Հրաժարական չի տալու

21/01/2007

«168 Ժամի» հարցին ի պատասխան, թե՝ նախընտրական փուլում իր անձի դեմ իրականացվող հակաքարոզչությունը (օրինակ, Արտաշես Գեղամյանի վերջին մեղադրանքները) արդյոք չի՞ վտանգի Հայկական բանակի հեղինակությունը, պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա ասուլիսում ասել է. «Կարծում եմ, մեր բանակի նկատմամբ այնքան դրական է մեր ժողովրդի կարծիքը, որ պաշտպանության նախարարի մասին ինչ առասպելներ էլ հնարեն, մեկ է՝ բանակի նկատմամբ չեն կարող ունենալ վատ վերաբերմունք: Ի վերջո, պաշտպանության նախարարի նկատմամբ կարող են վերաբերմունք ունենալ մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց բանակի նկատմամբ վերաբերմունքը, միեւնույն է՝ դրական է: Եթե բանակը բաց է հասարակության համար, եթե ծնողը կարող է ամեն վայրկյան զանգել իր տղային ու խոսել, եթե կարող է գնալ ու տեսնել իր տղային, եթե մահերը քչանում են, ապա ինչո՞ւ պիտի բանակին վատ վերաբերվեն: Չեմ կարծում՝ այդ վտանգը չկա»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ ընտրությունների ընթացքում բանակը տարաբնույթ շահարկումներից զերծ պահելու համար, ինքն ընտրությունների նախաշեմին հրաժարական տա կամ մեկնի կարճատեւ արձակուրդի, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Միայն մի բան կարող եմ ասել, որ նախընտրական որեւէ գործընթաց չի կարող բանակի վրա շատ մեծ կամ վատ ազդեցություն ունենալ: Դրանք անցողիկ բաներ են, մանավանդ, որ բոլորն էլ շատ հստակ պատկերացնում են, թե ասվածներից ինչն է ճշմարտացի, ինչն է սուտ»: