Սահակաշվիլիի PR դափնիները

28/01/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայ հասարակությունը հետամանորյան «զապոյ»-ից ուշքի գալով զարմացավ: Արդեն չորրորդ շաբաթն է, փողոցներում պետավտոտեսուչներ չկան: Ասել, թե կատարվածն անակնկալ էր, ճիշտ չէ: Վերջին ամիսներին հասարակական (անգամ զուտ քաղաքական) քննարկումներում այս մասին շատ էր խոսվում: Հարեւան Վրաստանում նախագահ Սահակաշվիլին իշխանության գալուց հետո լուծարեց Պետավտոտեսչությունը: ժամանակակից բառապաշարով ասած՝ դա հիանալի PR ակցիա էր: Արեւմուտքը Վրաստանի նոր վարչակարգի այս քայլն ընկալեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն: Սեփական բնակչությունը եւս գոհ է: Ավտոտեսուչների փող կորզելու ավանդույթը ձեւավորվել է 60-70-ական թվականներից եւ իր մասշտաբով հասցրել է դառնալ համընդհանուր դժգոհության թիրախ: Հետեւաբար, մերոնք չթաքցված նախանձով էին խոսում Վրաստանի այս քայլի մասին: Վերջապես այն իրականացվեց նաեւ Հայաստանում: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մենք եւս Պետավտոտեսչություն չունենք: Դրան փոխարինելու է Ճանապարհային ոստիկանությունը: Թե ի՞նչ է դա, առայժմ ոչ ոք հստակ չի պատկերացնում: Այլեւս նախկին Պետավտոտեսչությունը հիմնականում երկու գործառույթ էր իրականացնում: Առաջինը կոչվում էր տեխզննում, երկրորդը՝ ճանապարհային երթեւեկության կարգավորում: Այս երկուսն էլ ուղեկցվում էին դրամահավաքությամբ: Ավտոմեքենաների քանակի աննախադեպ ավելացումը եւ անցած տարի փողոցային ամենօրյա խցանումներն ապացուցեցին, որ առաջնայինը դրամահավաքությունն էր: Ոչ թե երթեւեկության կարգավորումը: Որոշված է, որ ավտոտեխզննումն այլեւս պետական մարմնի գործ չէ: Այս ոլորտում դրամահավաքով կզբաղվեն մասնավոր, հատուկ արտոնագիր ունեցող կառույցները: Պարզ է՝ եթե դրամահավաքով զբաղվում է ոչ պետական մարմինը, դա արդեն կոռուպցիա չէ: Ես մի քիչ դժվար եմ հասկանում` փող տվող մարդու համար ի՞նչ տարբերություն` իր փողն ո՞վ է գրպանում՝ պետական պաշտոնյա՞ն, թե՞ մասնավոր անձը: Իմ չհասկանալը, կարծում եմ, կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ դա արդեն կոռուպցիա չի համարվում: Հետո տեխզննումների շրջանը Հայաստանում օգոստոս ամիսն է: Հետեւաբար դա էլ հիմա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ փողոցում ավտոտեսուչներ չկան: Հետեւանքներն առայժմ պարզ չեն: Իմ ծանոթ վարորդներից մեկն ասում է, որ առաջին օրերին իրեն դա հաճելի էր: Իհարկե, անպատիժ խախտում անելու տեսանկյունից: Բայց հիմա խախտումով երթեւեկելը կորցրել է իր հմայքը: Եթե չկա նա, ումից թաքուն ես անում խախտումը, ապա դա դառնում է անիմաստ զբաղմունք: Նախապես խոսվում է, որ ոստիկանի փոխարեն երթեւեկությանը հետեւելու է տեսագրող մի համակարգ: Այսինքն, վերահսկողությունն իրականացնելիս բացառվելու է մարդկային գործոնը: Թե ո՞վ եւ որքա՞ն է վճարելու այդ սարքավորումների համար՝ պարզ չէ: Ենթադրվում է, որ քաղաքներում եւ մայրուղիների վրա տեսագրող սարքերի ու դրանց արձանագրած տվյալները վերլուծող սարքավորումների արժեքը 20-40 մլն դոլար է կազմելու: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակն արդեն հայտարարել է, որ ՀԲ-ն նման ծավալի վարկ չի տրամադրելու: Եթե համարենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի այս PR ակցիան լավագույնն է, ապա այն անշրջադարձելի կլինի: Հետեւաբար այս կառուցվածքային բարեփոխման համար վաղ թե ուշ վարկատու կգտնվի, քանի որ վրացական օրինակը շատ սիրելի է արեւմուտքի համար: Մյուս կողմից` արդեն ակնհայտ է ներքին դիմադրությունը: 20 օրը բավարար ժամանակ չէ վիճակագրական տվյալներ կազմելու եւ վերլուծություններ անելու համար: Սակայն մամուլում արդեն հրապարակումներ կան, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է թե՛ ավտովթարների, թե՛ տուժածների թիվը: Բայց վիճակագրությունը սոսկական հաշվառում չէ: Այս ոլորտում վերլուծություն անելու համար բազում տվյալներ է պետք համադրել: Եղանակային պայմաններից, տեղումների քանակից` մինչեւ տրանսպորտային միջոցների քանակական աճը: Այն տպավորությունն է, թե ոմանք ուզում են հասարակական կարծիքն ուղղորդել պահանջելու հին կանոնների վերականգնումը: Մյուս կողմից` ակնհայտ է՝ ավտոմեքենաների քանակի աճն իշխանությունների համար լուրջ գլխացավանք է դարձել: Երեւանի քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ արդեն երկրի նախագահն է խոսում մայրաքաղաքի երթեւեկության խնդիրների մասին: Քաղաքի կենտրոնի վայրենի տեմպերով ընթացող շինարարության պարագային անիմաստ է մտածել կենտրոնական փողոցների լայնացման հնարավորության մասին: Իշխանությունները փորձում են մաքսային քաղաքականությամբ կանխել հին արտադրության մեքենաների մուտքը երկիր: Փորձագիտական տվյալներ կան, որ երկիրը կարող է վերածվել հին ավտոմեքենաների գերեզմանոցի: Այս վտանգն առայժմ իրատեսական չի թվում: Փոխարենը բնապահպաններն արդեն խոսում են քաղաքի օդային ավազանի աղտոտվածության անթույլատրելի չափերի մասին: Շինարարությունից հետո ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճի մասին խոսելն իշխանությունների նախընտրած թեման է: Դրանք միասին այն ոլորտներն են, որոնք ի ցույց են դնում երկրի տնտեսության երկնիշ աճը: Երրորդը կարծես չկա: Եվ նրանք լծվել են երթեւեկությունը կարգավորելու գործին: Բազմահարկ խաչմերուկներ կառուցելու խոստումից մինչեւ երթեւեկության արդյունավետ վերահսկում: Առաջին քայլը՝ Ճանապարհային ոստիկանության ստեղծումը վատ PR ակցիա չէ: Ավտոտեսուչների հետ երկրի համարյա ողջ չափահաս բնակչությունն է շփվում: Սակայն այս բարեփոխումն էլ մյուս շատ-շատերի նման հախուռն ու անկազմակերպ է սկսվել: Այն զիջում է վրացական օրինակին: Առաջին հերթին չուղեկցվեց համապատասխան քարոզչական աղմուկով: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ այն ինչ-որ պահից կարող է կասեցվել: Գուցե այս պատճառո՞վ են համաշխարհային վարկատու կազմակերպություններն առայժմ վարանում վարկ տալ: