Ավագանու ինստիտուտը չի կայացել

07/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը, շատերի կարծիքով, թերի է եւ չի նպաստում ավագանու ինստիտուտի կայացմանը: Իսկ ոմանք էլ պնդում են, թե պատճառը ոչ միայն օրենքի թերի լինելն է, այլեւ այն, որ ավագանին ինքը չի օգտագործում իրեն վերապահված լիազորությունները:

Համայնքի ղեկավարն օգտագործում է իր լծակները՝ ավագանու յուրաքանչյուր անդամի վրա ազդելու համար, եւ երբ իր համար ձայների ցանկալի քանակն ապահովում է, կարողանում է արհամարհել ավագանու այն անդամների կարծիքը, որոնք դեմ են համայնքի ղեկավարի (թաղապետի) ինչ-ինչ որոշումներին եւ առհասարակ գործունեությանը: Մանավանդ, որ ավագանիների մեծ մասը թաղապետերի հետ իրենց անձնական հարցերն են լուծում՝ սեփական ավտոտնակի ձեռքբերում, գույքահարկի զիջում, մետաղյա ավտոտնակի փոխարինում` քարե ավտոտնակով, կրպակների տեղադրման թույլատրություն եւ այլն: Այդքանից հետո ավագանու անդամի հակադրվելը թաղապետի որեւէ որոշման, կամ համայնքի բյուջեի փոշիացման դեմ որեւէ ընդդիմախոսություն պարզապես անբարոյական քայլ կդիտվի թաղապետի կողմից՝ «Բա մոռացա՞ր, որ քեզ ավտոտնակ կամ կրպակ տվեցի, իրար հետ էդքան հաց ենք կերել…» հիշեցումով: Իսկ համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները, սովորության համաձայն, համայնքի բյուջեն հաստատելուց առաջ կամ հետո, կամ որեւէ կարեւոր որոշում կայացնելու ընթացքում ճոխ սեղան են նստում: Համայնքի ղեկավարի եւ ավագանու հարաբերություններում առկա է «դու` ինձ, ես` քեզ» սկզբունքը, հետեւաբար, ավագանու որոշումներն օբյեկտիվ չեն կարող լինել: Օրենքում ամրագրված «Համայնքի ավագանու իրավասությունը» կետը սահմանում է, որ ավագանին հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը, հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ինչպես նաեւ վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը եւ համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը:

Ախպերության սկզբունքով

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Արսեն Ֆիդանյանի կարծիքով՝ ավագանու անդամների թվաքանակը նույնպես խոչընդոտում է իրավական դաշտում գործունեության կազմակերպումը: Օրինակ, 15 հոգուց բաղկացած ավագանու անդամներից ութը թաղապետի գաղափարակիցն է, հետեւաբար, եթե մյուս յոթ անդամները փաստաթղթում չեն ստորագրում, ապա, որպես կանոն, ընդդիմադիր կողմի բոյկոտը ուժ չի ունենում: Անհրաժեշտ է ունենալ 5-6 ավագանի, որպեսզի ձայների օբյեկտիվությունն օրենքի սահմաններում լինի: Այլապես շատերն ուղղակի արտահայտում են համայնքի ղեկավարի կամքը, իսկ հակասությունն այլեւս անիմաստ է դառնում: Ժողովրդի ընտրյալ ավագանին գոնե պետք է տիրապետի օրենսդրությանը, որպեսզի հասկանա, թե տվյալ որոշումն ինչպես է անդրադառնալու համայնքի վրա, այլապես նույն ութ հոգու ստորագրությամբ հաստատված որոշումները շատ դեպքերում վնասում են համայնքի գործունեությանը եւ վատ հետեւանքներ են ունենում: «Նիստերի ժամանակ ընդդիմադիր կողմը ոչնչի չի հասնում, քանի որ թաղապետն իր թեւի տակ ավագանու անդամներ ունի, եւ կայացվելիք որոշումը, բնականաբար, ի շահ թաղապետի է լինում, այս դեպքում հաշվի չեն առնվում մյուս կողմի պնդումները,- ասում է պրն Ֆիդանյանը: -Վերոնշյալ մարդիկ թաղապետի ցանկացած առաջարկի տակ ստորագրում են, առանց ուսումնասիրելու, կարդալու տվյալ որոշումը: Շատերին պարզապես անհրաժեշտ է ավագանու կարգավիճակը, որպեսզի կարողանան իրենց օբյեկտները պաշտպանել, այնպես որ, նրանք պատրաստ են թաղապետի ցանկացած հրահանգ կատարել: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ այս տարի մենք ձեռքբերում ունեցանք, թեեւ թաղապետը դժվարությամբ համաձայնեց: Մենք որոշեցինք համայնք դիմող ոչ պետական բուհերում սովորող ուսանողներին վարձավճարների հարցում չօգնել, քանի որ 4-5 տարի գումար ենք հատկացնում, բայց արդյունքում պետական կարգավիճակ չունեցող դիպլոմները պետք չեն գալիս: Այսինքն, համայնքն օգնում է սոցիալապես անապահով այն ուսանողներին, ովքեր սովորում են պետական հաստատություններում եւ հետագայում համայնքի գործունեության համար կարող են պիտանի լինել»: Պրն Ֆիդանյանի հավաստմամբ՝ ավագանիներն այնքան սկզբունքային չեն, որ կարողանան ընդվզել ոչ ճիշտ որոշումների դեմ: Համեմատելով ավագանուն ԱԺ պատգամավորի հետ, վերջինս նշում է, որ տարբերությունը շատ մեծ է: Պատգամավորը ցանկացած հարցում շահելու հնարավորություն ունի, իսկ ավագանին անգամ համայնքի բաժնի վարիչների վրա իշխանություն չունի: Բաժնի վարիչները ենթարկվում են թաղապետին, եւ ավագանին, ըստ էության, ազդելու ոչ մի լծակ չունի: Թեեւ օրենքներում ամրագրված են ավագանուն վերապահված շատ մեծ իրավունքներ, այդուհանդերձ, ավագանին չի կարող դա կիրառել: «Անհրաժեշտ է 5-6 ավագանու առկայություն,- ասում է նա,- ովքեր թաղապետին կասեն՝ ախպերություն-ընկերությունը մոռանում ենք, այս հարցը սխալ է, եկեք վերանայենք, նորից քննարկենք: Այս դեպքում եւ՛ համայնքի գործերը կլավանան, եւ՛ ծախսերը կվերահսկվեն, եւ՛ հարկահավաքում ախպերության մթնոլորտ չի լինի, ինչն առկա է եւ՛ մեր համայնքում, եւ՛ բոլոր համայնքներում: Այլապես այդ ախպերական հարաբերություններում բյուջեն միշտ դոփելու է: Այս տարի մեր բյուջեն կազմում է 1մլրդ 330 մլն դրամ, իսկ դա քիչ գումար չէ: Ֆինանսների նախարարությունը տարվա համար ստուգում է իրականացնում, ստուգումների ժամանակ մեկի մտքով չի անցնում ապահովել նաեւ ավագանիների ներկայությունը: Ակտեր են գրում, իսկ ավագանին գաղափար չունի, թե ինչ է կատարվում, դրա մասին կառավարությունը պետք է մտածի: Այնպես որ, թաղապետի լծակները շատ-շատ են, հարկավոր է օրենքում փոփոխություն կատարել: Եթե ութ հոգի ստորագրում են որոշման տակ, գանձապետարանում որոշումն անցնում է, մինչդեռ գանձապետարանը պետք է կասեցնի գործունեությունը եւ մտածի, թե ինչպես է լինում, որ միշտ նույն ութն են ստորագրում: Դա անցողիկ դաշտ է, սկզբունքային ավագանու տեսակետը շրջանցում են, որովհետեւ ձեռք չի տալիս: Նույն ազգանունները ստորագրում են, գանձապետարանն էլ գումարներ է դուրս գրում: Ստացվում է` այն ավագանին, որը «պրինցիպ» ունի, ձայն ու պահանջ չի կարող ունենալ: Այս դաշտն այնքանով է բաց, որ «պրինցիպիալնի» յոթ հոգու ընդդիմադիր ձայներն ուժ չունեն, իրենց այդ ձայները պետք էլ չեն, որովհետեւ մյուս անդամների ստորագրությունները ստաբիլ են: Բնականաբար, հիասթափվում ես, աշխատանքը կանգ է առնում, իսկ փողերը լվացվում են»:  

Այդուհանդերձ, թաղապետն` իր ապարատով հանդերձ, եթե ավագանու ընդդիմադիր հայացքներն ընդունի, ապա համայնքի գործունեությունը կկանոնակարգվի, այլապես ստացվում է, որ ընկերական փոխհարաբերության արդյունքում ստվերը մեծանում է, եւ համայնքի այն կառույցները, որոնք ղեկավարում են նույն ծանոթ-բարեկամները, նպաստում են հարկային դաշտը ստվերում պահելու հանգամանքին: Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Աղվան Գրիգորյանի գործունեությանը, ապա ավագանու բնորոշմամբ` թաղապետը ջանք չի խնայում համայնքի կյանքը բարելավելու համար: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Արսեն Ֆիդանյանը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել հոկտեմբեր ամսին կայանալիք ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրություններում, քանզի որպես ավագանի` անիմաստ պայքարի արդյունքում հիասթափություն է ապրել:  

Թաղապետ-ավագանի տանդեմ. ես՝ քեզ, դու՝ ինձ

Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամ Մանվել Սարիբեկյանի  բնորոշմամբ` ավագանու ընտրություններն իրականում կայանում են այն մարդկանց շրջանակներում, ովքեր թաղում ակտիվ են, կամ, ասենք՝ թաղապետի եւ այլ ընտրությունների ժամանակ էլեկտորատ են ձեռք բերել: Ընտրողներից շատերը գաղափար չունեն, թե առաջադրված թեկնածուն որքանով է հասկանում իր անելիքը, կարծում են, թե դա թաղային լիազորի կարգավիճակն է: Մանվել Սարիբեկյանի կարծիքով, եթե դիտորդներին եւ վստահված անձանց շատ հնարավորություններ տրվեին, ապա ընտրական կեղծիքները կնվազեին: Այսինքն՝ միջխմբակցությունների, կուսակցությունների պայմանավորվածությունները, առեւտուրը դրամական կամ բարտերային տեսքով կնվազեին: «Վերցնենք ՀԺԿ-ն. նախկին թաղապետը եւ ավագանու անդամներից մի քանիսը ՀԺԿ-ից էին,- ասում է նա: -Շատ հարցերի շուրջ նրանց մոտեցումների վերաբերյալ ես պնդում էի, որ կամ դուք պետք է թաղապետի հետ միասին մտնեիք նույն ծրագրով եւ պաշտպանեիք ձեր ծրագիրը, կամ պետք է լինեիք հակակշիռ, այսինքն` օպոզիցիոն դիրքորոշում ունենայիք: Նրանք ասում էին, թե կառուցողական օպոզիցիա են, մինչդեռ ի՞նչ ասել է` կառուցողական, եթե թաղապետը քո կուսակիցն է, թաղապետարանի շենքից դուրս եք գալիս, գնում եք դիմացի շենք կուսակցական նիստի մասնակցում. դա նշանակում է, որ մի թիմ եք: Գործադիրը պետք է ունենա հակակշիռ ուժ: Ավագանու անդամները պետք է լինեն թաղամասի երեւելի մարդիկ, որովհետեւ համայնքի զարգացման ծրագիր է մշակվում եւ բերվում հաստատման: Իդեալական տարբերակով եմ ասում, բայց ավագանին պետք է լինի համայնքի զարգացմանը նվիրված մարդ եւ ոչ թե մարդիկ, ովքեր ընտրվելուց հետո կնվնվան, թե աշխատանք կամ ծխախոտի գումար չունեն»: Վերջինիս հավաստմամբ՝ ավագանու ինստիտուտը դե յուրե կա, դե ֆակտո շատ վատ վիճակում է: Ավագանին ծրագիր հաստատողն ու ծրագիրը վերահսկողն է, բայց քանի որ թաղապետն իր թիմով է գալիս, մարդիկ իրենց քաղաքացիական դիրքորոշումը չեն պաշտպանում, բնականաբար, առաջ է քաշվում ծանոթ-բարեկամ էմոցիաների հանգամանքը, որի արդյունքում ստեղծվում է այս իրավիճակը: Ավագանու նախկին անդամ Մ. Սարիբեկյանը ժամկետից մեկ տարի առաջ հրաժարական տվեց ավագանու աշխատանքին, քանի որ բողոք էր հայտնել գործադիր մարմնին եւ իր գործընկերներին: Նա ասում է. «Երկրորդ անգամ վերընտրվելիս իմ առաջարկությամբ կանոնակարգն ամրագրվեց: Ի դեպ, Արաբկիրի այդ տարվա կանոնակարգը համարվում էր հանրապետության օրինակելի կանոնակարգը: Այնտեղ աշխատանքային հանձնաժողովներ կային, բաժնի պետերն իրենց մասնագետներով ավագանիներին պետք է տեղյակ պահեին բաժնում նախատեսվող աշխատանքների մասին: Ինչ-որ բան սկսեց աշխատել, բայց եկավ-հասավ մի փուլի։ Ոմանք մեծ աշխատանք, լոբբինգ տարան, որպեսզի այդ մեխանիզմը չաշխատի, բնականաբար, գործադիր մարմնի նախաձեռնությունն էր, իսկ լոբբինգն ավագանիների միջով անցկացրին, մարդկանց վերամշակեցին, որ այդ մեխանիզմը չաշխատի: Մինչդեռ այն բավական արդյունավետ էր. եթե ավագանու անդամը պետք է 2-3 ամիսը մի անգամ գա ինչ-որ բաների ծանոթանա, հոտոտելով վերահսկողություն իրականացնի, ապա դա մի հնարավորություն էր, երբ կազմավորված հանձնաժողովների միջոցով կվերահսկվեին աշխատանքները: Հիմա այդ մեխանիզմը չի գործում, քանի որ դա խթան էր, որի միջոցով ավագանին բնականոն ռեժիմով կաշխատեր, կառաջանար հակակշիռ թեւ»: Ավագանուն պրն Սարիբեկյանը որակեց` որպես մեր օրերի ձեւական բնույթի կառույց:

Այսպիսով, թաղապետ-ավագանի տանդեմի արդյունքում մեր համայնքներն այս անմխիթար վիճակում են: Այդ պատճառով էլ, երբ համայնքի հսկայական միջոցների եւ համայնքների ենթակայության խոշոր օբյեկտների օտարման ժամանակ վեճեր, հասարակական աղմուկ կամ դատական գործընթացներ են լինում, թաղապետերը ներկայացնում են ավագանու դրական որոշումը, թե` «Տեսե՛ք, ես միանձնյա չեմ որոշել, ի՞նչ անեի, ավագանու որոշումը կա…»: Ա՛յն ավագանու, որը թաղապետի կամակատարն է: