Գործնական ընդունելությունները թեեւ ավելի ազատ, անկաշկանդ մթնոլորտ են ենթադրում, քան գործնական հանդիպումները կամ բանակցությունները, սակայն նույն նպատակն են հետապնդում, այն է՝ փոխշահավետ պայմանագրեր կնքելը:
Ընդունելությունների կիսապաշտոնական մթնոլորտը ներկաներին թույլ է տալիս օգտակար ծանոթություններ հաստատել, հայացքներ եւ կարծիքներ փոխանակել, ընդլայնել եւ խորացնել արդեն գոյություն ունեցող գործնական հարաբերությունները, ավելի լավ ծանոթանալ հնարավոր գործընկերների հետ:
Գործնական ընդունելությունները կարելի է բաժանել մի քանի խմբի:
1. Ցերեկային ընդունելություններ:
– Գործնական նախաճաշ: Սկսվում է 8:15-9:00-ին: Տեւողությունը՝ 30 րոպեից մինչեւ մեկ ժամ: Հագուստը՝ ամենօրյա գործնական կոստյում: Նպատակը՝ առաջիկա պայմանագրերի, գործարքների եւն սկզբունքային հարցերի քննարկում: Նպատակահարմար է, որ մասնակիցների թիվը մեծ չլինի՝ հինգ հոգուց ոչ ավելի: Ալկոհոլային խմիչքներ չեն մատուցվում, ճաշացանկը սահմանափակ է, մասնակիցների տիկնայք չեն հրավիրվում:
– Նախաճաշ: Սկսվում է 12:00-12:30, տեւողությունը՝ 1-1,5 ժամ: Հագուստը՝ ամենօրյա գործնական կոստյում: Ճաշացանկը՝ սառը նախուտեստներ, 1-2 տաք ճաշատեսակ, աղանդեր, սուրճ: Խմիչքներից՝ չոր գինիներ, շամպայն: Մասնակիցների տիկնայք չեն հրավիրվում:
Ընդհանուր առմամբ ցերեկային ընդունելություններն ավելի գործնական բնույթ են կրում, քան երեկոյան ընդունելությունները:
2. Երեկոյան ընդունելություններ:
– Կոկտեյլ: 1,5-2 ժամ տեւողությամբ ընդունելություն, որը սովորաբար անցնում է կանգնած: Խմիչքը, ինչպես նաեւ տաք եւ սառը նախուտեստները, մատուցում են մատուցողները: Երբեմն նման ընդունելությունների ժամանակ բուֆետ է լինում, ցանկացողներին այնտեղ խմիչք է առաջարկվում: Սկիզբը՝ մոտավորապես 17:00: Հագուստը՝ ամենօրյա:
– Ֆուրշետ: Տեւողությունն ու ժամը նույնն են, ինչ որ կոկտեյլի ժամանակ: Այս ընդունելությունը եւս անցնում է կանգնած, սակայն մի տարբերություն կա. ֆուրշետի ժամանակ անկյուններում դրված են սեղաններ՝ տաք եւ սառը խորտիկներով, նաեւ սպասք: Հյուրերն իրենք են իրենց ափսեներով վերցնում այն, ինչ ուզում են: Սակայն ընդունելության անվանումը հուշում է, որ սեղաններին գտնվում են միայն այն ճաշատեսակները, որոնք կարելի է ուտել առանց դանակի օգտագործման, կանգնած, այսինքն՝ ափսեն բռնելով ձախ ձեռքով, իսկ պատառաքաղը՝ աջ: Հագուստը, ինչպես եւ կոկտեյլի ժամանակ, ամենօրյա է, սակայն ավելի մուգ գույների, կանայք ավելի տոնական կոստյումով են:
– Բուֆետ-ճաշ: Սկսվում է 18:00-20:00-ին, տեւում է 2,5-3 ժամ: Սկզբունքային տարբերությունը կոկտեյլից եւ ֆուրշետից այն է, որ այն անցնում է նստած: Ճաշատեսակներն ու սպասքը գտնվում են մի ընդհանուր մեծ սեղանի վրա, իսկ հյուրերի համար տեղադրված են ավելի փոքր սեղաններ, որոնց շուրջ տեղավորվում են 4-6 հոգի: Հյուրերն իրենք են մոտենում մեծ սեղանին, վերցնում այն, ինչ ուզում են, ապա նստում փոքր սեղանների շուրջ: Թեեւ այս ընդունելությունն անցնում է երեկոյան, սակայն սմոքինգն ու երեկոյան զգեստը պարտադիր չեն, քանի որ ընդունելությունն ինքնասպասարկում է ենթադրում:
– Ճաշ: Սա ընդունելությունների ամենահանդիսավոր ձեւն է: Նշենք, որ ամենահարգված հյուրերը, օրինակ՝ ֆիրմայի առաջին դեմքերը, կարող են հրավիրվել տիկնանց հետ: