Ռուսական Կալիգուլա

07/05/2005

Աշխարհահռչակ շախմատիստ, «2008։ Ազատ ընտրություն» ռուսաստանյան կոմիտեի նախագահ Գարրի Կասպարովը, պարզվում է, նաեւ արտահաստիքային թղթակիցն է The Wall Street Journal-ի։ Վերջերս նա մի հոդված է տպագրել հեղինակավոր այդ պարբերականում, որում քննարկել է Ռուսաստանում տիրող իրավիճակն ու Պուտինի վարքագիծը։ Ներկայացնում ենք Կասպարովի հոդվածը՝ մասնակի կրճատումներով։

Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վիկտոր Յուշչենկոյի տարած հաղթանակից հետո նախկին ԽՍՀՄ տարածքի ժողովրդավարական բարեփոխումների խնդիրը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Այն բանից հետո, երբ Կրեմլի հովանավորած թեկնածու Յանուկովիչը փորձեց կեղծել ընտրության արդյունքը, միլիոնավոր ուկրաինացիներ դուրս եկան փողոց՝ նոր ընտրություն անցկացնելու պահանջով։

Նախագահ Բուշն ամենավերջում շնորհավորեց Յուշչենկոյին՝ սպասելով մինչեւ այդ բանը կանի Վլադիմիր Պուտինն՝ այդպիսով ընդունելով, որ Ուկրաինայում ժողովրդավարությունը վերացնելու իր փորձը ձախողվել է։

Պուտինի կարծիքով, Ուկրաինան վտանգավոր օրինակ է այլ երկրների համար։ Պուտինը սեւեռուն կերպով հետեւում է, որպեսզի այնպիսի «սխալներ», ինչպիսիք անկախ դատական իշխանությունն է, հեռուստաալիքներով խոսելու հնարավորություն ունեցող անկախ քաղաքական գործիչներն են, չլինեն Ռուսաստանում։ Ռուսական քաղաքականության մեջ ավելի ու ավելի են ի հայտ գալիս բռնատիրության նշանները։ Ռուս ժողովրդի ճակատագիրը վերահսկելու պայքարի ընթացքում Պուտինը ստեղծել է դատական այնպիսի համակարգ, որ հնարավոր չէ հավատալ արդարադատությանը։ Դատավորների թեկնածուներն ընտրվում են առաջին հերթին Պուտինին անձնապես նվիրված լինելու սկզբունքով։ Խամաճիկային դատական համակարգին լրացնում է խամաճիկային խորհրդարանը։ Ավելին, ծագումով Սանկտ Պետերբուրգից (Պուտինի հայրենի քաղաքից) մարդը, ով չունի դատական մարմիններում աշխատելու ոչ մի փորձ, նշանակվում է Արբիտրաժային բարձրագույն դատարանի նախագահ։ Սա շատ նման է ծանոթ պատմությանը, երբ Կալիգուլան սենատոր է դարձնում իր ձիուն։

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում պոտենցիալ ներդրողներին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովն այնպիսի գույներով էր ներկայացնում իր երկիրը, որ ակամա ուզում էիր այնտեղ ապրել։ Իսկ Վլադիմիր Ռիժկովը, խորհրդարանի փոքրաթիվ անկախ պատգամավորներից մեկը, դավոսյան ֆորումում ուրվագծեց միանգամայն այլ պատկեր, ինչը համընկնում է արտասահմանյան փորձագետների կարծիքին։ Եվ մինչ Ռիժկովը քննադատում էր «կուսակցության գիծը», Գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսեց նրա ընտրական օկրուգում՝ Ալթայի երկրամասում։ Դեռ պարզ չէ, թե Գլխավոր դատախազությունն ի՞նչ է փնտրում, բայց պարզ է, որ նրանք միշտ գտնում են այն, ինչն իրենց պետք է։

Ունեցվածքի անօրինական բռնատիրումը դարձել է քաղաքականության նոր կուրս։ Պետդուման միայն հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի հրամանագրերին։ Քրեական հանցագործություններ քննող դատարաններում կրկին կիրառվում է հին սովետական օրենքը, համաձայն որի` դատարանն իրավունք ունի դատապարտյալի ունեցվածքը բռնագրավելու։ Հետ չեն մնում նաեւ հարկային մարմինները, որոնք այսօր առանց դատարանի վճռի բռնագրավում են ընկերությունների ունեցվածքն ու ֆինանսական միջոցները։

Հատկանշական է, որ արեւմտյան պետությունների ղեկավարները նախընտրում են չխոսել Ռուսաստանի դեպի դեսպոտիզմ գնալու մասին։ Առավել քննադատաբար են մոտենում արեւմտյան իրավապաշտպան կազմակերպություններն ու Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովը։ Ակնհայտ է արեւմտյան իրավապաշտպանների եւ արեւմտյան կառավարությունների արձագանքների տարբերությունը։

Կրեմլին չի հուզում արեւմտյան երկրների կարծիքը, առավել եւս, որ նրանք չունեն միասնական մոտեցում։ Արեւմուտքը փորձ անգամ չարեց հետաձգել «Մեծ յոթնյակի» ղեկավարների 2006-ին Մոսկվայում նշանակված հանդիպումը։ Նկատի ունենալով Ռուսաստանի ներկա իրավիճակը, այդ հանդիպումը ծաղր է լինելու։

Վերջերս Պետդուման օրենք է ընդունել, համաձայն որի` կարող են պատժվել արտասահմանյան այն քաղաքացիները, ովքեր «անհարգալի վերաբերմունք ունեն ռուսական պետության նկատմամբ»։

Զանգվածային լրատվամիջոցների ֆեդերալ գործակալության ղեկավարը վերջերս հայտարարել է, որ ժամանակն է վերահսկողություն սահմանել ինտերնետի ռուսալեզու հատվածի վրա։ Իշխանությունները չեն հանդուրժում Պուտինի եւ նրա ռեժիմի դեմ հնչող քննադատությունը։ Շատ շուտով Ռուսաստանը կարտահանի ավելի շատ գրաքննություն եւ բռնաճնշումներ, քան նավթ ու գազ։

Վերջերս Ռուսաստանի քաղաքներում ուսանողներն ու թոշակառուները բողոքի ցույցեր արեցին։ Առողջ ժողովրդավարական հասարակություններում միշտ գտնվում են քաղաքական գործիչներ, ովքեր ստանձնում են բողոքի ակցիաների ղեկավարումը։ Ամենուրեք, բայց ոչ Ռուսաստանում, որտեղ Կրեմլի դեմ խոսողները բազմաթիվ տհաճություններ են ունենում։ Այլ մարդկանց կարծիքը նշանակություն չունի, կարեւոր է միայն Պուտինի կարծիքը։

Ազատ երկրներում ծնված մարդիկ մտածում են, թե մենք չափազանց ուռճացված ենք ներկայացնում Ռուսաստանի ներկա իրավիճակը, թեեւ իրական պատկերն ավելի վատն է։ Եվ այդ մարդիկ, տեսնելով Պուտինին «Մեծ յոթնյակի» հետ մի սեղանի շուրջ, ենթադրում են, թե նա այնքան էլ վատը չէ։

Այս հոդվածն օգնության կանչ չէ, այլ նախազգուշացում, թե Ռուսաստանին սպասում են լուրջ փոփոխություններ եւ մեծ իրադարձություններ։ Ռուսաստանցիների համբերության բաժակը լցվում է։ Այլ հարց է, թե Արեւմուտքը գալիք ճակատամարտում ում կողմից է լինելու՝ Ռուսաստանի ժողովուրդների՞, թե՞ Խթը-ի։