Ըստ «Արմենպրեսի»` Երեւանում փետրվարից մինչեւ մայիս IFES, IREX կազմակերպությունների, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ կանցկացվի ֆոտոլրագրության մրցույթ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը թափանցիկ ու արդար ընտրությունների կարեւորության հարցում: IFES-ից տեղեկացրել են, որ մրցույթին յուրաքանչյուր ամսվա համար կհայտարարվի առանձին թեմա, իսկ անկախ փորձագետների հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն Աբովյան փողոցում` ԱՕԿՍ-ի հարեւանությամբ, նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի նախասրահում: Առաջին ամսվա համար ընտրվել է «Ընտրողների հաշվառումը Հայաստանում» թեման: Մրցույթն ամբողջությամբ կավարտվի մայիսի 3-ին, իսկ հաղթող լուսանկարները կցուցադրվեն նաեւ Մամուլի ազատության համաշխարհային օրվա ցուցահանդեսին եւ Հայաստանի ազգային պատկերասրահում: Կազմակերպիչները նշում են, որ ներկայացվելիք լուսանկարները, որոնք ընդունվում են տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով, պետք է քաղաքականացված չլինեն եւ արված լինեն Հայաստանի տարածքում: Մրցույթում ամեն ամսվա հաղթողին կտրվի 55, իսկ երկրորդ տեղը զբաղեցնողին` 35 հազար դրամ: