Մենք մեզ համարում ենք ամենահին քրիստոնյա ազգերից մեկը, սակայն անգամ ամենատարրական հարցերում չենք հետեւում հավատքին: Օրինակ, Ավետարանի երրորդ պատվիրանն է` «Կուռքեր մի ստեղծիր»:
Սակայն այնքան կուռքեր, ինչքան հայերն են ստեղծում, երեւի թե չեն ստեղծել անգամ կռապաշտ ազգերը հեթանոսական ժամանակաշրջանում: Ընդ որում, խորհրդային ժամանակաշրջանում ամենուրեք աթեիզմ էր քարոզվում եւ միակ կուռքը Կոմկուսն էր՝ իր մի քանի առաջնորդներով: Իսկ այսօր, երբ թվում է, թե ոչ մի խնդիր չկա մեր ժողովրդին ճիշտ կրթելու համար, բացի այն, որ աղանդների քանակը սնկի պես աճում է, դրան գումարած էլ, իրենց հայ քրիստոնյա համարողներն էլ այնքան կուռքեր են ստեղծում, որ մի պահ թվում է, թե մենք հին Եգիպտոսում կամ, ասենք, Ացտեկների երկրում ենք ապրում: Սկսած մեր «աստղ» երգիչ-երգչուհիներից, որոնք, իրականում, այնքան անգրագետ են, որ անգամ իրենց հարցազրույցներում երկու բառ չեն կարողանում իրար հետ կապել, վերջացրած՝ բազմաթիվ կուսակցությունների ամբիցիոզ առաջնորդներով, Հայաստանում կուռք են դառնում: Այդ հարցում մեղավոր են եւ՛ պետությունը, եւ՛ եկեղեցին, եւ՛ հասարակությունը, եւ՛ դպրոցը: Բայց խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելն է, այլ իրավիճակը շտկելը:
Քանի որ այս տարին նախընտրական է, ապա, բնականաբար, առաջին հերթին կխոսենք քաղաքական «կուռքերի» մասին: Եվ եթե խոսքը գնաց քաղաքական կուռքերի մասին, ապա անարդարացի կլինի չնշել հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուռքի` Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, որն, ի տարբերություն այսօրվա կուռքերի, ժամանակին ողջ ազգի կուռքն էր: Սակայն տարիների ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը կուռք մնաց միայն իր թիմակիցների համար: Անկախացումից ի վեր, Հայաստանում նման դեպք այլեւս չի գրանցվել, բացառությամբ 1998-99թթ., երբ Կարեն Դեմիրճյանը կրկին դարձավ ողջ հայ ազգի կուռքը: Բայց հայտնի դեպքերից հետո ժամանակն իր խոսքն ասում է, եւ այսօր արդեն նման կուռքեր չկան: Բայց կան այլ կուռքեր, որոնց, անձամբ ես, չգիտեմ ինչպես ընկալել` որպես կատակերգությո՞ւն, թե՞ ողբերգություն: Որովհետեւ, եթե Տիգրան Կարապետիչին ուղիղ եթերում կարող են անվանել Աստծո եղբայր, ապա ես կարող եմ մի փոքր փոխել Լենինի բառերը` «Արմյանսկայա պոլիտիկա – օպիում դլյա նարոդա». Արթուր Բաղդասարյանն էլ, կարծես, «ֆանատիկների» պակաս չի զգում: Բայց, ի տարբերություն Տիգրան Կարապետիչի, պարոն Բաղդասարյանը միայն իր կուսակիցներին է «երգացնում»: Դաշնակների կուռքն արդեն երկար տարիներ զենքն էր: Բայց վերջին տարիներին պարզվեց, որ նրանց կուռքը փողն է` բացառապես բաղնիքների, պոլիկլինիկաների, սրճարանների եւ շուկաների տեսքով: Հայաստանի հեռուստատեսությունների կուռքը վերջին ինը տարիների ընթացքում միայն Ռոբերտ Քոչարյանն է: Բայց նրանց կուռքը փոփոխական է: Տասը տարին մեկ կուռքերը փոխվում են (եթե մենք լինեինք գոնե մի քիչ ժողովրդավարական երկիր, ապա այն կարող էր փոխվել նաեւ հինգ տարին մեկ): Հանրապետականների կուռքերը շատ են` գրեթե բոլոր ընտրովի եւ նշանակովի պաշտոնները: Հետաքրքիր իրավիճակ է «Ազգային Միաբանությունում»: Նրանց բոլորի կուռքը Արտաշես Մամիկոնովիչն է, որն էլ իր հերթին ունի շատ կուռքեր` բոլոր հույն փիլիսոփաները, մեկ զրոյով պակաս գումարը եւ անձամբ ինքը: Արամ Գասպարիչի կուռքն Արա Աբրահամյանն է, որը համատեղության կարգով նաեւ հովանավոր է: Մարդ կա, որի կուռքը սիգարետն է, բայց ձեւեր է թափում, թե գիրքն է: Իրականում ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, այլ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վոլոշինը: Վազգեն Սաֆարյանի կուռքը Միխայիլ Բաղդասարովն է, որի կուռքը վառելիքն է: Հատկապես` ավիավառելիքը: Գյուղացիների կուռքը «Բարգավաճ Հայաստանն» է, իսկ «գեղցիներինը»` «Համմեր» ավտոմեքենան: Ասում են, որ «Բարգավաճ Հայաստանը» դարձել է նաեւ վճարովի հիմունքներով սովորող ուսանողների կուռքը: Ստեփան Դեմիրճյանին միայն թվում է, որ ինքը լայն զանգվածների կուռքն է: Բայց ֆիզիկայի օրենքներն ինձ հուշում են, որ իներցիան երկար չի կարող շարունակվել: Դա պետք է, որ Ստեփան Կարենիչն էլ իմանա: Հեչ որ չլինի՝ «պոլիտեխնիկն» է ավարտել: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Բայց ես հո պեսիմիստ չե՞մ: Ես նույնիսկ իրատես չեմ: Ես լավատես եմ: Եվ տեսնում եմ, որ մոտ ապագայում մեր երեխաների կուռքերը չեն լինի չեզոք սեռի երգիչ-երգչուհիները, կամ «գաիշնիկն» ու սափրագլուխը: Իսկ քաղաքական գործիչները կդառնան նաեւ պետական գործիչներ, ոչ թե «բոմժերի» պես սրանից-նրանից փող կմուրան՝ դառնալով «վարժեցրած» քաղաքական գործիչներ: Որովհետեւ իսկապես անկախ երկրի քաղաքացիները, անկախ իրենց տարիքից եւ գործունեության ոլորտից, պետք է հպարտ լինեն, հատկապես, որ իրենք այդ անկախության սերունդ են: