Ամերիկյան հայտնի «Sundance» անկախ ֆիլմերի փառատոնը, որը շատ մեծ համբավ ու հեղինակություն ունի կինեմատոգրաֆիստների շարքերում, իր այս տարվա փառատոնային ծրագրի բացման արարողությունը սկսել է մի ուշագրավ հայտարարությամբ: «Sundance» նախագահ դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից պահանջել է ներողություն խնդրել, քանի որ նա չի արդարացրել ամերիկացիների վստահությունը: «2001 թվականի Սեպտեմբերի 11-ից հետո մենք, ինչպես բոլորը ամերիկացիները, ահաբեկիչներին պատժելու կողմնակից էինք դարձել: Ինքներս մեզ ստիպեցինք մոռանալ մեր տարաձայնությունների մասին, որպեսզի միաբան դառնանք ու թույլ տանք մեր առաջնորդներին մեզ առաջ տանել: Իսկ հիմա մենք նրանցից ներողության խոսքեր ենք սպասում»,- ասել է Ռ.Ռեդֆորդը, ով նաեւ մտահոգություն է հայտնել ծայրաստիճան կոմերցիոն ֆիլմերի ու փառատոների սկզբունքի հաղթանակից: «Sundance»-ը համարվում է ամենադեմոկրատիկ ու բաց կինոփառատոնը, որի պարզությունն ու անկախությունը էլ ավելի է ընդգծվում, երբ այն համեմատում են պաթոսային ու փայլփլուն Կաննի ու Վենետիկի փառատոների հետ: Այն անցկացվում է Յուտա նահանգում: