«Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը երեկ հայտարարել է, թե ծիծաղելի է, երբ որեւէ մեկն ասում է, որ ՀՀ-ում 2007թ. ընտրությունը չի կեղծվի: Նա կարեւոր է համարում, որ ԱԺ-ն լինի լեգիտիմ: Ըստ նրա, միջազգային կառույցներն այս անգամ «մեզ պահելու են խոշորացույցի տակ»: Հիշեցնենք, որ «Հզոր Հայրենիքը» 2003-ին չկարողացավ հաղթահարել 5%-անոց արգելքը: Վ. Վարդապետյանը համոզված է, որ արգելքը հաղթահարված է եղել, բայց ձայները խլել են: Նրա գնահատմամբ՝ իրենք 5%-ի խնդիր չունեն եւ ունեն կայուն, առնվազն 100 հազար ընտրազանգված: Ընդ որում, դրա միայն 25%-ն է ծնունդով Ջավախքից: «Մենք անգամ հնարավորություն ունենք, որ ընտրությունների հաջորդ օրը մեր բոլոր ձայն տված մարդկանց, այսպես ասած, հավաքենք եւ ասենք` եկեք տեսեք, հաշվեք: Բնականաբար մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, որ պահպանենք մեր ունեցածը եւ մեր ձայները հասնեն մեզ: Ամեն ինչ անելու ենք, հնարավոր եւ անհնար բոլոր միջոցների դիմելու ենք»,- հավաստիացրել է կուսակցության ղեկավարը: Վերջինիս խոսքերով՝ ընտրության արդարության պատասխանատուն պետք է լինի իշխանությունը եւ սխալ է պատասխանատվությունը քաղաքական ուժերի վրա դնելու մոտեցումը: «Իշխանությունը պետք է լինի երաշխավոր: Ի՞նչ է անելու քաղաքական ուժը: Ասեք, հասկանամ, թե կուսակցությունն ի՞նչ պետք է անի: Հեչ, իր շահը պետք է պաշտպանի, եթե տեսնում է` կեղծիք է, ասում է` լավ` իմ հաշվին անեմ: Թող այդ կեղծիքներն իմ օգտին լինեն: Այդպիսի ավանդույթ է ձեւավորվել»,- նկատել է Վ. Վարդապետյանը: