«Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր հոնքերով, զույգ մը մեծ ականջներով եւ զույգ մը քիթեր… չէ, չէ, մեկ քիթով, թեպետեւ զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել. անոր մեծությունը սխալեցուց զիս…»։ Այս տողերը Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ Մուրացկանները» վեպից են, եւ հետեւյալ տարբերակներից պետք է ընտրել, թե վեպի ո՞ր հերոսին են բնութագրում դրանք. 1. Մանուկ Աղա, 2. Աբիսողոմ աղա, 3. լուսանկարիչ, 4. բանաստեղծ։
Այս հարցը, թերեւս, կարող էր հնչել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում, սակայն մենք այն արտագրեցինք 2007թ. հայոց լեզու եւ գրականություն պետական ավարտական եւ միասնական քննության ուղեցույցից։ Ուղեցույց, որի հիման վրա կկազմակերպվեն հայոց լեզվից այս տարվա դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննությունները։
Գործածությունից դուրս է գալիս արդեն մի քանի տարի շարունակ չարչրկվող շտեմարանը, եւ փոխարենը 10-րդ դասարանցիներին անվճար բաժանվելու է վերոնշյալ ուղեցույցը: Ի տարբերություն շտեմարանի՝ նոր ուղեցույցն առաջադրանքների բանկ չունի։ Դրա նպատակն է միայն բացատրել, թե ինչ տիպի հարցեր են լինելու քննաթերթիկում։ «Շտեմարանի միջոցով հնարավոր չէր ստուգել երեխայի ամբողջ գիտելիքները։ Շտեմարանը կազմված էր երեխայի սխալվելու վրա։ Նոր քննակարգն այլ սկզբունքներ ունի, մասնավորապես, եթե երեխան սովորել է դպրոցական ծրագիրը եւ չի կարողանում հիշել առաջադրանքներից մեկը, որը դպրոցում լավ չի սովորել, ապա հաջորդ քայլին նա կհանդիպի իրեն լավ ծանոթ հարցերին։ Այսինքն՝ մեկ հարց չիմանալով՝ շատ չի տուժի։ Նա հնարավորություն ունի այլ հարցերի միջոցով ցույց տալ գիտելիքները»,- ասում է Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը։ Նրա համոզմամբ՝ թեստն ընդգրկում է դպրոցական ամբողջ նյութը։ Առաջադրանքներն ավելի պարզ են, որովհետեւ ընտրովի պատասխաններով են, այսինքն՝ հնարավոր բոլոր պատասխանները տրված են։ Օրինակ, պետք է գտնել այն տարբերակը, որտեղ կետադրությունը սխալ է դրված, կամ որտեղ ուրիշի անուղղակի խոսքը ճիշտ կերպով է փոխակերպվել ուղղակիի, կամ էլ գտնել բառերի այն տողը, որտեղ բաց է թողնված «հ» տառը, եւ այլն: Փաստորեն, գործը հեշտացված է, քանի որ տարբերակներից մեկը հաստատ ճիշտ է, եւ չիմանալու դեպքում էլ կարելի է պատահականության սկզբունքով աչքերը փակել ու մատը պատասխաններից որեւէ մեկի վրա դնել: Հոմանիշներ, հականիշներ, ուղղագրություն եւ կետադրություն կար նաեւ նախորդ քննաթերթիկում, նոր քննաթերթիկը, մասնագետների կարծիքով, տրամաբանություն էլ է ստուգում: Օրինակ, տեքստը բաժանված է մի քանի մասերի եւ խառը հերթականությամբ շարված է։ Երեխան պետք է ընտրի տեքստի տրամաբանական եւ քերականական ճիշտ հերթականությունը։ «Ոչ, սա խաղ չէ»,- պնդում են մասնագետները, այլ` «եվրոպական ստանդարտներին ինտեգրվելու միջոց»։
Գրականության հարցերին պատասխանելու համար պետք է շատ գիրք կարդալ, ընդ որում, շատ ուշադիր, որովհետեւ պետք է անպայման հիշել, թե «Սասնա ծռերում» ո՞ւմ մասին է ասվում «Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ», կամ թե Ակսել Բակունցի ո՞ր ստեղծագործության մեջ է արծածված արվեստի եւ իրականության փոխհարաբերության հարցը։
Հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական քննությունը տեղի կունենա դպրոցներում, եւ աշակերտները կպատասխանեն «Ա» մակարդակի թեստին, որ բաղկացած է լինելու 50 հարցից։ Միասնական քննության մասնակցում են նրանք, ովքեր դիմում են այնպիսի բուհեր, որտեղ հայոց լեզուն համարվում է մրցութային առարկա։ Վերջիններս քննությունը հանձնելու են քննական կենտրոններում։ «Շրջանավարտն իր փաստաթղթերը կներկայացնի բուհի ընդունող հանձնաժողով ԳԹԿ-ի վկայագրի հետ միասին։ Համաձայն վկայագրի՝ հայոց լեզվի առարկայից քննություն այլեւս չի հանձնվելու»,- ասում է Վ. Բարսեղյանը։ Ի դեպ, այս առարկայի քննությունը հանրապետությունում տեղի է ունենալու մեկ օրվա ընթացքում։
Քննաթերթիկը պետք է լրացվի միայն սեւ գելային գրիչով եւ համապատասխան վանդակներում X նշան դնելով։ Քննության ընթացքին հետեւելու են ոչ մասնագետներ, այսինքն՝ հայոց լեզվի քննության ժամանակ հսկողները կարող են լինել ասենք՝ քիմիայի, ֆիզիկայի եւ մաթեկատիկայի մասնագետներ։ Նախատեսվում է, որ երեխաները քննասենյակ մտնեն հատուկ պլաստիկ քարտերով։ Դա դեռ միայն հայոց լեզվի քննության համար։
Նոր քննաթերթիկը ենթադրում է 75 միավորի սանդղակ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մնացած առարկաները հանձնվում են 20 միավորի սանդղակով, հայոց լեզվի քննությունն էլ այս տարի կհարմարեցվի 20 բալանոցին։ Նմանատիպ փոփոխության կենթարկվեն նաեւ բոլոր մյուս քննական առարկաները։ Ենթադրվում է, որ 2008 եւ 2009 թվականներին պետք է կարողանալ հասնել ամբողջական ներդրման։
Իսկ եթե համակարգիչը կախվի՞
Ե՛վ ավարտական, եւ՛ միասնական քննական աշխատանքների ստուգումը կատարվելու է ԳԹԿ-ում։ Ստուգման համար օգտագործվելու են տեխնոլոգիական սարքավորումներ եւ համակարգչային ծրագիր։ Կոնկրետ առարկայի մասնագետ չի մասնակցելու ստուգման գործընթացին եւ բոլոր առաջադրանքները ստուգելու է համակարգիչը։ «Ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ համակարգչի աշխատանքը համարվում է 100 տոկոսանոց աշխատանք։ Այս ծրագիրը մշակվել է դրսում։ Այն օգտագործվում է ինչպես Եվրոպայում, այնպես էլ հետխորհրդային այն երկրներում, որոնք աստիճանաբար գալիս են այս համակարգին»,- ասում է Վ. Բարսեղյանը։ Ինչեւէ, «100 տոկոսով աշխատող» սարքերն էլ փչանալու հավանականություն ունեն։ Հիշենք, օրինակ, 2006թ. ընդունելության քննությունների ավարտից հետո առաջացած իրարանցումը, երբ մի խումբ դիմորդների անուններ պարզապես անհետացան ընդունված դիմորդների ցուցակից։ Այն ժամանակ ԿԳՆ-ն մեղքը գցեց համակարգչի վրա՝ ասելով, թե համակարգիչը վրիպակ է թույլ տվել։ Իսկ եթե հետո էլ այդ վրիպակները լինե՞ն։ «Երկու անգամ ծրագիրը փորձարկվել է եւ ոչ մի վրիպում չենք ունեցել»,- ասաց Վ. Բարսեղյանը։ Ըստ Վ. Բարսեղյանի՝ հատուկ սկաներների միջոցով ծածկագրված ձեւաթուղթը մուտք է արվում համակարգիչ, որի հիշողության մեջ այն մնում է որպես նկար։ Համակարգիչը ստուգում է պատասխանները եւ վերջնական արդյունքը նորից ներկայացնում ծածկագրված տեսքով։ Ծածկագիրը վերծանվում է այն ժամանակ, երբ գնահատականն արդեն նշանակված է։ Քանի որ համակարգն առաջին անգամ է ներդրվում, դիմորդին ընձեռվում է նաեւ բողոքարկման հնարավորություն։ Կստեղծվի բողոքարկման հանձնաժողով, այս անգամ ոչ համակարգչի տեսքով։
Ասում են, որ այս նոր մոտեցումը գրեթե զրոյականացնում է կաշառակերության հավանականությունը։ Իհարկե, երբեք պետք չէ մոռանալ, որ մենք հնարամիտ ազգ ենք ու երբեք չենք մոռանում «Երբեք մի ասա երբեք» կարգախոսը։ Հակերների աչքը լույս։ «Ինչ վերաբերում է հակերներին, ապա համակարգչային ծրագիրն արտաքին աշխարհի հետ կապ չի ունենալու եւ լինելու է փակ,- հակերների հույսով ապրողներին վշտացնում է Վ. Բարսեղյանը եւ ավելացնում,- մենք համակարգի համար պատասխանատվություն կրող կառույց ենք եւ տեսնում ենք, որ այս չափանիշները մի քանի քայլ տրամաբանական առաջընթաց են ապահովում»։ Դեռեւս վաղ է քննադատել կամ գովաբանել մի բան, որը նոր է մուտք գործում մեր իրականություն։ Մնում է հույսը դնել ժամանակի վրա եւ հավատալ, որ պատասխանատուներն, իրոք, պատասխանատվություն են կրում այս բոլոր նորամուծությունների համար, եւ «մեր տրամաբանական առաջընթացի» արդյունքում համակարգիչը, հանկարծ, կաշառակեր չի դառնա։