Երեւանի «Արտ Բրիջ» սրճարանը ոչ միայն արվեստի ու մի գավաթ սուրճի միջեւ ստեղծված կամուրջն է, ոչ միայն հաճելի ու ոչ պարտադրող մթնոլորտ է, այլեւ՝ ուղղակի սկզբունքային մի նոր վայր է մեր քաղաքում, որը շատ լուրջ ուղերձ ունի։ Մենք` հայերս, հանդիսավոր ու բազմամարդ հավաքների ենք սովոր, իսկ այս սրճարանը ճիշտ հակառակ մոտեցում է առաջարկում, որը կարելի է «խորասույզ մենակություն» անվանել։
Սրճարանի տիրուհի Շաքե Հավանկարապետյանն իր սրճարանի նման շատ սկզբունքային ու բարեհամբույր է։ Նա պատրաստ է արագ որսալ եւ շատ դեպքերում կանխագուշակել Երեւանի ցանկությունները: «Կներեք, ես աշխարհին ու Հայաստանին վարդագույն ակնոցներով եմ նայում եւ ուզում եմ, որ իմ հայացքը չփոխվի»,- ասում է նա՝ խնդրելով իրեն ոչ մի դեպքում «սփյուռքահայ» չանվանել, քանի որ նա վաղուց արդեն Հայաստանում է ապրում ու աշխատում։ Նա պարզապես ուրիշ մշակութային շերտի ու հիշողության տեր մարդ է, ով զգում է մեր երկրի գեղեցկությունն ու տգեղությունը, ինչպես սակավաթիվ հայաստանցիներն են զգում։ Ցավում է մեր ամեն մի վրիպումի համար ու պատրաստ է Հայաստանին «ծուռ» հայացքով նայող ու քննադատող մարդկանց հիշեցնել, որ քննադատելու իրավունք ձեռք բերելու համար նախեւառաջ պետք է դրան արժանի լինել։ Շաքեն մեծ սպասելիքներ ունի մեր գրականությունից, գրքերի հրատարակիչների աշխատանքից, վաճառքի կանոնների փոփոխումից, քանի որ Հայաստանում կարդացող սերունդ է ցանկանում տեսնել։ «Գիրքը հարգանքի է արժանի, եւ ծնողն իրեն պիտի լավ զգա, երբ երեխայի համար գիրք է գնում»,- համոզված է նա՝ լավ իմանալով, որ Հայաստանի շատ գյուղեր զուրկ են գրական նորություններից ու օրվա թերթերից։ Սրճարանում գիրք կարդալու ավանդույթ ստեղծելով, «Արտ Բրիջը» որոշ իմաստով ընթերցողներ է մշակում:
– Ձեր սրճարանի մոդելը նորություն էր Հայաստանում։ Ինչպե՞ս այն ծնվեց։
– Այս սրճարանը ստեղծվել է իմ, այսինքն, մեկ անհատ կնոջ կարիքները հաշվի առնելով։ Ես ուզում էի, որ կինը միայնակ կարողանա այնպիսի տեղ գնալ, որտեղ կկարողանա գիրք կարդալ, ու այնպիսի մթնոլորտի մեջ մտնել, որտեղ ինքն իրեն հանգիստ կզգա։ Այն ժամանակ՝ 1999 թվականին, երբ մենք դեռ չէինք աշխատում, ես քաղաքի սրճարաններում մենակ նստած սուրճ խմող կին չէի տեսնում։ Հիմա տեսնում եմ։ Այսինքն, հիմա էվոլյուցիա է տեղի ունեցել։ Մենք շատ հասարակային ժողովուրդ ենք, սիրում ենք տարբեր տեղեր խմբով գնալ։ Իհարկե, կարելի է մենակ էլ գնալ, ոչ ոք քեզ չի նեղացնի, ուղղակի դու քեզ լավ չես զգա։ Ուրեմն, պետք է քեզ հանգիստ զգալու հնարավորություն տան։ Այդ հնարավորությունը տալիս են թերթերը, գրքերը, որոնք կարող ես կարդալ՝ իմանալով, որ քեզ ոչ ոք չի խանգարի։ «Արտ Բրիջի» իմաստը հանգիստ լինելու մեջ է։ Մենք նույնիսկ պրոֆեսիոնալ մատուցողներ ու սերվիս չունենք։ Եվ չենք էլ ուզում ունենալ։ Եթե երկու մարդ զրուցում են իրար հետ, նրանց սեղանի մոխրամանը կարող է լցվել, քանի որ մատուցողն այն չի փոխի։ Մենք համարում ենք, որ պետք չէ խանգարել զրուցող մարդկանց կամ թերթ կարդացող մարդուն ընդհատել ու ասել` պետք է ափսեդ վերցնեմ։ Մեր մոտեցումն է տարբեր, որը հիմնված է անհատական ճանաչողության վրա։ Հաճախ մենք գիտենք՝ թե ո՞ր այցելուն ի՞նչ է խմում։ Միջավայրն ինքն է մեզ ասում՝ ինչ անել։
– Այստեղ կարելի է նաեւ ծանոթանալ արվեստի հետ։ Պատերին կախված նկարներն առանց պարտադրանքի են իրենց նկատել տալիս։ «Իմիջիայլոց» արվեստի հետ ծանոթանալը ցուցահանդես չի հիշեցնում, բայց ավելի լավ է ընկալվում։
– Արվեստն, իսկապես իմիջիայլոց, կողքից է ընթանում, այն «ապտակելով» չի ասում՝ ես այստեղ եմ։ Սկզբում մենք ցուցադրվող նկարիչների ընտրություն չէինք անում, բայց պատահեց այնպես, որ հերթեր սկսվեցին եւ հիմա մինչեւ 2009 թվականը զբաղված է։ Դա նույնիսկ ինձ համար էր անհավատալի երեւույթ։ Բայց սկզբում, երբ սկսեցինք այս կոնցեպցիայով աշխատել, բոլոր նկարիչները վիրավորվեցին՝ ասելով, որ կաֆեում երբեք չեն ցուցադրվի, դա ի՞նչ բան է։ Բայց ստացվեց այնպես, որ նկարիչներն ընդունեցին այս կոնցեպցիան, քանի որ նրանք հանգիստ էին՝ տեսնելով, որ իրենց նկարները ցուցադրվում են։ Հիմա տարբեր սրճարաններում ու ռեստորաններում է դա արվում։ Դա լավ մոդել է, քանի որ բոլոր արվեստագետներն էլ սիրում են իրենց գործերը ցուցադրել։ Ես էլ իմ պարտականությունն եմ համարում ցուցահանդեսից հետո ծնվող կարծիքներն ու արձագանքները նրանց հետ կիսել։
– Այս սրճարանն արդեն իր դերը գտել է ու լավ կատարում է։ Իսկ հետաքրքիր է, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Վաղվա օրն ի՞նչ նոր միջավայրի, շփման կարիք է ունենալու։
– Շատ հետաքրքիր երեւույթ կարող է տեղի ունենալ, երբ երկու կամ երեք սեղանի շուրջ նստած մարդիկ միանգամից մի թեմայի շուրջ, մի նյութի մասին սկսեն զրուցել, քննարկել։ Ընդ որում, բոլորովին անծանոթ, անկապ մարդիկ։ Պահեր են եղել, երբ ցանկացել եմ սրճարանի դուռը փակել՝ որեւէ մի քաղաքական կամ սոցիալական խնդրի մասին զրույցները չընդհատելու համար։ Հիմա ընտրություններն են մոտենում, իսկ բոլոր ընտրությունների ժամանակ մարդիկ ներքուստ մի բանի են սպասում, մենք էլ աշխատում ենք նրանց մտածելու նյութ տալ։ Գնում ենք եւ շտաբներից բուկլետներ ենք վերցնում, որպեսզի մարդիկ ծանոթանան կուսակցությունների կարգախոսների հետ։ Մարդկանց համար դա անելը դժվար է։
– Սակայն շատ են մարդիկ, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում։
– Դա շատ տխուր է։ Մենք այդպես մտածելու իրավունք չունենք։ Իբրեւ փոքր ժողովուրդ` մենք քաղաքականությամբ չհետաքրքրվելու իրավունք չունենք։ Այսօրվա դրությամբ ես շատ եմ ցավում, որ քվեարկության իրավունք չունեմ, քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ եւ ինձ չեմ կարող թույլ տալ կարծիք հայտնել։
– Երկքաղաքացիությանն ինչպե՞ս եք վերաբերվում։ Այն շատերին է մտահոգում, քանի որ կարող է ստացվել այնպես, որ Հայաստանին բոլորովին անծանոթ մարդիկ կարող են որոշել Հայաստանի ճակատագիրը։
– Օրենքներով կարելի է այդ հարցերը ճշտել։ Ես ինքս էլ չէի ուզենա, որ Գլենդելում ապրող ինչ-որ մի անձ որոշի, թե մեր երկրում ո՞վ է նախագահ լինելու։ Մարմինս ուղղակի դողում է, երբ մտածում եմ, որ կարող է այդպես լինել։ Բայց օրենքով կարելի է քվեարկության իրավունքը տալ, ասենք, միայն այն անձանց, ովքեր առնվազն հինգ տարի ապրել են Հայաստանում ու հինգ տարի հարկեր են վճարել։ Այն մարդը, որը երկրում հարկեր է տալիս, անպայման խնդիրներ է ունենում, որոնք կցանկանար փոփոխել։ Եվ դա նրա, որպես քաղաքացու, պարտականությունն է։ Բայց, օրինակ, երբ լսում եմ, որ ուզում են բոյկոտ անել ընտրությունները, ես դա որպես իրավունքներից հրաժարում եմ ընդունում։ Եվ եթե մենք հրաժարվում ենք մեր այդ իրավունքից, ուրեմն, այլեւս խոսելու ու քննադատելու իրավունք չենք ունենում։ Ընտրությունները, միեւնույն է, լինելու են, ու մենք ստիպված ենք լինելու քվեարկողների ընտրության հետ համաձայնել։
– Դուք մամուլի շատ ակտիվ ընթերցող եք, աշխատում եք բոլոր նորությունների տերը դառնալ։ Չունե՞ք այնպիսի տպավորություն, որ բոլոր լրագրողները հակված են ավելի շուտ բացասական բաները նկատել, քան լավ բաները։
– Հարյուր տոկոսով համոզված եմ, որ այդպես է։ Երբ միաժամանակ մի քանի թերթ ես կարդում, հոգնում ես, մտածում ես՝ Աստված իմ, էս ի՞նչ երկրում եմ ապրում, ախր մի լավ բան չկա այստեղ։ Երեւի դա այն պատճառով է, որ մենք մեզ միշտ խոշորացույցով ենք նայում։ Խոշորացույցը դնում ենք ու լավ զննում ենք մեզ։ Մի ժամ առաջ մի ամերիկահայ էր եկել սրճարան ու պատմում էր՝ ինչ վատ համերգ է նայել օպերայի թատրոնում։ Մտածում եմ՝ ախր նա մաքսիմում երեք հազար դրամ է տվել, իսկ Ամերիկայում այդ մասշտաբի համերգի համար հարյուրից ավելի դոլար պիտի տար։ Այո, համերգը վատը չէր, բայց դահլիճը կիսադատարկ էր, իսկ եթե դրսից որեւէ մեկը համերգ կազմակերպեր, մենք այնքան կոգեւորվեինք, որ կմտածեինք՝ երկինքը ծակվել է ու նրանք մեզ մոտ են եկել։ Այսինքն, մեզ խոշորացույցով ենք նայում, իսկ ուրիշներին՝ մատների արանքով։ Դրա համար էլ մեր թերթերը բացասական բաներ են տեսնում։ Մենք մեզ սիրել չգիտենք, բայց միաժամանակ՝ աշխարհի ամենամեծամիտ ժողովուրդն ենք։ Թող փորձի որեւէ արտասահմանցի «դիպչել» մեզ, մենք ուղղակի կսպանենք նրան, բայց հենց որ ոտքը դուրս դնի, կսկսենք միասին մտածել նրա ասածների վրա։ Այնպես որ, մենք միշտ այդ կոնտրաստի մեջ ենք։ Իսկ մեդիան, ընդհանրապես, շատ մեծ զենք է։ Երբ թերթը գրում է անհատի իրավունքների մասին, դու էլ բացում ես այդ թերթը, աչքդ «կպնում» է այդ թեմային ու դու սկսում ես սովորել քո պարտականություններն ու իրավունքները։
– Բայց հաճախ անհատը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել։ Տեսաք, թե ինչպես մարդկանց վտարեցին իրենց տներից ու հսկայական պողոտա կառուցեցին։
– Իսկ քանի՞ հոգի կանգնեց այդ մարդկանց մեջքին։ Քանի՞ հոգի նրանց խնդիրները սեփական խնդիրները համարեցին։ Պետք է լավն էլ տեսնել, վատն էլ։ Բողոքում ենք ու զգում ենք, որ մեր քաղաքը կեղտոտ է, աղբը որտեղ պատահի թափում են, բայց չենք տեսնում, որ կան մարդիկ, ովքեր կարողանում են ինչ-որ բան անել։ Մի մարդ գիտեմ, որն ամեն օր իր փողոցի վրա, այնտեղ, որտեղ մարդիկ սովոր են միշտ աղբ թափել, մի սպիտակ պսպղուն սավան է փռում ու վրան էլ նստում է, որպեսզի աղբ թափողն ամաչի ու աղբը չթափի։ Ու գիտեք, դա նրա մոտ ստացվում է, մարդիկ այլեւս աղբ չեն թափում։
– Շատ ազդեցիկ տարբերակ է։ Իսկ հետաքրքիր է, ինչպե՞ս եք վերաբերվում կնոջն ուժեղ ու գործունյա դարձնելուն միտված արտասահմանյան շատ ծրագրերի։
– Կանանց իրավունքների վերանայմանը պետք է շատ զգույշ մոտենալ։ Իմ կարծիքով, հայ կանայք շատ ուժեղ են։ Պատկերացրեք, որ հանկարծ հայտարարվում է՝ կանայք, եկե՛ք այսօր մեկ ժամ նստենք ու ոչինչ չանենք։ Տատիկը կնստի, հացթուխ կինը կնստի, տան կինը կնստի, մատուցողը, խոհարարը, հավաքարարը կնստեն։ Բոլորս մեր աշխատանքի ժամին մեկ ժամ կնստենք ու ոչինչ չենք անի, պատկերացրեք` ինչ հետաքրքիր բան կլինի՝ էկոնոմիկ կյանքը կանգ կառնի։ Այդ միասին «նստելու» էֆեկտը շատ մեծ ու հետաքրքիր կլինի։ Ես ֆեմինիստ չեմ, սիրում եմ, որ տղամարդն է իմ առջեւ դուռը բացում, խմիչքը լցնում։ Ես դա գնահատում եմ, բայցեւ գիտեմ իմ իրավունքները։ Դիսկրիմինացիան սկսվում է այն ժամանակ, երբ ասում են, որ պառլամենտում պետք է այսքան կին լինի։ Իսկ եթե այդ կանայք ղեկավարելու կամ օրենքներ փոխելու կարողություն չունեն, ինչո՞ւ պետք է պատգամավորներ դառնան։
– Միգուցե սեփական ուժերի՞ն չեն հավատում:
– Հաճախ կարողություններ ու առողջ ամբիցիաներ ունեցող կանայք «վերեւներ» գնալ չեն ուզում, որովհետեւ իրենց այդ մեկժամյա «նստելու» ազդեցությունը չեն պատկերացնում։ Եթե գիտակցում ես, որ տվյալներ, ծրագիր, մոտեցում ունես, խնդրում են՝ գնա դեպուտատ դարձիր, ոչ ոք քո առջեւ դուռը չի փակի։ Օրինակ, ուսման, երեխաների դաստիարակության մասին կարող են ծրագիր ներկայացնել, բայց չեն անում։
– Ձեր երեխաները պետական դպրոցում են սովորում։ Գո՞հ եք ուսման մակարդակից։
– Այո, ուսման սիստեմից շատ գոհ եմ, որովհետեւ իմ երեխաներն ավելի շատ բան են սովորում, քան արտասահմանում։ Երեխան կարգապահություն է սիրում, իսկ դպրոցը նրան կարգապահ լինել է սովորեցնում։ Երեխան տանը պետք է լինի ազատ, իսկ դպրոցում անի այն, ինչ պահանջվում է։ Տղաս առաջին դասարանը Ամերիկայում է սովորել, բայց երբ եկավ Երեւան, պարզվեց, որ նա մաթեմատիկայից շատ հետ է։ Ուրեմն, այստեղ նա ավելի լավ է սովորելու, ավելի բաց է լինելու ու բազմակողմանի է զարգանալու։ Այստեղ սոցիալական խնդիրները շատ բաց են, դրանց մասին խոսվում է, քննադատվում է։
– Ամերիկայում դրանց մասին չի՞ խոսվում։
– Ոչ։ Եվ մի մոռացեք, որ Հայաստանում մեր երեխաներն ապահով են։ Երբ տղաս, օրինակ, ասում է, որ դասից փախել է, ես դրանում ոչ մի ահավոր բան չեմ տեսնում, որովհետեւ գիտեմ՝ նա կամ կինո է գնացել, կամ էլ ընկերների հետ զբոսնում է։ Իսկ Ամերիկայում, եթե իմ երեխաները բակում խաղում էին, ուրեմն պետք է ուղիղ խոհանոցի պատուհանների տակ խաղային, որպեսզի ես նրանց տեսնեի։ Իսկ եթե որոշում էին հակառակ կողմում խաղալ, ուրեմն ես պետք է աստիճաններին նստեի ու ուշադիր նայեի, որ նրանց ոչինչ չպատահի։ Անընդհատ վտանգ էի զգում։
– Անկախության տարիներին Սփյուռքից շատ հայեր Հայաստան եկան, շատերը նաեւ հիասթափվեցին։ Կարծես թե մնացին ամենաիրատեսները։ Հիասթափության ամենալուրջ պատճառն ինչո՞ւմ է։
– Ես ծնվել եմ Պարսկաստանում, մեծացել եմ Ամերիկայում, ու հիմա Հայաստանում եմ մշակվում։ Իմ եւ քո անցյալները տարբեր են (դուք ազդվել եք ռուսներից, ես՝ ամերիկացիներից ու պարսիկներից)։ Եվ եթե մենք սիրենք այդ տարբերությունները, շատ ավելի հարուստ կդառնանք։ Մենք իրականում շատ հարուստ ենք, ուղղակի ինքներս մեզ գնահատել, սիրել չգիտենք։ Ես պարսկահայի առոգանություն ունեմ եւ հաստատ եմ ասում, որ իմ առոգանությունը չեմ փոխելու։ Մեծացնելու եմ բառապաշարս, բայց ակցենտս չեմ փոխելու, քանի որ դա իմ անցյալն է։ Չեմ էլ ուզենա, որ դուք ձեր ակցենտը փոխեք։ Մեր տարբերությունները թույլ են տալիս մեր ազգին ավելի բազմակողմանի մտածել։ Դժբախտաբար, մենք այդ հարստությունը չենք կարողանում մեր մեջ տեղավորել։ Ես Հայաստան չեմ եկել այն պատճառով, որ այստեղ բոլորն ինձ նման են, ես գիտեմ, որ մշակույթների տարբերություն կա։ Գիտեմ նաեւ, որ այս տարբերությունը շատ սիրուն բան է, դա նշանակում է, որ դու «տալիք» ու «ստանալիք» ունես։ Հայաստան եկած այն սփյուռքահայերն են իրենց այստեղ վատ զգում, ովքեր պատկերացնում են, որ Հայաստանում բոլորը պետք է իրենց նման լինեին։
– Շատերի համար Հայաստանը ռոմանտիկա է…
– Դա սխալ է, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի իր տունն ու տեղը քանդի ու ռոմանտիկայի ետեւից գնա։ Սփյուռքում մենք բոլորս մեծացել ենք՝ մի օր Հայրենիք վերադառնալու հոգեբանությամբ։ Այսինքն, մենք պետք է տարբեր լինեինք, պահպանեինք մեր լեզուն, որովհետեւ մի օր պիտի Հայաստան գնայինք։ Հիմա մենք գալիս ենք, բայց հաճախ սխալ հոգեբանությամբ ենք գալիս, ուզում ենք այստեղ տեսնել այն, ինչը սովոր ենք տեսնել։ Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ պահանջել, որ դուք խնդիրներին այնպես մոտենաք, ինչպես ես եմ սովոր մոտենալ։ Մենք տարբեր ենք, եւ տարբեր պիտի լինի մեր վերաբերմունքը։ Փոխադարձ վերաբերմունքը։