Սույն թվականի գարնանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել առաջին բնապահպանական փառատոնը: «Sun child», այսինքն՝ «Արեւորդի» փառատոնը նպատակ ունի ուշադրություն հրավիրել մեր տարածաշրջանի էկոլոգիական հարցերին` ֆիլմերի ու սեմինարների շնորհիվ ծանոթացնելով առկա խնդիրներին եւ մշակելով համագործակցության ցանց:
Դիլիջան քաղաքում ապրիլի 1-15-ն անցկացվող փառատոնի գլխավոր հասցեատերն ու հիմնական դերակատարները երեխաներն են լինելու, քանի որ, բացի ֆիլմերի ցուցադրումներից, երեխաները պետք է մասնակցեն Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող ծառատունկերին, աղբահավաքի ակցիաներին, արշավ-էքսկուրսիաներին, լուսանկարչական ցուցադրումներին եւ ուսուցողական ծրագրերին: Սեմինարներին պետք է մասնակցեն էկոլոգները, լրագրողներն ու բնապահպանական հարցերով զբաղվող հ/կ-ները: Փառատոնի շնորհիվ Հայաստանի յոթ քաղաքներում ու գյուղերում պետք է ավելանան կանաչ տարածքներն ու մաքրվեն աղբակույտերը:
Իսկ ֆիլմերի ցուցադրումները բաղկացած են լինելու երկու մասից: Նախեւառաջ ցուցադրվելու են մեր տարածաշրջանի` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների վավերագրական ֆիլմերը: Այդ ցուցադրումների հետ զուգահեռ ներկայացվելու են մանկական ֆիլմեր, որոնց հեղինակները հենց երեխաներն են լինելու: Փառատոնի կազմկոմիտեն տարածաշրջանի վավերագիրներից ակտիվ մասնակցություն է ակնկալում ու սպասում է ֆիլմերի հայտերին:
Երեխաների հոգում բնության եւ հայրենի հողի հանդեպ սեր ու հարգանք սերմանելու նպատակով, նաեւ` նրանց ֆիլմ նկարահանելու սկզբունքներին ծանոթացնելու համար, «Արեւորդին» Հայաստանի մի քանի մարզերում արդեն իսկ ուսուցողական ծրագրեր է իրականացնում: Մասնագետները մինչեւ 18 տարեկան երեխաներին սովորեցնում են աշխատել տեսախցիկի հետ, ծանոթացնում են մոնտաժի եւ սցենար գրելու սկզբունքներին, որպեսզի հետագայում նրանք կարողանան բնապահպանական խնդիրներն արտացոլել իրենց ֆիլմերում: Տեխնիկական աջակցություն եւ մասնագիտական կոնսուլտացիա ստանալուց հետո երեխաները, սեփական պատկերացումների համաձայն, ֆիլմեր են ստեղծելու, լուսանկարներ են անելու, որոնցից լավագույնները կցուցադրվեն փառատոնի շրջանակներում:
Փառատոնի կազմակերպիչները նաեւ գումարային մրցանակներ են նախատեսել` «Լավագույն էկոլոգիական ֆիլմ» եւ «Լավագույն մանկական ֆիլմ» անվանակարգերում: Փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ով մասնագիտությամբ կինոռեժիսոր է եւ Հայաստանում հայտնի մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի որդին է, «Արեւորդի» փառատոնից նախեւառաջ լուրջ արձագանքներ ու համագործակցության նախագծեր է սպասում: «Կարեւորն անցկացվող ակցիաներն ու համերգներն են լինելու: Ուզում ենք, որ մեծ թվով դպրոցականներ ու ուսանողներ մասնակցեն»,- ասաց նա: Փառատոնի ընթացքում համերգներով ելույթ են ունենալու տարբեր երաժիշտներ: Համերգներն ուղեկցվելու են ակցիաներով, որոնց ընթացքում բնությունը պահպանելու եւ խնայելու կոչեր են հնչելու, պատրաստվելու են պաստառներ: Փառատոնի ավարտական ակորդը տեղի կունենա Երեւանում, որտեղ կազմակերպված համերգի ընթացքում ելույթ կունենա էթնո-ջազի ամենացայտուն հայ երաժիշտ Արտո Թունչբոյաջյանը: Փառատոնի հիմնադիրներն են «FPWC»` Վայրի բնության ու մշակութային ժառանգության պահպանման բարեգործական հիմնադրամը եւ «Sun Child» հ/կ-ն: