Թույլատրեցին

21/01/2007

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել թույլատրել «ԱրմենՏել» ընկերությանը մինչեւ 2013թ. մարտի 3-ն օգտագործել այն ռադիոհաճախականությունները, որոնցով ընկերությունն ապահովում է ֆիքսված եւ բջջային կապ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքերով, «ԱրմենՏելին» տրված բջջային կապի ապահովման 50 բազային կայանների օգտագործման արտոնագրերի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա հունվարի 21-ին, եւ, եթե արտահերթ նիստ չհրավիրվեր, ապա ընկերությունը կզրկվեր ՀՀ որոշ շրջաններում բջջային եւ ֆիքսված կապի մատակարարման իրավունքից: «ԱրմենՏելը» ներկայումս ունի 200 բջջային կապի ապահովման բազային կայաններ: Հանձնաժողովը որոշում է կայացրել նաեւ Սպիտակ եւ Եղեգնաձոր քաղաքներում ֆիքսված հեռախոսակապի ռադիոհաճախականությունների ցանցի շահագործումը երկարաձգել մինչեւ 2013թ. մարտի 3-ը: