Հայաստանում արդեն մոդայիկ է դարձել ռուսական «մեսիջներ» ստանալը: Հերթական հաղորդագրությունը տարածեց ՌԴ-ում մանրածախ առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը` «Եվրոսետ» խանութների ցանցը:
Բջջային հեռախոսների եւ բջջային կապի ծառայությունների վաճառքով զբաղվող այս ընկերությունը, որն արդեն մասնաճյուղեր ունի 11 երկրներում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Էստոնիա, Լիտվա, Ղազախստան եւ այլն) ռուսական առաջին համանման ընկերությունն է, որ մուտք գործեց հայաստանյան շուկա: «Եվրոսետի» տարեկան շրջանառությունը 2006թ. կազմել է 4,62 մլրդ դոլար:
Ռուսաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «Եվրոսետի» խանութների: Ընդ որում, նկատենք, որ ընկերությունը գրեթե փող չի խնայում գովազդի վրա: Իսկ ՌԴ տնտեսության զարգացման ցանկացած միտում որոշ ժամանակ անց նկատվում է նաեւ Հայաստանում: «Եվրոսետն» արդեն երկու խանութ բացել է Երեւանում եւ մինչեւ տարեվերջ պլանավորում է այդ թիվը հասցնել 30-ի: Մեկնաբանելով 10-ամյա այս ընկերության մուտքը Հայաստան` «Եվրոսետի» նախագահ Էլդար Ռազրոեւը հայտարարել է. «Մեր հայաստանյան գնորդներին այժմ հասանելի կլինի բջջային հեռախոսների ու թվային տեխնիկայի լավ ընտրանի` ընկերության համար ավանդական ցածր գներով: Ինչպես եւ մյուս երկրներում, Հայաստանում մենք սպառողներին կառաջարկենք որակյալ սերվիսի եւ սպասարկման բարձր ստանդարտներ»: Սակայն այս պահի դրությամբ, «Եվրոսետը» դեռ չի ապահովում այդ ստանդարտները: Երեւանյան երկու խանութներում էլ հեռախոսների գներն ավելի էժան չեն, իսկ երբ որեւէ հեռախոսի մասին աշխատողներից ինֆորմացիա ես հարցնում, խնդրում են սպասել, որպեսզի ճշտեն եւ հետո պատասխանեն:
Բացի բջջային հեռախոսների մանրածախ առեւտրից, ընկերությունը ՌԴ-ում աշխատում է բջջային կապի խոշոր օպերատորների հետ: Օրինակ, կազմակերպում է «MTC»-ի «Բիլայնի», «Մեգաֆոնի» մատուցած ծառայությունների վճարումը: Արդյո՞ք նման համագործակցություն հնարավոր է նաեւ Հայաստանում: «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ «ԱրմենՏելը» նախատեսում է համագործակցել «Եվրոսետի» հետ: Բացի այդ, հայաստանյան բջջային կապի օպերատորն ուրախ է, որ իր «հայրենակիցը» եկել է Հայաստան: «Եվրոսետ» ընկերությունը հանդիսանում է Ռուսաստանի բջջային հեռախոսների եւ բջջային կապի ծառայությունների խոշորագույն դիլերներից, եւ «ԱրմենՏելը» ողջունում է նման ընկերության մուտքը հայկական շուկա»,- ասացին ընկերությունից: Իսկ միգուցե «Եվրոսետի» մուտքը կապված է այն հանգամանքի հետ, որ «ԱրմենՏելի» այժմյան սեփականատերը ռուսական «ՎիմպելԿո՞մն» է, որի հետ ՌԴ-ում համագործակցում է «Եվրոսետը»: Այս հարցին մեզ «ԱրմենՏելից» բացասական պատասխան տվեցին:
Ինչ-որ առումով ՀՀ կապի ոլորտը սկսում է նմանվել էներգետիկ ոլորտին: Այսինքն, տնտեսության այս երկու հատվածներում էլ գերակշիռ մասը պատկանում է ռուսներին: Սկզբում ռուսական «Կոմստար» ընկերությունը, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է «MTC»-ին, գնեց հայաստանյան խոշոր ինտերնետ պրովայդերներից մեկը: Մի քանի օր անց «ԱրմենՏելի» սեփականատերը դարձավ «ՎիմպելԿոմը»: Այժմ էլ, որպեսզի ամեն ինչ «իր տեղում լինի», պետք էր այնպիսի մի ընկերություն, որը համալրեր այս ոլորտում ծառայությունների մատուցումը: Եվ այս ամենը սկսվեց այն բանից մի քանի օր հետո, երբ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանին «նախատեց» նրա համար, որ ռուսական կապիտալը Հայաստանի ներդրումներում մեծ տեղ չի գրավում:
Սակայն ռուսական կապիտալի այս վերջին մուտքը Հայաստան ուղղակիորեն վնաս է պատճառելու շատերի գրպաններին, հիմնականում նրանց, ովքեր բջջային հեռախոսներ են ներմուծում Հայաստան: «Եվրոսետը» ՌԴ-ում LG-ի, Motorola-ի, Samsung-ի, Siemens-ի, SonyEricsson-ի եւ այլ ընկերությունների պաշտոնական գործընկերն է: Պարզ է, որ Հայաստանում ներդրում կատարելուց առաջ ընկերությունն ուսումնասիրել է տեղական շուկան, դրա հնարավորությունները եւ իր մրցակիցներին: Ու եթե մտել է հայաստանյան շուկա, ապա կա՛մ մրցակիցների հետ փոխհամաձայնության է եկել, կա՛մ էլ վստահ է, որ կկարողանա էժան գների քաղաքականությամբ մրցել նրանց հետ: