«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտել են ՀՀ նախագահը, արտգործնախարարը, Թուրքիայի նախագահը, վարչապետը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ, միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ եւ այլք: Դատապարտել են նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ու «Ազգային Միաբանությունը», «Բարգավաճ Հայաստանը» եւ այլ կուսակցություններ: Մասնավորապես ԱՄ-ն իր հայտարարությունում նշել է, թե աշխարհի այն երկրները, որոնք չեն դատապարտել հայերի ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, պետք է գիտակցեն, որ թուրքերն ու ազերիները շարունակելու են իրենց հայատյաց ու հայասպան քաղաքականությունը, քանի դեռ չեն արժանացել համապատասխան վերաբերմունքի միջազգային հանրության կողմից: ԲՀԿ-ն էլ, խստորեն դատապարտելով այդ բարբարոսական արարքը, Թուրքիայի իշխանությունից ակնկալում է, որ մարդասպանը եւ հնարավոր կազմակերպիչները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ ԳԱԱ-ն էլ իր դատապարտող հայտարարության մեջ նշում է, որ «այդ զարհուրելի ոճրագործությունը հանդիսացավ հայոց ցեղասպանության ժխտման թուրքական ավանդական քաղաքականության տրամաբանական շարունակությունը եւ մեկ անգամ եւս փաստեց այն իրողությունը, որ հանրապետական Թուրքիան առավել քան հեռու է խոսքի ազատության, մարդու եւ ժողովուրդների իրավունքների հարգման ու ժողովրդավարական այլ արժեքների կրող երկիր լինելուց»։ Դինքի սպանությունը դատապարտել են նաեւ ՀՀ ազգային փոքրամասնությունները: