Սամվել Բաբայանը մեծամասնականով էլ է առաջադրվելու

25/01/2007

Մեծամասնական բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ (ցանկալի է կուսակցությունների առաջնորդների մակարդակով) առաջադրելու ընդդիմադիր որոշ շրջանակների ծրագրերը, գաղտնիք չէ, որ ոչ միանշանակ են ընդունվում մյուս ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Նրանցից շատերը բացասական են վերաբերվում այդ ծրագրին, հիմնավորելով դա այն պատճառաբանությամբ, որ կուսակցության առաջնորդներն ընտրական շրջանում գերծանրաբեռնված են լինելու բուն կուսակցական հոգսերով եւ պարզապես ժամանակ չեն ունենալու սեփական մեծամասնական ընտրատարածքում ընտրարշավը լիարժեք կազմակերպելու համար: Այս տեսակետը կարծես թե չեն կիսում «Դաշինք» կուսակցությունում: Օրերս այդ կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը նորից հայտարարեց, որ իր գլխավորած կուսակցությունը պառլամենտական ընտրություններում առանձին է հանդես գալու, առանց որեւէ դաշինքներ կազմելու: Իսկ երեկ «168 Ժամ» թերթի թղթակցին հայտնի դարձավ, որ «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել նաեւ մեծամասնական ընտրատարածքներից մեկում: