Վախ` վրեժից

28/01/2007

Հունվարի 23-ին Հայաստանի մասին ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւում հատուկ անդրադարձ կա ՀՀ Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության գործունեությանը. «Վեհաժողովն ափսոսանքով է նշում այն փաստը, որ դեռ շարունակում են ստացվել բողոքներ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, հատկապես` ոստիկանությունում պահման ընթացքում, ինչպես նաեւ բողոքներ ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից կատարվող շորթումների վերաբերյալ: Լայնատարած անպատժելիության մասին տպավորությունը շարունակում է ամրապնդվել ի հաշիվ այն բանի, որ քիչ թվով բողոքներ են ներկայացվում, որոնց արդյունքում ոստիկանության աշխատակիցները մեղավոր են ճանաչվում իշխանության չարաշահման կամ լիազորությունների սահմանազանցման մեջ, եւ, որ այդ բողոքների համեմատ ավելի մեծաթիվ են այն մեղադրանքները, որոնց կապակցությամբ բողոքներ չեն ներկայացվում` դրդված վրեժխնդրության վախից: Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ օրենսդրության մեջ վերջին շրջանում կատարված կամ ներկայում կատարվող բարեփոխումները եւ հույս է հայտնում, որ դրանք թույլ կտան բարելավել Հայաստանի ոստիկանության համբավը եւ ամրապնդել ոստիկանության գործունեության նկատմամբ ժողովրդավարական հսկողության երաշխիքները: Վեհաժողովն ընդգծում է, որ իրավունքի գերիշխանությամբ կառավարվող պետություններում քրեական հանցանքներ գործած ոստիկանների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելը բավարար չէ, եւ, որ նրանց նկատմամբ պետք է հարուցվեն նաեւ քրեական գործեր»: