Հագուստ` ոչ առաջին ձեռքից

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Որտեղից եւ ինչպես է գալիս հագուստեղենը

Second hand հագուստի խանութ կարելի է բացել, ոչ մեծ նախնական կապիտալ ունենալով։ Փողի արագ շրջանառության շնորհիվ` այս ոլորտը հրապուրում է բիզնեսում առաջին քայլեր կատարողներին։ Ոչինչ չեն արտադրում, բայց եկամուտ են ակնկալում։ Այս տիպի խանութները հաջող գործում են եւ Արեւմուտքում։ Հայաստանում օգտագործված հագուստ վաճառող խանութների թիվն օր օրի ավելանում է, թեեւ տերերը փորձում են խուսափել second hand, այսինքն՝ «երկրորդ ձեռք» բառակապակցությունից եւ ցուցանակների վրա գրում են՝ «Հագուստ Եվրոպայից», «Հագուստ Բելգիայից» կամ «Հագուստ ցածր գներով»։

Հագուստի հիմնական հոսքը Բելգիայից, Հոլանդիայից եւ Գերմանիայից է, թեեւ որոշ տոկոսը կազմում է հումանիտար օգնության շրջանակներում ստացված հագուստը, որն, ի դեպ, չի հարկվում։ «Գերմանիան հավաքում է հագուստը ամբողջ Եվրոպայից, եւ այդ ապրանքն ավելի բազմազան է։ Բելգիական ու հոլանդական հագուստը համեմատաբար ավելի հնաոճ է»,- ասաց  խանութների տերերից մեկը։ Second hand հագուստի տեսակավորման մի քանի աստիճան կա՝ առաջին, երկրորդ, լյուքս եւ ամենաբարձրը՝ քրեմ։ Իրերը տարբեր ճանապարհներով են հավաքվում եւ հասնում Հայաստան: Նախ` եվրոպացիները պարզապես հանձնում են հին կամ ձանձրալի դարձած հագուստը: Սակայն հագուստը կարող է եւ բոլորովին նոր լինել՝ second hand-ներին հագուստ տրամադրում են հարգանք ու պատիվ ունեցող բուտիկ-խանութները, եթե իրենց հավաքածուն մի քանի սեզոնների ընթացքում չի վաճառվել, կամ էլ հագուստի այն գործարանները, որոնք խոտան արտադրանք են տվել՝ կարերն են թեք ստացվել, կոճակն է սխալ կարվել կամ գործվածքի թերություն է հայտնաբերվել: Ամբողջ ապրանքը տեսակավորվում, փաթեթավորվում եւ սանիտարական մշակում է անցնում եվրոպական երկրներում։ Հագուստեղենը վաճառվում է կիլոգրամներով, առաջին կատեգորիայի ապրանքը վաճառվում է կիլոգրամը մոտավորապես 2 ամերիկյան դոլարով: Կարգի աճի հետ բարձրանում է նաեւ գինը։ Second hand-ը վիճակախաղի է նման։ «Բոլոր պարկերը փակ են, մենք չգիտենք` ինչ կա մեջը։ Կարող է լրիվ անպետք ապրանք գնես։ Վերջին անգամ ես մի քանի պարկ վերցրեցի, որտեղ ծակծկված սվիտերներ էին, դեֆեկտով։ Ես կորուստներ ունեցա, բայց հագուստը ետ հանձնել չէի կարող»,- ասաց խանութի տերերից մեկը։ Անհատ ձեռներեցները կարող են միանգամից եվրոպական երկրների հետ պայմանավորվել եւ առանց միջնորդների հագուստը ներկրել Հայաստան, սակայն ներկրված ապրանքը պետք է առնվազն 20 տոննա լինի։ «Եթե միանգամից 20 տոննա ես բերում, ուրեմն պետք է նաեւ սեփական պահեստ ունենաս եւ մաքսային հարկերի հետ գործ ունենաս։ Դա գխացավանք է»,- ասում են այս գործով զբաղվողները։ Հայաստանում երկու մեծ պահեստ կա, որտեղից եւ խանութները ապրանք են գնում եւ թարմացնում իրենց տեսականին։

Հագուստի երկրորդ կյանքը

Ամեն մի իր ճակատագիր ունի, եւ հաճախ այդ ճակատագրի առկայությունն է գնումներ անելուց ետ պահում մարդկանց: «Պատկերացնում եմ, ով կարող է հագած լինի այդ շրջազգեստը կամ բաճկոնը, եւ գնելու ցանկությունը կորչում է»,- հաճախ մտածում են շատերը: «Գնում եմ, որովհետեւ ստիպված եմ, գները ցածր են, հագուստը՝ որակով»,- ասում են ուրիշները։ Եվրոպայում կենցաղային նվիրատվությունը մեծ ավանդույթներ ունի։ Մարդիկ տարիներով ձեղնահարկերում կամ նկուղներում այս կամ այն պատճառով անպետք դարձած հագուստը չեն պահում։ Չեն թափում, գերադասում են ինչ-որ մեկին նվիրել կամ second hand-ի խանութ հանձնել։ Որոշ մարդկանց համար այդ խանութները գնումների միակ աղբյուրն են: Եթե մոռանանք բարոյա-էթիկական կանոնների մասին, որոնցով ուղղորդվելը յուրաքանչյուր մարդու անձնական գործն է, ապա օգտագործված իրեր գնելով իսկապես կարելի է գումար տնտեսել եւ ձեռք բերել անհրաժեշտ իր կամ հագուստ: «Մարդու մեջ պետք է հետաքրքրություն լինի։ Շատ խանութներում հագուստը լվանում, արդուկում, կարկատում ու կախում են, բոլորը մտնում են, նայում են։ Գներն էլ ավելի բարձր են։ Կա վաճառքի ուրիշ ձեւ՝ հագուստը պարզապես պարկերից չեն էլ հանում, մարդիկ գալիս են, սկսում են փորփրել. կարող է իրենց ուզածը պարկի հատակում լինի։ Պատահում են շատ մոդայիկ, լրիվ նոր, օրիգինալ բաներ։ Second hand-ը առաջին հերթին որակ է նշանակում։ Մարդիկ մտածում են՝ 2000 դրամով կարող եմ Ֆիրդուսու փողոցից սվիտեր գնել, բայց չեն մտածում, որ մի անգամ լվանալուց հետո այդ սվիտերը ջնջոց է դառնալու»,- ասաց Տերյան փողոցում գտնվող խանութի տերը։

Հինը, նորը եւ հնաոճը խառնված են, գները տատանվում են մոտավորապես 500-10.000 դրամի միջեւ։ Հագուստի կույտերը փորելիս քեզ միաժամանակ գող եւ բոմժ ես զգում։ Հագուստն ախտահանիչ միջոցների հոտն ունի, այդ հոտը թույլ չի տալիս մոռանալ երկար ճանապարհի ու օտար ճակատագրի մասին։ Սակայն, երբ պարկերից օրիգինալ եւ թարմ բան ես գտնում, զարմանքով նկատում ես, որ ուրախությունը բնածին մաքրասիրությունից ուժեղ է։ Կարող է անհեթեթ թվալ, բայց նորաձեւ հագուստն ավելի արագ հայտնվում է second hand-ի տեսքով, քան լավ կահավորած խանութ-սրահների ցուցափեղկերում։ «Ես համոզված եմ, որ երկրորդ նույնանման հագուստը քաղաքում չեմ տեսնի,- ասաց ճաշակով հագնված եւ second hand խանութ այցելած մի կին։ -Իհարկե, ես ամեն անկյունում չեմ ասում, թե որտեղից եմ գնել, բայց շատ գոհ եմ»։ «Ինձ պետք է, որ հագուստը տաք ու էժան լինի, ոչինչ, որ հագած լինի»,- ասաց մեծահասակ մի կին։ «Ոչ մի դեպքում չեմ մտնի այդ խանութները, զզվում եմ»,- թերեւս այդպես են ասում շատերը։ Ընդ որում, Second hand հաճախ այցելում են մարդիկ, որոնք զգեստ կարելու կամ մոդելավորելու նպատակ ունեն` այստեղից ձեռք բերած հագուստը օգտագործում են որպես հումք։ «Հագուստը կարող է հնաոճ լինել, բայց պետք է կաշվե կամ զամշե մի կտոր միայն»,- ասաց մի աղջիկ։ Իսկ գրպանին ու ցանկություններին հարմար բան գտնել կարելի է։ Second hand-ը վիճակախաղ է։ Եվ ոչ ոք իրավունք չունի մեղադրել կամ խրախուսել այսպիսի ճանապարհով ապրանք գնողին։ Չէ՞ որ մենք ամենուրեք second hand-ի ենք հանդիպում՝ փոխանակում ենք բնակարանները եւ սկսում ապրել ուրիշների ճակատագիրը հիշող պատերի մեջ, վարում ենք ոչ առաջին թարմության ավտոմեքենաներ, ամուսնանում ենք վարձակալած հարսանյաց զգեստներով, իսկ մեր երեխաները դասերը սովորում են տասնյակ մարդկանց ձեռքերով անցած դասագրքերով։