Ինչո՞ւ չեք կիրառում

25/01/2007

«Եթե կիրառենք բարձր չափանիշներ, դատավորների մի մասը չի համապատասխանի դրանց»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը՝ ավելացնելով, թե պետք է օր օրի բարձրացվեն դատավորներին առաջադրվող պահանջները: Ըստ նրա, դատավորների գործունեությունը պետք է ենթարկվի էթիկական խիստ վերահսկողության, իսկ դատարանում իրենց գործառույթներն իրականացնելիս եւ հասարակության մեջ որպես անհատ հանդես գալիս նրանց պահվածքը, վարվելակերպը պետք է էականորեն տարբերվի եւ լինի օրինակելի: «Այսօր մեծ նշանակություն ենք տալիս դատավորների էթիկայի, վարքագծի նորմերին եւ այն մեխանիզմներին, որոնք երաշխավորելու են այդ նորմերի կատարման նկատմամբ հսկողությունը»,- ասել է Հ. Մանուկյանը: Միաժամանակ նա նաեւ գտնում է, որ դատական համակարգի հետ կապված խնդիրներում պետք է լինել շատ ուշադիր, եւ դատական համակարգին առնչվող ցանկացած, այդ թվում` օրենսդրական փոփոխություն պետք է կատարվի «զգուշորեն, քանի որ մշտապես առկա է դատավորների անկախությունը խաթարելու վտանգը»: