Նորից ուրվական է շրջում Եվրոպայում

28/01/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽ ԽՎ) հունվարի 23-ի երեկոյան «Էներգետիկ ռեսուրսների օգտագործման վտանգավորությունը իբրեւ քաղաքական ճնշում գործադրելու միջոց» թեմայով մի արձանագրություն է ընդունել, որտեղ ԵԽ ԽՎ-ն հույս է հայտնել, որ էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարներից մեկը` Ռուսաստանը, կմիանա Եվրոպական էներգետիկ խարտիային: Վերոնշյալ փաստաթղթում նշվում է ՌԴ-ի եւ այն երկրների միջեւ կայուն ու ամուր հարաբերությունների անհրաժեշտության մասին, որոնք ամենաշատն են կախված ռուսական էներգետիկ ռեսուրսներից:

ԵԽ ԽՎ-ն նաեւ քննադատել է անցյալ տարվա հունվարին ՌԴ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող գազի սահմանափակման հետ կապված միջադեպը: Բացի այդ, եվրոպական պատգամավորները մտահոգիչ են համարել այն, որ, իրենց կարծիքով, էներգակիրների գները ձեւավորվում են ոչ շուկայական սկզբունքներով: ԵԽ ԽՎ-ն Եվրախորհրդի անդամ բոլոր 46 երկրներին կոչ է արել միանալ Եվրոպական էներգետիկ խարտիային, էներգառեսուրսների մատակարարման ոլորտում կատարել միջազգային պարտավորությունները, էներգետիկ հատվածում հետամուտ լինել շուկայական տնտեսության սկզբունքներին, երրորդ երկրներին թույլ տալ մոտենալ գազատարին:

Էներգետիկ ռեսուրսների օգտագործման վտանգավորության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը: Նա նշել է, որ հարցը հատկապես կարեւոր է Հայաստանի համար, որը հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մշտապես զգում է այդ ճնշումը: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը կառուցվում են՝ շրջանցելով Հայաստանը: Հարեւան երկրները տարանցումն օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ մեկուսացնելով Հայաստանը տարածաշրջանի տնտեսական ծրագրերից: Տնտեսական ճնշումը վերաճում է քաղաքական ճնշման՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում:

Մինչդեռ Եվրոպան իր մտահոգության կենտրոնը տեղափոխում է էներգետիկ հսկայի` Ռուսաստանի վրա: ԵԽ ԽՎ լիագումար նիստին զուգահեռ, շվեյցարական Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նիստը: Հունվարի 22-ին ֆորումի փորձագետները սենսացիոն զեկույց էին ներկայացրել: Նրանց կանխատեսումներով, արդեն մեկ տարի հետո աշխարհի քարտեզի վրա նորից կհայտնվի ԽՍՀՄ-ը: Եվ այս ամենը` նավթի բարձր գների պատճառով: Իրենց զեկույցում Դավոսյան ֆորումի մասնագետները երկրագնդի բնակչությանը զգուշացնում են, որ 2008թ. նավթը կարող է երեք անգամ թանկանալ` հասնելով մեկ բարելի դիմաց 150 դոլարի (այժմ նավթի միջազգային գինը մոտ 50 դոլար է): Նավթի գնի նման թռիչքը կհանգեցնի բենզինի եւ գազի թանկացման եւ, վերջիվերջո, կբերի, փորձագետների կարծիքով, ավելի լուրջ հետեւանքների: Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, ֆորումի մասնագետները հնարավոր են համարում, որ «սեւ ոսկի» արտահանող եւ սպառող երկրների միջեւ «մերոնց` ավելի էժան» սկզբունքով քաղաքական միություններ կձեւավորվեն: Նման միությունների ձեւավորման մեջ, բնականաբար, կարեւորագույն դեր պետք է ունենա հենց Ռուսաստանը: Դավոսյան ֆորումի փորձագետները գտնում են, որ եթե նման քաղաքական միավորումներ ձեւավորվեն, ապա Ռուսաստանին առաջին հերթին կմիանան Հայաստանը, Ուզբեկստանը եւ, որքան էլ տարօրինակ է, Վրաստանը: Գիտնականների համոզմամբ, այս երեք երկրներն արդեն ունեն էներգակիրների դեֆիցիտ, եւ այն կսրվի, եթե նավթի համաշխարհային գինն աճի:

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չափազանցված է համարում Եվրոպայի նման մտահոգությունը: «Ես չեմ կարծում, որ ԽՍՀՄ-ը կարող է վերաձեւավորվել: Չեմ տեսնում դրա ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական հիմքերը: Որպես տնտեսագետ ասեմ, որ եթե այսօր խոսում ենք երկրների փոխկախվածության մասին, ապա սա բնական փոխկախվածություն եւ փոխպայմանավորվածություն է` հիմնված Սմիթի, Ռիկարդոյի եւ Պորտերի տեսությունների վրա, երբ լավագույնս օգտագործվում են ազգային մրցակցային առավելությունները: ԽՍՀՄ-ի վերադարձը չի կարող լինել, քանզի ամբողջ աշխարհում համակարգն այնպիսին է, որ փակ համակարգեր ստեղծել, աշխատասենյակում գրել, թե որտեղ եւ երբ ինչ պետք է արտադրվի, իսկական աբսուրդ է: Թեեւ Ռուսաստանի հզորությունն ու ՌԴ-ից կախվածությունն ակնհայտ է (ոչ միայն ԱՊՀ-ի, այլեւ եվրոպական երկրների), բայց դա ամենեւին չի նշանակում, որ այն կարող է վերածվել քաղաքական կախվածության»,- մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը: «Ինչ վերաբերում է էներգետիկ կախվածությանն ու էներգետիկ միության ձեւավորմանը, ապա բազմիցս գրել եմ, որ գոնե տեխնիկապես տարածաշրջանում միասնական էներգահամակարգ ձեւավորելու հնարավորությունները պահպանվում են: Եվ սա վերաբերում է ոչ միայն կովկասյան երեք հանրապետություններին, այլեւ Թուրքիային»,- ասաց Թ. Մանասերյանը: Նրա համոզմամբ, էներգետիկ համակարգը Հայաստանի տնտեսության «կայացած եւ մրցունակ ճյուղերից է»: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից բացասական երեւույթ համարելով այն վիճակը, որ այսօր տիրում է ՀՀ էներգետիկ ոլորտում` Թ. Մանասերյանն ասաց, որ, մյուս կողմից, հաշվի առնելով այն սկզբունքը, որ աշխարհում չկան երկրներ, որոնք բացարձակ անկախ են (անգամ, եթե դրանք նավթ եւ գազ արդյունահանող եւ արտահանող երկրներ են), ապա Հայաստանի իրավիճակն «ավելի քան բարվոք է»: Պատգամավորը, սակայն, չի ողջունում ՀՀ կառավարության քայլերը` կապված էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների լրիվ մասնավորեցման հետ (անկախ նրանից, թե ովքեր են դրանց սեփականատերերը): Թ. Մանասերյանը կողմնակից է պետության մասնակցությամբ խառը սեփականության ձեւերին, այդ ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասը Հայաստանի կամ Սփյուռքի հանրությանն առաջարկելուն եւ այլն: