Ազգային թշնամանքի գինը

28/01/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հրանտ Դինքի սպանությունն, իհարկե, ազգային թշնամանքի հողի վրա չէր, թեեւ թուրքական եւ միջազգային մամուլում նաեւ այդպիսի մեկնաբանություններ եղան: Այլ կերպ ասած` Հրանտ Դինքին ոչ թե հայ լինելու համար սպանեցին, այլ այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանության հարցն էր բարձրացնում եւ դրանով իսկ ընդդիմանում Թուրքիայի պետական քարոզչությանը: ՈՒ կարելի է չկասկածել` եթե նրա փոխարեն ազգությամբ թուրք որեւէ խմբագիր նույն հետեւողականությամբ բարձրացներ այդ հարցը, նրան նույնպես կսպանեին:

Որպես կանոն, վերջին տարիներին ազգային թշնամանքի հողի վրա հայերին սպանում են միայն Ռուսաստանում: «Ազգային թշնամանքի հողի վրա» ասելով` նկատի ունենք, որ սպանողները հաշվի են առնում ոչ թե զոհի այս կամ այն արարքը, այլ միայն ազգային պատկանելությունը: Ամեն ինչ տեղի է ունենում շատ պարզ. սքինհեդներն օրը ցերեկով շրջում են Մոսկվայի փողոցներով, ու հենց որ միայնակ քայլող «սեւ» են տեսնում, ոհմակով հարձակվում են, սպանում ու «հայրենասիրական» լոզունգներ վանկարկելով հեռանում: Իհարկե, սպանում են ոչ միայն հայերին: Նրանց համար առանձնապես տարբերություն չկա. այնքան որ` ռուս չլինեն: Եվ այս հանգամանքը ՀՀ իշխանություններին թույլ է տալիս մատների արանքով նայել կատարվածին` իբր «դե հո միայն հայերի՞ն չեն սպանում, բոլորին էլ սպանում են»:

Մի քանի օր առաջ էլ հերթական դեպքը տեղի ունեցավ: Յոթերորդ դասարանցի հայ տղայի էին սպանել: Զարմանալին այն է, որ դեպքից մի քանի ժամ անց արդեն ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, թե սպանությունը կատարվել է… «կրիմինալ ռազբորկաների» արդյունքում (հիշեցնենք, որ յոթերորդ դասարանի աշակերտի մասին է խոսքը): Մինչդեռ ականատեսները պատմում են, որ սպանությունը նույնիսկ նկարահանվել է, եւ շատ հավանական է, որ շուտով սպանության տեսագրությունը կհայտնվի սքինհեդների ինտերնետային կայքերից մեկում: Ռուս նեոֆաշիստները հաճախ են այդպես վարվում. նկարահանում են իրենց «ակցիաները», որպեսզի բարձր պահեն ռուս ժողովրդի «հայրենասիրական ոգին»:

Իսկ ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ Ռուսաստանի իշխանությունները: Նրանք ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ ազգային թշնամանքը չարիք է դարձել հենց Ռուսաստանի համար, խոստանում են բացահայտել սպանությունները, եւ այլն: Բայց այդպե՞ս է արդյոք: Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ ցանկության դեպքում իրավապահները շատ արագ կձերբակալեն ոչ միայն սպանություններն իրականացնողներին, այլեւ կազմակերպիչներին: Մանավանդ, որ տեսագրությունները տեղադրված են ինտերնետային կայքերում, իսկ հանցագործները նույնիսկ նեղություն չեք քաշում ծածկել իրենց դեմքերը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը, որպես պետություն, մոտավորապես նույն բանն է անում` բայց` փոքր-ինչ ավելի քաղաքակիրթ մեթոդներով: Ռուսաստանի քաղաքականությունը նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ որեւէ այլ կերպ, քան տեռոր, հնարավոր չէ անվանել: Խոսքն, իհարկե, առաջին հերթին պետականորեն կազմակերպված էներգետիկ տեռորի մասին է: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Իսկ մյուս կողմն այն է, որ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիների նկատմամբ պետական կառույցները վարվում են ճիշտ եւ ճիշտ սքինհեդների բանդաների պես: Դա, որպես կանոն, տեղի է ունենում մոտավորապես այսպես. Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները նախապես մշակված պլանով կայծակնային արագությամբ շրջապատում են որեւէ շուկա կամ տոնավաճառ, փակում բոլոր մուտքերն ու ելքերը, որից հետո դուբինկաներով զինված ոստիկանները վայրենի աղաղակներով ներխուժում են շուկայի տարածք ու սկսում աջուձախ ջարդել բոլորին: Ահավոր վայնասուն է բարձրանում, ով հասցնում է փախչել` փրկվում է, ով չի հասցնում` թեւերը ոլորում են ու խցկում ավտոբուսը: Հետո ավտոբուս է մտնում ավագ սպան, բոլորի գրպանների եղած-չեղածը դատարկում ու բաց թողնում: Երկրորդ խումբն են բերում, թալանում ու բաց թողնում, հետո` երրորդ խումբը, եւ այդպես շարունակ: Իսկ վերջին խմբին բաց չեն թողնում. տանում են բաժին: Այս պետական բանդիտիզմը, հասկանալի է, օրենքի հետ որեւէ կապ չունի, որովհետեւ համազգեստավոր սքինհեդները, միեւնույն է, մարդկանց սկզբում ծեծում են, հետո միայն ստուգում փաստաթղթերը:

Ռուսների մեջ այլատյացությունն, իհարկե, խոր արմատներ ունի: Դեռեւս նախախորհրդային շրջանում ռուսները «հինավուրց, գեղեցիկ ավանդույթ» ունեին` ժամանակ առ ժամանակ մի լավ խմում էին ու սկսում կոտորել հրեաներին: Հիմա, հասկանալի է, ժամանակները փոխվել են, Ռուսաստանը քաղաքակրթվել է, եւ ամեն ինչ օրենքով է արվում: Վերջերս էլ մի օրենք ընդունվեց, ըստ որի` 2007 թ. ապրիլի 1-ից սկսած օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի տարածքում առեւտրով զբաղվելու իրավունք չեն ունենալու: Բան չունենք ասելու, լավ օրենք է: Եթե այն իրականություն դառնա, բազմաթիվ մեր հայրենակիցներ ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ այդ օրենքի ընդունման արդյունքում Ռուսաստանի շուկաներում կովկասցիների թիվը չի պակասելու: Պարզապես պետական բանդիտիզմով զբաղվող ոստիկաններին տրվող կաշառքների չափն է մեծանալու: Այսինքն` «սեւերն» անցնելու են ավելի խոր ընդհատակ, սքինհեդներն ավելի բացահայտ են գործելու, ավելի շատ հայ դպրոցականներ են սպանվելու «կրիմինալ ռազբորկաների» արդյունքում, եւ այլն:

Իսկ մենք ավելի խոր ռեւերանսներ ենք անելու մեր «ռազմավարական դաշնակցին», որովհետեւ Հայաստանն օտարերկրյա տրանսֆերտների հաշվին է գոյատեւում, տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է գալիս: Ոչինչ, թող մի քիչ էլ նվաստացնեն: Հո միայն հայերի՞ն չեն նվաստացնում: