Բաղադրությունը։ Ջուր՝ 83-86%, սպիտակուցային նյութեր` 1-2%, ճարպեր` 0,09-0,13%, շաքարներ` 2 -3,5%, ազոտային նյութեր` 8-8,5%, բջջաթաղանթ՝ 0,5-0,9%, մոխրացող մնացորդ` 0,4-0,9%, ֆերմենտներ (օքսիդազա, կատալազա), 10-33 մգ վիտամին C, 3,7-8 մգ վիտամին A, B2` 0,05-0,06 մգ, եթերային յուղեր` 0,03-0,05%:
Կիրառությունը։ Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը յուղի հետ` հազի ու կրծքային ցավերի դեպքում:
Փորձված է, որ մեծ քանակությամբ սոխ օգտագործելուց բուժվում է ոտքերի ջրգողությունը: Ըստ Ցելզի, սոխի օգնությամբ ջրգողությունը բուժելու համար պետք է որոշ ժամանակով սննդից հրաժարվել եւ ամեն օր ընդունել սոխի հյութ. երեխաների համար` օրական 30-60 գրամ, իսկ մեծահասակների համար` 125-250 գրամ: Սոխը թթու կաղամբի հետ ցինգայի դեմ է: Խորոված սոխը տաք վիճակում դրվում է փորին` միզակապության դեպքում, կոշտուկների, ցավող ուռուցքների վրա:
Գինու մեջ պահված սոխը լավ միզամուղ է, դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում ճիճուներին: Ըստ Դիոսկորիդի` բամբակով ներծծված հյութն ականջի մեջ դնելը ականջացավի ու ականջների աղմուկի դեմ է:
Ֆոգելը սոխի հյութի ու մեղրի խառնուրդը աչքի մեջ կաթեցնելով բուժել է թույլ տեսողությունը, նոր սկսվող կուրությունը: Սոխի հյութը նպաստում է գլխի մազերի աճին: Կանգնեցնում է մազաթափությունը: Գուֆելանդը սոխը կիրառել է համաճարակային վարակները կանխելու համար:
Տրորված սոխը ցրտահարված տեղամասերին քսելը նպաստում է դրանց վերականգնմանը:
Ըստ Բորդոնի` լյարդի ցիռոզի դեմ կիրառված դեղամիջոցները չեն օգնել, իսկ սոխն այն բուժել է:
Երիկամներում եւ միզափամփուշտում քարեր ունենալու դեպքում պետք է օրվա ընթացքում 3 անգամ խմել սոխի հյութ` 2-ական ճաշի գդալով:
Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարել է սպիտակ սոխը եւ, ըստ նրա, սպիտակ սոխի հյութն աչքի մեջ կաթեցնելուց բուժվում է կատարախտը: Սոխը նպաստում է սեռական հակման ուժեղացմանը, մաշկի դեղնության անհետացմանը, բացում է անոթների խցանումները, արագացնում է արյան շրջանառությունը, բուժում վիտիլիգոն, եղունգների ախտահարումը, իսկ աղի հետ խառնելուց բուժում է գորտնուկը: