Եկեղեցու կենվորը. «Չարիքները գալիս, ինձի կպնում են»

07/05/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Գյումրիի Պլպլան ժամն արդեն 7 ամիս բնակիչ ունի։ 81-ամյա Ռոզա Համբարյանին տնից քշել են, ու նա ապաստան է գտել եկեղեցում։ Ասում է, որ վերջին անգամ մահճակալին նորմալ քնել է քրոջ տանը, որտեղից քրոջ որդին ծեծելով դուրս է արել.«Ես որ փողոց ընկա, էստեղ էկա, էս ժամի տեղը գիտցեր եմ, էն խաչն էլ ես եմ բերել-կպցրել»,- ասում է Ռոզան ու ցույց տալիս դիմացի պատին փակցված սրբապատկերների կենտրոնում խաչը։

Պլպլան ժամը ռուսական ուղղափառ եկեղեցի է, որ գործել է մինչեւ 1920-ական թվերը։ Պլպլան անունը դրել են գյումրեցիները, որովհետեւ գմբեթն արեւի տակ պլպլում է։

Երբ Ռոզան եկել է Պլպլան ժամ, ամառ է եղել, տաք։ Իսկ հիմա անտանելի է։ Գիշերը ջերմաստիճանը դրսում իջնում է մինչեւ 20 աստիճան, ներսն էլ դրսի ջերմաստիճանից չի տարբերվում։ Ռոզան պառկած է գետնին, վրան մի քանի տակ ադյալներ գցած, միայն խոսելիս ու հաց ուտելիս է գլուխը ադյալի տակից հանում. «Բա չեմ սառե՞, էս ցրտին ըսկի շունը չի դիմանում»,- գլուխը վերմակի տակից հանելով ասում է Ռոզան։

Մեկ շաբաթ նա անկողնուց դուրս չի եկել։ Երբ արդեն մարդկային ուժերից վեր էր եկեղեցում մնալը, որոշում է ապաստան գտնել գյուղում` փոքր եղբոր տանը։ Մի շաբաթ առաջ մի կերպ գյուղ է հասել, բայց հասկացել է, որ այնտեղ էլ իր համար ապաստան չկա. «Էնտեղ էլ հնարավորություն չունեն, տեղ չկար մնալու»։ Ռոզան հարազատներին չի ասում, որ եկել է ջերմություն գտնելու եւ որ ինքը փողոցում է մնացել, քաշվել է ասել։ Թե չէ, որ ասեր, գուցե մի կերպ պահեին. «Իրանք գիտեն` ծանոթի տանն եմ»։

Ռոզայի ձեռքերն ամբողջ վերքերի մեջ են, կտորով փաթաթել է։ Գյուղից հետ գալիս ընկել է ճամփեքին ու ոտ ու ձեռ ճղել, հետո հիվանդացել ու մինչեւ հիմա անկողնուց դուրս չի գալիս. «Եթե գյուղ չգնայի, էսպես չէի սառի, էս օրը չէի ընկնի։ Գիշերով ճամփեքին ընկա, ջուրը մտավ ոսկորներս»։ Հիմա մի փոքր ապաքինվել է, հազն ու շնչարգելոցը անցել է, վերքերը չորացել են։ Ասում է, որ եղել է բուժքույր եւ կարողանում է ինքն իրեն բուժել։

Նրա ունեցած-չունեցածը մի երկու աման են ու երեք ափսեները՝ վրաները հանգուցյալ ամուսնու, որդու եւ դստեր լուսանկարները։ Լուսանկարներն արված են մոտ 40 տարի առաջ։ Զավակները նկարում փոքր երեխաներ են։

Հիմա տղան ու աղջիկը հեռու են։ Որդին դեռ սովետական տարիներին է գնացել Ռուսաստան. «Կոմսոմոլի բրիգադ էր տարել»։ Ռոզան որոշ ժամանակ ապրել է որդու մոտ, բայց նրա ռուս կնոջ հետ յոլա չի գնացել ու եկել է։ Դուստրը` անհայտ երկրում, Ռոզան միայն գիտի, որ նա որդիների հետ 8 տարի առաջ գնացել է Թուրքիա. «Էրեխեքիս առանց հեր եմ պահել,- ասում է Ռոզան ու համբուրում ափսեները,- լավ թոռներ ունեմ, ավարտած։ Թոռնիկներիս սոսկան բերանը պահել եմ։ Հիմա ինձ մոտ ոչ ոք չկա, բալա ջան»։

Երկրաշարժի ժամանակ դստեր բնակարանը փլվում է։ Փեսան մնում է պանելի տակ, իսկ դուստրը` փրկվում։ Ռոզայի աղջիկ թոռն էլ զոհվում է դպրոցում. «Երազ տեսա, արծաթի յաուդով (յաղութ (պարսկերեն)-հակինթ) մատանին գետնից վերցրի, մաքրեցի, դրեցի մատս։ Էդ մատանին աղջիկս էր, որ փրկվեց։ Յաուդը` երիտասարդ, արծաթը` սուրբ։ Էրազը երկրաշարժից առաջ էր։ Էդ մատանին երիտասարդ աղջիկ էր, աղջիկս որ 4-րդ հարկից ընկավ, շենքին հավասար, ու բան չեղավ։ Աստված ընձի մեղքաց ու էդ երեխին վերադարձրեց»։

Երկրաշարժից հետո տարբեր տեղեր է ապրել, ծանոթի ու բարեկամի տներում։ Վերջին երեք տարին քրոջ տանն էր մնում, մինչեւ որ նրա որդին դուրս է անում տնից. «Ինձ դուրս արեցին, շպրտեցին փողոց, գնամ-տեսնեմ` վեշերս էլ չկան, սրանք էլ պետք չի եղել, թափել են (ափսեի վրա նկարները)։ Լավ է, որ սրանք գոնե մնացել է հուշ։ Կյանքումս միշտ բարություն եմ արել, բայց չարիքները գալիս, ինձի կպնում են, չգիտեմ ինչից է»։

Հետերկրաշարժյան օրերին Ռոզան սովորել էր արդեն դրսերում գիշերել, ու Պլպլան ժամում ստեղծված նոր կենցաղը նրա համար նորություն չի։ Պլպլան ժամի տված միակ անակնկալը ձայներն են, որ լսվում են Ռոզայի ականջին. «Ինչ եկել եմ` լսում եմ։ Էս ժամը զորավորություն ունի, չասեք` առասպելաբանություն է։ Ջահել տղի ձեն եմ լսում, անունս են տալիս, հետո` երեխաների։ Իրենց չեմ տեսնում, մենակ լսում եմ։ Մի անգամ մամայիս ձենը լսա, չորս անգամ կանչեց՝ Ռոզա, Ռոզա, Ռոզա, Ռոզա»։

Պլպլան ժամի հարեւաններն են նրան խնամում, ադյալները նրանք են փռել վրան. «Ինքը ակուռատնի, գրագետ կին է,- ասում է հարեւանուհի Անգինը, որ նրա ոտքերը պարբերաբար տաք ջրի մեջ է դնում ու տաք թեյ տալիս,- ուղղակի էս օրն է ընկել ու չի կարելի ասել, որ ինքն էս վիճակի կին է»։

Երբ անկողնուց դուրս էր գալիս, գնում էր աղքատների ճաշարանում ճաշում։ Հիմա չի կարողանում դուրս գալ ու հարեւաններն են կերակրում։

Ռոզան անընդհատ օրհնում է հարեւաններին, մանավանդ` Ազնիվին, որ երբ տանն է լինում, նրան ներս է կանչում ու փեչի կողքը նստեցնում։ «Իմացա` եկեղեցու մեջ մարդ կմնա։ Էկա-տեսա։ Չեմ ուզե ըրածս ըսեմ, երբ մե ձեռով կուտաս, մյուսը պետք է չիմանա, Հիսուսն էդպես է ըսե,- ասում է Ազնիվը, որ օրվա մեծ մասը, նաեւ` գիշերները, աշխատում է հացի փռում։ – Ինքը կըսե` դու մեղք ես, ջահել կյանքդ ափսոս է, չքնիս, կաշխատես»։

Թե ինչքան կմնա Ռոզան Պլպլան ժամում, հայտնի չէ։ Քաղաքապետը վերջերս իմացել է նրա մասին ու խոստացել է կացարան ճարել։

www.armenianow.com