Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) 2007թ. հունվարի 20-ին ավարտել է մոնիտորինգը, որն իրականացնում էր ապրանքների ու ծառայությունների շուկայում տեղի ունեցած գնաճի պատճառով, եւ հունվարի 24-ից սկսում է գործերի վարույթը:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին հանձնաժողովն ուսումնասիրություն էր կատարել լայն սպառման ապրանքների՝ կարագի, ձվի, շաքարավազի, գարեջրի, ցեմենտի, գաջի, բենզինի, դիզվառելիքի շուկաներում: Ի դեպ, այս շուկաներում գործում են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: ՏՄՊՀ-ն քննարկել էր ընկերությունների կողմից կիրառվող գնային քաղաքականությունը եւ նկատել, որ վերը նշված շուկաներում կա հակամրցակցային համաձայնությունների հավանականություն եւ միասնական գնային քաղաքականություն վարելու վարքագիծ: Դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է 40 տոկոսով, սակայն ներկրվող ապրանքները ոչ միայն չեն էժանացել, այլեւ թանկացել են: Հանձնաժողովը նաեւ պարզել էր, որ որոշ ապրանքային շուկաներում ապրանքի ինքնարժեքը նվազել է, սակայն գինը բարձրացել է: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը դեկտեմբերի 19-ին կայացած նիստում տեղեկացրեց, որ տեղական ձվի ինքնարժեքը 30-35 դրամ է, սակայն վաճառվում է 70 դրամով: Հանձնաժողովը վերոնշյալ ապրանքների շուկաներում գործող ընկերություններին գները վերանայելու համար 5 օր ժամանակ տվեց: Նաեւ ընկերություններին առաջարկեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել «գների չհիմնավորված բարձրացումը եւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում միանման գների կիրառումը կանխելու ուղղությամբ»: Մոնիտորինգի անցկացման ընթացքում այս շուկաներում գործող տնտեսվարողները պետք է որոշակի տեղեկատվություն տրամադրեին հանձնաժողովին եւ հիմնավորեին կիրառած գնային քաղաքականությունը: Հանձնաժողովն էլ ստացած տեղեկատվության եւ մոնիտորինգի արդյունքների հիման վրա պետք է սկսեր գործերի վարույթ: Վարույթը նախատեսում է առավելագույնը 90-օրյա ժամկետ, որից հետո հանձնաժողովը պետք է կոնկրետ որոշում կայացնի կոնկրետ գործերի վերաբերյալ: Ըստ հանձնաժողովի մամուլի պատասխանատու Ա. Ուդումյանի՝ վարույթ պետք է սկսվի վերոնշյալ բոլոր ապրանքների շուկաների համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ որոշ տնտեսվարողներ նշել են, թե գներն իջեցրել են, իսկ մյուսներն էլ փորձել են հիմնավորել գնաճը: Հիշեցնենք, որ ամանորյա տոներից հետո ձուն մոտ 10 դրամով էժանացել է: Իսկ մոնիտորինգի արդյունքների եւ տնտեսվարողների ներկայացրած ավելի մանրամասն տեղեկատվությունը հանձնաժողովից խոստացան տրամադրել հաջորդ շաբաթ: