիրքը ձեզ պատկերացում կտա այն մասին, ինչ ես խոսում եմ, դրա համար խորհուրդ եմ տալիս կարդալ այն»,- «Թայմ» հանդեսին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Շարանսկու գրքում երեք գլխավոր հիմնադրույթ կա։ Առաջին՝ Ամերիկան չի կարող հանդուրժել բռնատիրական ռեժիմները (օրինակ, Սաուդյան Արաբիայի ռեժիմը), որոնք փորձում են կայունություն պահպանել իրենց երկրների ներսում՝ միաժամանակ «արտահանելով ատելություն»։ Երկրորդը՝ ժողովրդավարությունը ագրեսիայից պաշտպանվելու լավագույն միջոցն է։ Երրորդը՝ աշխարհը բաժանվել է չարի եւ բարու միջեւ։
Շատ քաղաքագետների նյարդայնացնում է այն, որ Բուշն աշխարհը տեսնում է միայն սեւ-սպիտակ։ Նրա` Շարանսկու գրքով հիանալով պարզ է դառնում, որ Բուշն իր այդ աշխարհայացքը կպահպանի նաեւ երկրորդ ժամկետի ընթացքում։ Շարանսկին աշխարհը սեւ-սպիտակ է տեսնում` իբրեւ սեւի եւ սպիտակի, ազատ եւ անազատ հասարակությունների հակադրություն։ Նա իրավունք ունի եւ այդ իրավունքը վաստակել է իր հերոսական անցյալում, երբ խորհրդային այլախոհ էր։
Բուշի քննադատները մի կարեւոր դիտողություն են անում։ Ժողովրդավարությունը դժվար թե խաղաղություն բերի, եթե այն ընկալվում է իբրեւ անարդարություն։ Շարանսկին գտնում է, որ պաղեստինցիների ցասումը արհեստականորեն ստեղծել են պաղեստինյան եւ արաբական վերնախավերը, որոնք օգտագործում են այդ հույզերն իշխանությունը պահելու համար։ Եվ որպեսզի պաղեստինցիները դառնան խաղաղասեր, նրանցից առաջին հերթին պետք է ժողովրդավարներ պատրաստել։ Շարանսկին հաշվի չի առնում, որ ժողովրդավարությունը նրանց կարող է տալ ցասումն արտահայտելու այլ ձեւեր, ասենք` օրինակ, տեղական ընտրություններում ձայն տալ «Համասին»։ Եթե Բուշը Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու լուրջ մտադրություններ ունի, պետք է լսի Շարանսկուց ավելի օբյեկտիվ քաղաքագետի։
Վերջապես անհնար է աշխարհում բարիք տարածել, եթե ինքդ չես գործում այդ չափանիշներով։ Շարանսկին իր հեղինակությունը վատնել է պաղեստինյան հարցում, քանի որ լռել է պաղեստինցիների տառապանքի մասին։ Երբ Բուշը խոսում է ձերբակալվածների ազատագրման մասին, մնացյալ աշխարհը հիշում է Գուանտանամո ամերիկյան բազայի բանտարկյալներին։
Բուշի նոր դոկտրինայի ամենամեծ խնդիրն այն է, որ ինքը հարկավոր չափով չի հետեւում ժողովրդավարության սկզբունքներին։