Երեկ Բաքվի օդանավակայանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է կառուցողականորեն ու մանրակրկիտ: «Մենք ուրախ ենք նշելու, որ երկու կողմերն էլ շատ կառուցողական ավանդ են ներդնում մեր ջանքերում»,- ասել է նա` ավելացնելով, որ վերջին մեկուկես տարում ինքն իր գործընկերների հետ խաղաղ գործընթացի շրջանակներում աշխատում է տարբեր առաջարկների վրա: «Մեր գործը խաղաղության հիմքի կառուցումն է, ինչը շատ տեւական գործընթաց է»,- ասել է Բ. Ֆասիեն: Ի պատասխան այն հարցին, թե` աշխատանքներ կատարվո՞ւմ են արդյոք հաշտության պայմանագրի վրա, Ֆասիեն ասել է. «Իհարկե, բայց դա կախված է ձեռք բերված տեղաշարժերի շարունակումից ու ամրապնդումից: Մենք չէ, որ ստորագրելու ենք խաղաղ համաձայնագիրը: Ամեն ինչ կախված է ձեր ղեկավարների քաղաքական կամքից: Մենք միայն ջանում ենք օգնել նրանց, բայց վերջին խոսքը նրանցն է»: Իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ հավելել է, թե` 2007 թվականին հնարավոր է հաշտության պայմանագրի ստորագրումը, սակայն նախ պետք է լուծվեն մի քանի հիմնախնդիրներ: