Ընդունված ավանդույթի համաձայն, 2006թ. վերջին ամփոփիչ ասուլիսով հանդես չեկավ ՀՀ Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Սակայն նախարարն արդեն հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Ա. Մարգարյանին եւ արժանացել բավարար գնահատականի:
Մեր տրամադրության տակ է Առողջապահության նախարարի հունվարի 22-ին ներկայացրած հաշվետվության սեղմագիրը, որտեղ նշված է, որ 2006թ. աչքի է ընկել համակարգի որոշակի ձեռքբերումներով, մասնավորապես` բուժօգնության որակի եւ մատչելիության բարելավմամբ: Բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված հիմնական գլոբալ ծրագիրը, ինչպես կանխատեսելի էր, մատնանշվում է նախորդ տարի առաջին անգամ առաջնային բուժօգնության օղակում ներդրված պետպատվերի ծրագիրը: Պոլիկլինիկաներում պետության կողմից երաշխավորված բուժծառայություններին «168 Ժամը» պարբերաբար անդրադարձել է, որտեղ մեր զրուցակիցներն առանձնացնում էին այն գաղափարը, թե անվճար բուժօգնությունը որակյալ լինել չի կարող: Գաղտնիք չէ, որ ցանկացած բուժհաստատության` պոլիկլինիկական թե հիվանդանոցային, բուժաշխատող այսօր մեծ գոհունակություն չի արտահայտում իրականացվող պետպատվերի մասին, քանի որ, ինչպես բժիշկներն են սիրում ասել. «բժշկին պահողը միշտ էլ ժողովուրդն է եղել, այլ ոչ թե պետությունը»: Վերադառնալով 2006թ. առողջապահության համակարգում իրականացված գործունեության ծրագրին, նշենք, որ դրա համաձայն` ձեռք են բերվել 1 մլրդ դրամ արժողությամբ նորագույն բուժսարքավորումներ, որոնք հիմնականում ուղղվել են մարզային առողջապահական համակարգ: Նախորդ տարի շինարարական աշխատանքներ են իրականացվել 19 համայնքներում, այդ թվում` կառուցվել, վերանորոգվել ու վերազինվել են գյուղական բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, ընտանեկան բժշկի գրասենյակներ: Թե ինչո՞ւ, նոր բժշկական տեխնոլոգիաների ներդրման պայմաններում որոշ հիվանդացություններից մահացություններն աճում, այլ ոչ թե նվազում են, կարծում ենք` հարցեր են եւ խոսուն վկայություն այն մասին, թե սոցիալական եւ տնտեսական զարգացման ինչպիսի հարթությունում է գտնվում մեր հասարակությունը: Իսկ ԱՆ հաշվետվությունում արձանագրված է, որ «Մոր եւ մանկան առողջության բարելավման 2003-2015թթ. ռազմավարությամբ» սահմանված նպատակներից ելնելով, կատարված շարունակական աշխատանքների արդյունքում հաշվետու տարում իջել է մանկական ու մայրական մահացությունը, կրճատվել է ցածր քաշով նորածինների թիվը: Աճ է գրանցվել նաեւ բացառապես կրծքով սնուցման երեխաների, պատվաստումների, վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության ցուցանիշներում: Պաշտոնական տեղեկանքում նշված է նաեւ, որ Հայաստանում 2002 թվականից նկատվում է ծնելիության եւ բնական հավելաճի որոշակի բարձրացում: Այսպես, բնական աճի ցուցանիշը 2002թ. արձանագրված 2.1-ի փոխարեն, 2005թ.-ին դարձել է 3.7: Ավելացնենք նաեւ, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2006 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, ծնելիության գործակիցը Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ մնացել է անփոփոխ` կազմելով 11,4 պրոմիլ: Փոխարենը, հանրապետությունում 0,3 պրոմիլով աճել է մահացության գործակիցը (մահացել է 20,4 հազար մարդ` նախորդ տարվա 19,6 հազարի փոխարեն), ինչի արդյունքում 0,4 կետով կրճատվել է բնական աճի գործակիցը: ԱՆ ներկայացրած հաշվետվության համաձայն, Հայաստանը տարածաշրջանում բնորոշվում է մանկական մահացության միջին մակարդակով: Հազար կենդանածինների հաշվով, մանկական մահացության 2003-05թթ. միջին եռամյա ցուցանիշը կազմել է 12.0 պրոմիլե: Այն թեեւ զգալի բարձր է Եվրոպական երկրների միջին ցուցանիշից` 9.0, սակայն բարենպաստ է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ (14.5): Ունենք նաեւ մայրական մահացության նվազում, 1990-92թթ. արձանագրված 38.5 ցուցանիշը իջնելով` 2003-05թթ. կազմել է 27.4 (100 հազար կենդանածինների հաշվով): Թե ի՞նչ է տվել, ասենք, 2006թ. վերջին ավարտված Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված մոտ 1.8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային օգնության շրջանակներում «Ծննդօգնության բարելավում» կոչված ծրագիրը, դժվար է ասել: Ինչ վերաբերում է համաճարակային հիվանդություններին, ապա 2006թ. ընթացքում համաճարակային իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ: Չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, պոլիոմելիտը, նորածնային փայտացումը, սիբիրյան խոցը, խոլերան, թռչնագրիպը եւ այլն: Ավելին, մալարիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում տեղական մալարիայի ոչ մի դեպք չի արձանագրվել: Ունենք նաեւ ընթացքի մեջ գտնվող այսպիսի ազգային ծրագրեր` իմունականխարգելման, շրջակա միջավայրի հիգիենայի, կարմրուկի վերացման եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման: Հաշվետվությունում նշված է, որ 2005թ. կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009թթ. պետական ծրագիրը, իսկ 2006-2007թթ. ծխախոտի դեմ պայքարում պետբյուջեից հատկացվել է 100 մլն-ական դրամ: 2005 թվականից սկսած ծխելու դեմ լայնամասշտաբ պայքար մոլորակի ողջ զարգացած հատվածն է իրագործում, համեմատության համար ասենք, որ հակածխախոտային արշավի անցկացման համար Եվրամիության գործադիր իշխանությունն արդեն հատկացրել է 76 մլն եվրո:
Մեկ ուշագրավ տեղեկություն էլ կա այն մասին, որ 2006թ. Հայաստանը ՄԱԿ-ի եւ այլ հեղինակավոր կառույցների կողմից արժանացել է յոդդեֆիցիտային հիվանդություններից ազատ գոտի կոչման, ինչը նշանակում է, որ մեր սննդում առկա յոդի քանակությունը, որը լրացվում է յոդացված աղի միջոցով, բավարար է, որպեսզի մեր ազգաբնակչությունն այլեւս չհիվանդանա կամ քիչ հիվանդանա խպիպով եւ այլ հիվանդություններով: Որպես կանոն, հաշվետվություններում, գործունեության թերացումների մասին ընդունված չէ խոսել:
Հ.Գ. Առողջապահության համակարգին առնչվող այլ հարցերի շուրջ, որոնք տեղ չեն գտել տարեկան ԱՆ գործունեության ծրագրի հաշվետվությունում, կարող եք ծանոթանալ ՀՀ Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի հետ մեր հարցազրույցում, որը կտպագրվի «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում: