«Կոնվերսբանկը» վաճառվում է

25/01/2007

Օրերս «Նոյյան տապանը» տեղեկատվություն էր տարածել, թե արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է գնել հայկական «Կոնվերսբանկը»: Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն, արդեն մի քանի ամիս է, ինչ պտտվում էին, բայց համապատասխան պաշտոնյաներից ոչ ոք չէր հաստատում այն: Այժմ «Կոնվերսբանկը» «միանշանակ վաճառվում է»: Այս մասին երեկ մեր թղթակցին հաղորդեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, սակայն, բանկի գնորդը դեռ հայտնի չէ: «Այժմ դեռ բանակցություններ են վարվում Էդուարդո Էռնեկյանի հետ: Վերջնական արդյունքները պարզ կլինեն կա՛մ այս ամսվա վերջին, կա՛մ փետրվարի սկզբին»,- ասաց Ա. Հանեսյանը: Իսկ «Կոնվերսբանկի» աշխատակիցներից մեկի խոսքերով` բանկի ներսում հիմնականում շրջանառվում է Էռնեկյանի անունը` որպես բանկի ապագա սեփականատեր: