Անցյալ տարի, երբ Ռուսաստանն արգելեց Վրաստանից եւ որոշ չափով նաեւ Մոլդովայից գինու ներմուծումը, Հայաստանի պաշտոնյաներն ու գինեգործներն ուրախացան: Նրանք հուսով էին, որ դրանից հետո կավելանա մեր երկրից Ռուսաստան գինու արտահանումը: Այսինքն՝ հայ գինեգործները կօգտվեն այդ առիթից, եւ Վրաստանի ու Մոլդովայի փոխարեն այդ շուկայում իրենք տեղ կզբաղեցնեն:
Սակայն 2006թ. սկզբին Ռուսաստանը մեր գինեգործների եւ ընդհանրապես ալկոհոլային խմիչք արտադրողների համար նոր անակնկալ էր պատրաստել՝ փոխել էր ակցիզային համակարգը: Եվ Ռուսաստան ալկոհոլային խմիչք արտահանելու համար արտադրողներն այդ երկրից նոր ակցիզներ պետք է ստանային: Նոր ակցիզներ պատրաստելու եւ արտադրողներին տրամադրելու գործընթացը տեւեց կես տարուց ավելի: Պարզ է, որ այդ ընթացքում ոչ միայն Հայաստանից, այլեւ որեւէ այլ երկրից Ռուսաստան խմիչք չի արտահանվել: Արտադրողները նոր ակցիզները ստացան միայն 2006թ. վերջին եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հասցրեցին արտահանել: Ճիշտ է, մինչ նոր ակցիզային համակարգին անցնելը մեր արտադրողներն այդ մասին լսել էին ու հունվար-փետրվար-մարտ ամիսներին հասցրել էին նախատեսվածից ավելի մեծ խմբաքանակ արտահանել, սակայն այդ երկարատեւ փոփոխության պատճառով 6-7 ամիս Հայաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչք չարտահանվեց: Եվ կանխատեսումները, թե 2006թ. դեպի Ռուսաստան խմիչքի արտահանումը կտրուկ կավելանա՝ չարդարացան: Բայց գինեգործները հավատացնում են, թե արտահանումը որոշ չափով, այնուամենայնիվ, ավելացել է: «Մենք տարեվերջին հասցրեցինք այնքան արտահանել, որ 2006թ. ցուցանիշը մոտ 30 տոկոսով գերազանցեց 2005թ. արտահանմանը»,- ասում է «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը:
Նույնը հավատացնում են նաեւ Իջեւանի գինու գործարանից: Մեր զրուցակիցները համոզված են, որ իրենք անցյալ տարի ավելի շատ կարտահանեին, եթե չլիներ ակցիզային այդ խոչընդոտը: Արտահանման ավելացումը նրանք կապում էին ոչ այնքան շուկայից հարեւան երկրների դուրս գալու, որքան հայկական գինու արդեն ճանաչված դառնալու հետ: Իսկ փորձագետները նշում են, թե հայկական գինին չի կարող փոխարինել վրացական ու մոլդովական գինիներին: Որքան էլ ցավալի է, մեր գինին իր համային ու որակական հատկանիշներով ավելի ցածր է գնահատվում: Որքան էլ մենք մեզ ավանդական գինի արտադրող երկիր համարենք, միեւնույն է, աշխարհը հայկական գինին չի ճանաչում: Մինչեւ հիմա մեր արտահանող գինեգործների հույսը եւ սպառողը եղել են մեր սփյուռքահայ հայրենակիցներն ու վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածները: Հայկական գինին չի կարող գրավել վրացական գինու շուկան նաեւ այն պատճառով, որ ունի արտադրության եւ արտահանման անհամեմատ փոքր ծավալներ: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տվյալներով` Վրաստանը Ռուսաստան արտահանել է տարեկան մոտ 40 մլն շիշ գինի, մինչդեռ Հայաստանը` ընդամենը 1 մլն շիշ: Եվ այս տարբերության պատճառը միայն մեր գինու ցածրորակ լինելը չէ, այլեւ այն, որ Հայաստանը դեռ չունի գինու արտադրությունը մեծ ծավալներով ավելացնելու հնարավորություն, եթե նույնիսկ Ռուսաստանում եւ այլ երկրներում պահանջարկը մի քանի անգամ ավելանա:
«Հայաստանում խաղողագործությունը շատ դանդաղ տեմպերով է զարգանում,- ասում է Ա. Հարությունյանը: -Յուրաքանչյուր տարի ընդամենը 1000 հեկտար խաղողի այգի է ավելանում, բայց անհրաժեշտ էր գոնե 3-4 հազար հեկտարով ավելացնել: Իսկ ավելացնողներն էլ ոչ թե գյուղացիներն են, այլ ֆերմերները: Մինչդեռ Հայաստանում խաղողի այգիների մոտ 95 տոկոսը գյուղացիների ձեռքին է: Բացի այդ, խաղողի մեծ մասն ուղղվում է կոնյակի արտադրությանը: Գինուն քիչ է բաժին ընկնում: Պատճառն այն է, որ գինին ավելի նուրբ, ռիսկային ու թանկ արտադրություն է: Ընդ որում, մեր կոնյակ արտադրողները ներդրումներ կատարելու, ծավալները մեծացնելու եւ շուկան ընդլայնելու համար գինեգործներից ավելի շատ փող ու հնարավորություն ունեն»:
Պարոն Հարությունյանը թեեւ չնշեց, սակայն բոլորը գիտեն, որ աշխարհում հայկական կոնյակն ավելի հայտնի է, քան գինին: Դրա համար էլ գինեգործության համեմատ կոնյակագործությունն ավելի սահուն է զարգանում: Հայկական կոնյակը հայտնի էր դեռեւս խորհրդային տարիներից: Իսկ անկախ Հայաստանի գինեգործները շատ մեծ աշխատանք ունեն անելու:
«Արտահանելը չի նշանակում, թե այսօր ինչքան կարողացար արտադրել` այդքանն էլ կարտահանես,- ասում է Ա. Հարությունյանը: -Արտահանելը նշանակում է հաստատուն կերպով արտադրության եւ արտահանման ծավալների ավելացում: Օտարերկրյա սպառողը կամ քո գործընկերը պետք է համոզված լինի, որ մատակարարած գինու ծավալները հաջորդ տարիներին ոչ միայն կպահպանես, այլեւ կավելացնես: Դրսում Հայաստանի գինեգործության նկատմամբ դեռ նման վստահություն չկա, եւ հայ գինեգործն էլ դեռ չի կարող նման երաշխիք տալ: Ամենալավագույն ցանկությունների դեպքում առաջիկա 3-4 տարիների համար մենք կարող ենք կանխատեսել 3-4 մլն շիշ գինու արտահանում: Իսկ 7-8 տարի հետո կարող ենք մտածել 8-10 մլն շիշ արտահանելու մասին: Սակայն այս շեմին հասնելու համար մեծ աշխատանք է պետք կատարել: Այնպես որ, Վրաստանի շուկան Հայաստանը չի կարող գրավել եւ Վրաստանի արտահանման ծավալները Հայաստանը չի կարող ունենալ»:
Ալկոհոլային խմիչքի շուկային լավատեղյակ փորձագետներն ասում են, թե մեր նույն գործարանի արտադրած նույն տեսակի գինու, բայց տարբեր ժամանակների խմբաքանակներն ունեն տարբեր համեր: Իսկ սպառողը գինին ճանաչում է համով: Երբ իր իմացած գինին մեկ ամիս հետո ուրիշ համ է ունենում, իսկ կես տարի հետո` բոլորովին այլ համ, նա արդեն փոխում է արտադրողին: Իսկ Հայաստանի գինեգործները դեռ չեն կարողացել իրենց արտադրության մեջ համային նույն մակարդակն ապահովել: Միգուցե որակը մնում է նո՞ւյնը, սակայն նման դեպքերում համն էլ մեծ նշանակություն ունի: Բացի այդ, գինու սիրահարները կարծում են, թե հայկական գինին իր որակի համեմատ թանկ արժե: Այսօր Հայաստանում վաճառվում են ֆրանսիական «Կաբեռնե», «Շարդոնայ», «Սավինյոն», «Մեռլո» գինիները, որոնք գրեթե նույն գինն ունեն, ինչ՝ հայկական գինիները, բայց ավելի որակյալ են: Դժվար է ասել, թե հայկական գինին ինչո՞ւ չի դառնում շուկաներ գրավող եւ սպառողի հույսերն արդարացնող որակյալ ապրանք: Միգուցե տեխնոլոգիանե՞րն են հին, կամ էլ արտադրողները դեռ չունեն կայուն եւ զարգացող շուկա ձեռք բերելու եւ հուսալի գործընկեր դառնալու հնարավորությունը կամ զգացողությունը: Բոլոր դեպքերում Հայաստանում գինեգործությունը չի զարգանում այնպիսի մեծ տեմպերով, ինչի հնարավորությունը տալիս են մեր բնակլիմայական պայմանները: Բայց մի հարցում ոլորտի մասնագետները համոզված են՝ պետությունը ոչինչ չի անում, որ աշխարհը ճանաչի հայկական գինին: «Պետությունը սխալ քաղաքականություն է վարում,- ասում է Ա. Հարությունյանը: -Ավելի ճիշտ՝ ոչ մի քաղաքականություն էլ չի վարում: Մեր պետությունը նախ պետք է ոլորտը զարգացնելու համար ռազմավարություն մշակի, վարկային հատուկ քաղաքականություն մշակի, օգնի խաղող մշակող գյուղացուն ու զարգացնի խաղողագործությունը, օգնի արտադրողին ու արտահանողին: Չգիտեմ: Միգուցե պետությունը դրա հնարավորությունը դեռ չունի՞»: