Մոսկվան սպասում է նախարարներին

25/01/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Հունվարի 23-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումով Մոսկվայում կվերսկսվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացը: Օբյեկտիվ պատճառներով առանձնապես հույսեր չկային, որ բանակցությունները կվերսկսվեն. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, թե նախընտրական շրջանում ղարաբաղյան թեմայի շահարկումից խուսափելու նպատակով բանակցությունները որոշ ժամանակով դուրս կբերվեն ինտենսիվ հարթությունից: Դիվանագիտական լեզվով ասած՝ սա նշանակում է, որ դրանք չեն լինի, քանի որ եթե ինտենսիվ բանակցությունները քիչ բան էին տալիս կարգավորման իմաստով, ապա ոչ ինտենսիվ բանակցությունները դժվար թե արդյունավետ լինեն՝ հաշվի առնելով այն ընդհանուր լճացումը, որի մեջ գտնվում է բանակցային գործընթացը:

Հաշվի առնելով այս ամենը՝ Օսկանյանի հայտարարությունը, թե բանակցային սեղանին դրված է շատ հետաքրքիր փաստաթուղթ, եւ քաղաքական կամք դրսեւորելու դեպքում բանակցությունները կարող են տեղից շարժվել, չափազանց հետաքրքրական հնչեց: Ոչ պակաս հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկան Ադրբեջանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: Բաքուն նույնպես խոսում է «շատ հետաքրքիր փաստաթղթի» մասին, որի իրագործումը քաղաքական կամք է պահանջում: Ընդ որում՝ ադրբեջանական կողմն ավելացնում է, որ ինքն իր կողմից քայլեր է արել բանակցություններում առաջխաղացում գրանցելու ուղղությամբ, եւ նույնը սպասում է Հայաստանից: Այլ կերպ ասած՝ կարելի է ենթադրել, որ Բաքվում համարում են, թե ինչ-ինչ զիջումներ են արել Հայաստանին, եւ պատասխան զիջումների են սպասում Երեւանի կողմից:

Սակայն ի՞նչ «հետաքրքիր փաստաթղթի» մասին է խոսքը, որը երկկողմ հետաքրքրություն է ներկայացնում: Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց ներկայացվող սուր, իրարամերժ պահանջներով այնքան են հեռացել իրարից, որ թվում է՝ անիմաստ է շփման եզրեր որոնելը:

Առաջադրված հարցի պատասխանը գտնելու համար հարկ է հիշել քաղաքական դաշտի վերջին իրադարձությունները: Անցած շաբաթ, չնայած Եվրամիության եւ ԱՄՆ-ի՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը ֆինանսավորելուց հրաժարվելուն (ի դեպ, օվկիանոսից այն կողմ բոլոր ամերիկյան ընկերություններին օրենքով արգելված է մասնակցել այդ նախագծին), նախագծի ուղղակի մասնակիցները որոշեցին այն իրականացնել սեփական փողերով: Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը Թբիլիսիում շրջանակային համաձայնագիր են կնքել, եւ այժմ այն պետք է հաստատի խորհրդարանը: Հատկապես շահագրգռված է Ադրբեջանը: Թուրքիան, բնականաբար, սատարում է դրան, ինչպես սատարում է եղբայրական պետության բոլոր ձգտումներին: Սակայն միաժամանակ (ճիշտ է, փորձագետների մակարդակով), հստակ ընդգծվեց, որ Անկարան այդ քայլին գնում է քաղաքական դրդապատճառներից ելնելով եւ դաշնակից Բաքվին սատարելու անհրաժեշտությունից դրդված, քանի որ հիանալի հիշում է Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի գոյությունը եւ գիտի Հայաստանի՝ այն վերաշահագործելու ցանկության մասին:

Թբիլիսին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությանը վերաբերվում է եթե ոչ անտարբերությամբ՝ մոռանալով իր պատրոնի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը, ապա առանձնապես ոգեշնչված էլ չէ դրանով: Միայն հերթական անգամ, ինչպես միշտ, երբ խոսքը տարածաշրջանային նախագծերի իրականացմանն է վերաբերում, բողոքեց բյուջեի սղությունից: Բողոքը լսեց Բաքուն եւ Վրաստանի տարածքում իրականացվող աշխատանքների համար տրամադրեց անհրաժեշտ 200 մլն-ից ավելի գումար՝ խորհրդանշական տոկոսով: Թեեւ դրա համար Վրաստանի իշխանություններն ընկան ընդդիմության քննադատության տակ: ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին վրդովված հայտարարեց, որ չի հասկանում իշխանությունների գործողությունները. Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կարող է վտանգավոր մրցակից դառնալ վրացական նավահանգիստների համար եւ խլել բեռների մեծ մասը: Բացի այդ՝ ճանապարհն անհրաժեշտ է նախ եւ առաջ Ադրբեջանին եւ Թուրքիային, հետեւաբար՝ նրանք էլ այն պետք է կառուցեն սեփական փողերով: «Ինչի՞ համար էր պետք այդ վարկը վերցնել, թեկուզ նվազագույն տոկոսներով»,- տարակուսում է Զուրաբիշվիլին: Բացի այդ, նրա կարծիքով, ԿԱՏԲ-ի նախագծի իրականացումը վերջնականապես կապակայունացնի տարածաշրջանում իրավիճակը, քանի որ Հայաստանի մեկուսացումը կխորանա:

Արդյունքում Երեւանում վրաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը հայտարարեց Թուրքիայի հետ սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամության մասին՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունից հրաժարվելու դիմաց՝ հօգուտ գոյություն ունեցող, բայց չգործող եւ վերանորոգման կարիք ունեցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի: Անկարայում եւ Բաքվում հասկացնել տվեցին, որ դա բավարար չէ: Է՞լ ինչ կարող է առաջարկել Երեւանը՝ հանուն այդ խոշոր նախագծին մասնակցելու: Գուցե հարցի պատասխանը… հենց այն «հետաքրքիր փաստաթղթի» մե՞ջ է:

Կրեմլում պատրաստ են հարավկովկասյան արտգործնախարարների ընդունելությանը: Սակայն «168 Ժամի» զրուցակիցը կտրականապես հրաժարվեց որեւէ մանրամասն հայտնել բանակցությունների առարկայի շուրջ՝ պատճառաբանելով, թե տեղյակ չէ: Ընդ որում՝ նախարարների հանդիպման արդյունքների մասին կանխատեսումներն ավելի շուտ հոռետեսական են, քան լավատեսություն ներշնչող: Կապրենք` կտեսնենք: Քիչ մնաց: