Սնանկանալու կարճ ճանապարհը

07/05/2005 Մուշեղ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Հայաստանում առաջինը սեփականաշնորհեցին հողը, գյուղտեխնիկան, անասնագլխաքանակը եւ մնացած այն ամենն, ինչը կապված էր գյուղի հետ: Ընդ որում, հողը մասնավորեցվեց անվարձահատույց, իսկ տեխնիկան եւ անասունները՝ խորհրդանշական գներով՝ գերարժեզրկման պայմաններում: 1992-ին արդեն չկար որեւէ պետական գյուղձեռնարկություն:

Որպես կանոն, տնտեսության այս ճյուղը խորհրդային տարիներին միշտ աշխատել է պետության կողմից հատկացվող տարեկան անվերադարձ լրավճարով, այսինքն՝ վնասով: Եվ դա բնական է, քանզի նույնիսկ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Նիդեռլանդները, Բելգիան, Ֆրանսիան եւ այլն, գյուղատնտեսության որոշ ճյուղեր մինչ այժմ էլ ստանում են պետական օգնություն՝ իհարկե, հետ վերադարձնելու պայմանով: Այս հանգամանքը կապված է տնտեսության այս ճյուղի սեզոնայնության հետ. որպես կանոն՝ գարնանը եւ աշնանը նորմալ գործունեություն ծավալելու համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ են հավելյալ շրջանառու միջոցներ, որոնք փոխհատուցվում են ստացված արդյունքն իրացնելուց հետո:

Իսկ ովքե՞ր են զբաղվում Հայաստանի գյուղացիական տնտեսությունների վարկավորմամբ, եւ ի՞նչ պայմաններով են տրամադրվում փոխառու միջոցները:

Նախ նշենք, որ գյուղացիական տնտեսությունների թիվը ՀՀ-ում կազմում է շուրջ 130.000, որոնց գերակշիռ մասն անհատական են: Սեփականաշնորհումից անմիջապես հետո, կապված երկրի տնտեսության ճգնաժամային վիճակի հետ, կտրուկ նվազեցին գյուղմթերքների արտադրության ծավալները, եւ դրանք սկսեցին ներկրվել դրսից: Այս անկումը բացատրվում է նաեւ շրջանառու միջոցների սուր պակասով: Դե, իսկ որտեղ կա պահանջարկ, հայտնվում են նաեւ առաջարկողները: Ներկայացնենք դրանցից մեկին՝ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությանը:

Որ Հայաստանում բազմաթիվ են տարատեսակ միջազգային կազմակերպությունները, բոլորս գիտենք: Որ դրանց մեծ մասը քողարկված կրոնական գործունեություն է ծավալում, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Սակայն պարզվում է, որ դրանք զբաղվում են նաեւ ֆինանսական գործունեությամբ, որի նպատակը, որպես կանոն, փողի լվացումն է Հայաստանի նման երկրներում, որտեղ բարեգործության անվան տակ ներհոսող փողերը ոչ ոք չի վերահսկում:

«Վորլդ Վիժնն» ունի կաթոլիկ ուղղվածություն, կազմակերպության ղեկավար Ռոբերտ Դիրեյը կաթոլիկ աշխարհում ճանաչված քարոզիչ է: Իսկ որպեսզի սույն կազմակերպության ֆինանսական գործունեությունը աչքի չզարնի, ստեղծվել է «Սեֆ Ինտերնեշնլ» ձեռնարկությունը, որի հիմնադիրը «Վորլդ Վիժնն» է: Հենց «Սեֆն» էլ զբաղվում է գյուղացիական տնտեսությունների, անհատ ձեռներեցների, առեւտրային եւ սպասարկող կազմակերպությունների վարկավորմամբ: Ֆինանսական ակտիվ գործունեություն «Սեֆ»-ը ծավալել է ողջ հանրապետությունով մեկ եւ մասնավորապես Սյունիքի մարզում, որտեղ «Վորլդ Վիժնը» աշխատում է շուրջ 10 տարի: Մենք զրուցեցինք «Սեֆի» աշխատակից Ավետ Հարությունյանի հետ, որն էլ ներկայացրեց Սյունիքի մարզում իրենց գործունեության արդյունքները: Կապանի տարածաշրջանում հատկացված վարկերի վերադարձելիությունը, ըստ Ա. Հարությունյանի, կազմում է 98%, Գորիսում՝ 60-70%, շատ ավելի վատ է վիճակը Սիսիանում՝ այստեղ վերադարձնում են վարկերի կեսից քիչ ավելին: Սա բավականին տարօրինակ է, որովհետեւ Սիսիանում եւ Գորիսում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար պայմաններն ավելի բարենպաստ են, քան հողազուրկ եւ անտառապատ Կապանում, եւ հետեւաբար վարկերի վերադարձելիությունը հակառակ պատկեր պետք է ունենար: «Վորլդ Վիժնի» մասին իմ հիշատակությունն ակնհայտորեն նյարդայնացրեց Ա. Հարությունյանին, եւ նա չցանկացավ այդ թեմայի շուրջ ծավալվել: Իսկ եթե վարկատու կազմակերպության հիմնադիրը բարեգործական կազմակերպությունն է, որը շահաբաժին է ստանում «Սեֆի» եկամուտներից, ապա ստացվում է, որ բարեգործությունն արվում է հենց նույն ժողովրդից ստացած գումարներով: Հատկացվող վարկերի պայմանների ծանրության մասին չնշելով՝ ասենք միայն, որ Սիսիան քաղաքում «Սեֆն» ունի դատարանով աճուրդի հանված հարյուրի հասնող բնակարաններ եւ առանձնատներ, գյուղացիական տնտեսությունների գույքի բռնագանձման մի քանի տասնյակ որոշումներ: Եվ այս ամենը արդյունքն է «Սեֆի» ճարպիկ վարկատուների ակտիվ աշխատանքի:

Գյուղվարկը նրանք հատկացնում են առավելագույնը 1 տարի ժամկետով, տարեկան 24% տոկոսադրույքով, տոկոսավճարի ամենամսյա գանձման պայմանով, ինչի արդյունքում էլ՝ նրանցից վարկ վերցրած գյուղացիների մեծ մասը հայտնվել է սնանկացման եզրին: Իմ այն հարցին, թե որքանո՞վ է գյուղացուն հարմար տոկոսավճարի ամենամսյա մուծումը, Ավետ Հարությունյանն ուղղակի պատասխանեց, որ իրենց է այդպես հարմար: Պատճառների թվում կարելի է նշել գյուղացիների անելանելի վիճակը, քանզի փոխառության այլ աղբյուրները եւս նման պայմաններ են առաջարկում: Երաշտի եւ այլ տարերային աղետների դեպքերը կնքված պայմանագրերի ոչ մի կետում չեն նշվում, այսինքն փոխառված գումարը ցանկացած դեպքում ենթակա է վերադարձման: Պետությունն էլ որեւէ կերպ չի միջամտում իր քաղաքացուն այս կարգի «բարեգործներից» պաշտպանելու գործին: Արդյունքում վարկատուները դատարանների որոշմամբ տիրանում են գյուղացու ունեցվածքին, որը շատ դեպքերում կրկնակի գերազանցում է հատկացված վարկի գումարին, որովհետեւ գրավի գնահատումը կատարում է հենց «Սեֆի» աշխատակիցը՝ բնականաբար, շուկայական արժեքից անհամեմատ էժան: Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ մեկ կովի արժեքը «Սեֆը» գնահատում է մոտ 83.000 դրամ, այն դեպքում, երբ միայն մեկ տարում այդ կովից կթված կաթի արժեքը երեք անգամ գերազանցում է նշած գումարը: Այստեղ պատճառների թվում Ա. Հարությունյանը նշեց վարկի ռիսկայնության բարձր աստիճանը: Տրամաբանությունը հուշում է, որ եթե «Սեֆի» աշխատակցի խելքին փչեր, որ մեկ կովը կարելի է գնահատել, ասենք, 30.000 դրամ, ռիսկը կհավասարվի զրոյի: «Սեֆի» եւ գյուղացիների միջեւ կնքված վարկային պայմանագրերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տոկոսավճարը նշվում է որպես սպասարկման վարձ՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, իբրեւ թե, նա ոչ թե վարկ է տրամադրում, այլ ուղղակի «օգնում է» խնդրատուին: Բացի այդ, վարկառու գյուղացին վճարում է նոտարական ծախսերը, եւս 10.000 դրամ նրանից գանձվում է՝ որպես անդամավճար վարկային ակումբին: Ստացվում է, որ վարկը հատկացվում է ոչ թե տարեկան 24% տոկոսադրույքով, այլ ավելին, որովհետեւ վարկառուն, ստորագրելով 250.000 դրամ գումարի դիմաց, ստանում է մոտ 234.000 դրամ: Շրջանառվող փոխառու գումարի ծավալը միայն Սյունիքի մարզում գերազանցում է 500.000 ԱՄՆ դոլարը, շահույթի մասին դատեք ինքներդ: Հաջորդ համարում կներկայացնենք վարկավորմամբ զբաղվող մյուս կազմակերպություններին, որոնց արածը սակայն քիչ է տարբերվում «Վորլդ Վիժնի»  գործունեությունից: