Ընտրությունների պերճանքն ու թշվառությունը

25/01/2007 Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովրդավարության հիմքում ընտրություններն են, որտեղ հաղթում է մեծամասնությունը` ձեւավորելով իշխանություն: Հետեւաբար ստացվում է, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանություն է: Սակայն մարդկության հազարամյակների պատմության ամբողջ ընթացքում դեռեւս չի եղել այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որտեղ կրթվածության բարձր մակարդակ ունեցող եւ արդարամիտ մարդիկ կազմեն մեծ տոկոս, ցավոք սրտի, նրանք միշտ, տարբեր հասարակություններում` տարբեր աստիճանի, բայց միշտ փոքրամասնություն են եղել:

Պատմությունն անվերջ կրկնվում է, եւ փաստորեն էական քիչ բան է փոխվում: Մեր թվարկության առաջին բաց քվեարկության արդյունքում խաչվեց Քրիստոսը, ամբոխը ընտրեց հանցագործին եւ ազատություն շնորհեց նրան, իսկ մեզ արդեն ավելի մոտ ժամանակաշրջանում` ընտրություններով` հավանաբար արդար, Գերմանիայում իշխանության եկան նացիոնալ սոցիալիստները:

Հայտնի այն արտահայտությունը, որ ժողովրդավարությունը, իհարկե, այն չէ, ինչ պետք է, բայց ավելի լավը դեռեւս ինքը չգիտի, դարձել է գեղեցիկ թեւավոր խոսք, որի առաջին մասն արտասանում ենք թռուցիկ, իսկ երկրորդ մասը, այն, որ ավելի լավը դեռեւս չկա` հատուկ շեշտադրությամբ: Իսկ կլինի՞ արդյոք ավելի լավը երբեւէ, երբ անգամ փորձ չի արվում տեսնել թերությունները, երբ ցանկություն էլ չկա կատարելագործելու այդ անկատար համարվող համակարգը: Ավելի լավը երբեք չենք ունենա, քանի դեռ չենք ուզում այն ունենալ:

Արեւմուտքն այսօր իր ժողովրդավարության որոշ դրսեւորումներով հիշեցնում է Սովետական Միության այն տարիները, որ կոչում են` լճացման, բայց, եթե ավելի անկեղծ լինենք, կարելի է կոչել նաեւ ինքնախաբեության տարիներ: Ահա հենց այդ ինքնախաբեությամբ Արեւմտյան ժողովրդավարական երկրները եւ Արեւմուտքի արեւմուտք Միացյալ Նահանգները ինձ հիշեցնում են մեր նախկին հզոր կայսրությունը, որը ոչ պակաս գեղեցիկ եւ մարդասիրական գաղափարներ էր ուզում տարածել աշխարհում:

Մի զրույցի ժամանակ Ավետ Տերտերյանը հայտնագործության պես ասաց, որ հոդված է ուզում գրել, թե ինչ ասել է` միջակություն: Ես չհասցրեցի արտահայտել զարմանքս, որովհետեւ նա արագ սկսեց բացատրել, որ չես կարող մեկի մասին, որն աշխատում է պահակ կամ ադմինիստրատոր կամ դպրոցի տնօրեն եւ այլն, ասել, որ նա միջակություն է, որովհետեւ նրանից չի պահանջվում արտակարգ որեւէ բան, նրա մասնագիտությունը չի պահանջում, որ նա լինի տաղանդավոր: Զգալով, որ ընկալեցի միտքը, նա այլեւս չշարունակեց, եւ որքան գիտեմ` նման բովանդակությամբ հոդված չի գրել: Միտքն այն էր, որ «միջակություն» վիրավորական բառը միայն այն բնագավառների մարդկանց կարող է վերաբերել, որտեղ պահանջվում է մեծ ընդունակություն եւ տաղանդ: Այսինքն` «միջակություն» բառի հոմանիշը կարող է լինել «անտաղանդ» բառը, որով նույնպես չես կարող վիրավորել, ասենք, ավտոբուսի վարորդին կամ բանկի կառավարչին, որից պահանջվում է ընդամենը պրոֆեսիոնալիզմ: Ի դեպ, ինքը Ավետ Տերտերյանը` լինելով ինտելիգենտ իր ամբողջ էությամբ, իրական դեմոկրատ էր իր մտածողությամբ: Թերեւս, այդ երկու հատկանիշները միմյանցից անբաժան են, ավելին` մեկը մյուսով է պայմանավորված: Նա գտնում էր, որ իրական արվեստը, անկախ ուղղությունից, անկախ մեթոդից, միշտ կգրավի հանդիսատեսին: Եվ այդպես մտածում էր մեկը, որն ակնառու ներկայացուցիչն է ավանգարդ երաժշտության, մի արվեստի, որը համարվում է դժվար ընկալելի եւ հետեւաբար` միայն վերնախավին հասանելի: Բայց նա բոլորովին այդպես չէր համարում եւ չէր ընդունում ժողովրդից հեռու արվեստ, մի պարզ պատճառով երեւի, որ ժողովուրդ ասելով` չէր հասկանում անկիրթ զանգված: Հիմա եմ անդրադառնում, որ անգամ միջակության մասին նա խոսում էր առանց զայրույթի, իրեն հատուկ թեթեւ հումորով, որպես ժողովրդի մի մաս, որը նույնպես գոյության իրավունք ունի: Նա կարող էր իրեն թույլ տալ նման մեծահոգություն:

Իսկ ընդհանրապես կա անվերջորեն կրկնվող օրինաչափություն: Պատահական չէ, որ Մոցարտի եւ Սալիերիի հայտնի պատմությունը դարձել է հանճարի եւ միջակության փոխհարաբերության կարծրատիպ: Եվ իսկապես ի՞նչ է տեղի ունենում, երբ անտաղանդ արվեստագետը կամ գիտնականը բնավորությամբ լինում է նախանձ, իսկ երբ դրան գումարվում է խորամանկությունը եւ փառասիրությո՞ւնը, որի արդյունքում նա մեծամասամբ ձեռք է բերում որոշակի իրավունքներ եւ իշխանություն: Այդ ժամանակ աղետը տեղի է ունենում անգամ այն ժամանակ, երբ հանճարն ու միջակությունն ապրում են տարբեր ժամանակաշրջաններում:

Խոսքն, անշուշտ, այն մարդկանց մասին չէ, որոնք ունեն գնահատելու եւ մեծարելու կարողություն եւ կարող են իրենց ոչ մեծ ունակություններով լինել իրենց գործում պրոֆեսիոնալ եւ ստեղծել այն ֆոնը, որից դուրս են գալիս եւ վեր են բարձրանում առավել տաղանդավորները եւ հազվադեպ հանճարները: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց միշտ շատ դիպուկ կոչել են մարտնչող միջակություններ եւ, որոնք իսկապես աղետ են հասարակության համար: Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն փոքր կարողություններ, բայց մեծ հավակնություններ եւ մեծ եռանդ` դրանք բավարարելու համար: Ինչ խոսք, միջակության խնդիրը միայն արվեստի եւ գիտության ասպարեզներում չէ, որ առկա է, ասում ենք, չէ՞, օրինակ, տաղանդավոր զորավար է եղել, կամ մեծ քաղաքական գործիչ էր եւ այլն:

Ներկայիս ժողովրդավարական համակարգը չի մշակել, չունի պաշտպանական մեխանիզմներ այս երեւույթի դեմ, այլ հակառակը` այն հրաշալի հնարավորություններ է ստեղծում, տարբեր եղանակներով, ներառյալ ընտրությունները, միջակությունների մեծ հավակնությունները բավարարելու համար:

Քվեարկության մի դեպք հիշեցի. հանրային, այն ժամանակ պետական հեռուստատեսության Արվեստի բաժնում պետք է մեկ ռեժիսոր կրճատեին եւ որոշեցին դա անել ռեժիսորների քվեարկությամբ: Պերեստրոյկայի առաջին տարիներն էին, սառույցը կոտրվում էր, եւ բնական է, որ հեռուստատեսությունն առաջնորդող դերում էր: Մոտ տասը ռեժիսոր մասնակցեցին քվեարկությանը եւ փակ քվեարկության արդյունքում, գրեթե միաձայն, կրճատվեց խմբագրության լավագույն ռեժիսորը: Բոլորս` խմբագիրները եւ մյուսները, զարմացած էինք, ոմանք` ցնցված, բայց փաստն արդեն տեղի էր ունեցել: Եվ այդ փաստը նույնպես ունի իր տխուր տրամաբանությունը եւ օրինաչափությունը: Հռետորական մի հարց, արդեն գիտության ոլորտի հետ կապված. ովքե՞ր պետք է դառնան Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ եւ այնուհետեւ` ակադեմիկոս… Իսկ ովքե՞ր դարձան վերջերս: Կամ արդյո՞ք պատահական էր, որ առաջին «Հայ սուպեր սթար»-ի ընտրությունների արդյունքում Աննա Ավետյանը, իր բացահայտ եւ առանձնացող ընդունակություններով, չհաղթեց: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ հեռախոսազանգերով հեռուստատեսային քվեարկությունը կարող է արդար գործել մեծ երկրներում, որտեղ կազմակերպելը գրեթե անհնարին է, բայց մեր պես փոքրաթիվ բնակչությամբ երկրում, որտեղ մի քանի հարյուր կազմակերպված զանգերն էլ կարող են դեր խաղալ, միշտ հնարավոր է աղավաղվել:

Միջակությունները համալրում են կեղծ արժեքների համակարգը, որոնց գոյությունը կարճաժամկետ է եւ, երբ անցնում է ժամանակը, նրանցից հետո, լավագույն դեպքում, դատարկություն է տիրում: Բայց մինչ այդ նրանք զբաղեցրած են լինում իրական արժեքների տեղերը: Եվ դրա վնասը դժվար չափելի է, որովհետեւ վառ անհատականությունները, տաղանդավոր մարդիկ հասարակության հարստությունն են, պետության, երկրի զարգացման գրավականը, նախապայմանը:

Երբ մթնոլորտն ապականված է մարտնչող միջակություններով, որոնք ոչ թե ֆոն են, այլ եղանակ են ստեղծում եւ թելադրում են իրենց կամքը, ինչ միջոցներով է դա արվում` նշանակումներո՞վ, թե՞ ընտրություններով, բա՞ց, թե՞ փակ, արդա՞ր, թե՞ անարդար, այլեւս նշանակություն չունի: Բայց բացի ընտրություններից, որն ընդամենը մեխանիզմ է, ի՞նչ է ժողովրդավարությունը վերջապես, ո՞րն է էականը այդ համակարգում` հին, ինչպես Հռոմը:

Իրական ժողովրդավարությունը, իմ կարծիքով, երբ հարգում են ժողովրդին ոչ թե որպես զանգված կամ ընտրազանգված, այլ որպես առանձին մարդկանց ամբողջություն, հարգում են մարդուն, յուրաքանչյուր մարդուն առանձին-առանձին: Այստեղ է, որ Արեւմուտքը նվաճումներ ունի, իսկ մենք` ոչ: Իրական ժողովրդավարությունը, երբ իշխանությունը եւ ժողովուրդը նույն հարթության վրա են, երբ չեն խոսում ժողովրդի մասին երրորդ դեմքով` ինչպես այսօր արվում է, այլ` առաջին դեմքով, ինչպես մի օր գուցե կարվի: Եվ այդ ժամանակ, թերեւս, կունենանք այն հասարակությունը, որտեղ միջակությունները կզբաղեցնեն իրենց հատկացված շատ համեստ տեղը, որտեղ կրթված եւ արդարամիտ մարդիկ կլինեն մեծամասնություն, եւ ընտրություններն էլ արդեն կունենան իրենց տրամաբանությունը: