«Փորձեցի ամեն ինչ անել, որ մեր երկրում գերիշխի օրենքը»։ Փորձեք գուշակել՝ ով կլինի այս խոսքերի հեղինակը։ Երեւի մտածում եք` հայրենասեր, շատ հայրենասեր, բայց կյանքի մայրամուտին գտնվող մի մարդ, որին, ցավոք, չի հաջողվել հասնել իր նպատակին։
Հաջողության հասնելու պահով թերեւս ճիշտ եք, բայց առաջին մասով՝ դժվար թե։ Դե լավ, մի փոքր օգնություն՝ հատված նույն տեքստից. «…դրեցի կոռուպցիայի դեմ իմ պայքարի հիմքը»։ Նորի՞ց չօգնեց։ Լավ, իսկ ա՞յս մեկը. «Մաս կազմելով իշխանության, ես չխորշեցի պատասխանատվությունից՝ ստանձնելով ամենից բարդ եւ խոցելի ոլորտները»։ Հիմա թերեւս «կասկածյալների» շրջանակը նեղացավ։ Դե լավ, շատ չչարաշահեմ ձեր համբերությունը, վերջին հուշումից հետո դուք անպայման կպատասխանեք մեր հարցին։ «Սիրելի հայրենակից, ահա արդեն 117 տարի է՝ իբրեւ հին ընկերներ, մենք միասին ենք»։ Եթե անգամ տվյալ կուսակցության (կարծում եմ՝ կռահեցիք, խոսքը որ կուսակցության մասին է) հետ ձեզ ընկերներ չեք համարում, այն էլ՝ 117 տարվա, միեւնույն է՝ արդեն գիտեք, որ խոսքը վերաբերում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը (թեեւ դժվար է ՀՅԴ ստանձնած ոլորտները համարել ամենաբարդն ու խոցելին)։
Այս բոլոր նախադասությունները մեջբերումներ էին ՀՅԴ հոբելյանական բուկլետից, որը կարելի է անվանել նաեւ նախընտրական, քանի որ սկսել է ինտենսիվ տարածվել բնակչության շրջանում։ Սա բնական է, քանի որ, ինչպես երեկ «Փաստարկ» ակումբում նշեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, տոնական տրամադրությունները բավական արագ տեղի տվեցին նախընտրական տրամադրություններին։
Ըստ Հ. Կարապետյանի, շատ կարեւոր է, որ առաջիկա ընտրությունները լինեն զուտ քաղաքական պայքար, քաղաքական գործընթացներ, «այլ ոչ թե այս կամ այն տիպի դրսեւորումներ»։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն հեռու է այլ քաղաքական ուժերի նկատմամբ «սեւ PR» իրականացնելու միջոցով սեփական վարկանիշը բարձրացնելու քաղաքականությունից։
Ինչ վերաբերում է կուսակցության համամասնական ցուցակին, Հ. Կարապետյանը դրա մասին վաղաժամ համարեց խոսել՝ նշելով, որ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։ Իսկ կանխագուշակումներին նա նորմալ է վերաբերվում։ Այդուհանդերձ, ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավարը հարկ համարեց հիշեցնել, որ իրենց կուսակցությունն անձերի վրա հիմնված չէ։ «ՀՅԴ-ի համար մեծ նշանակություն չունի՝ Հրայր Կարապետյանը կլինի 3-րդը՞, թե՞ 15-րդը»,- հայտարարեց պրն Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե 3-րդ կամ 15-րդ տեղը որքանով է կարեւոր հենց իր՝ Հ. Կարապետյանի համար։ «Մեզ համար կարեւոր չէ՝ որքան տեղ կունենանք խորհրդարանում կամ կառավարությունում։ Մեզ համար կարեւոր է քաղաքական գիծը», – իր այս խոսքերը Հ. Կարապետյանն ապացուցեց այն փաստով, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ին առաջարկել է բազմաթիվ նախարարությունների, դեսպանությունների ղեկավարությունը ստանձնել։ Ինչպես նշեց բանախոսը, առաջարկվող պորտֆելները երկու անգամ ավելի էին հիմիկվա ունեցածից։ Սակայն ՀՅԴ-ն հրաժարվել է, քանի որ քաղաքական գիծը չէր համընկնում կուսակցության տեսակետի հետ։ Եվ այդպիսով դարձել է ընդդիմություն։
Ոչ միայն դարձել է, այլ շատ հնարավոր է, որ նորից դառնա։ Հրայր Կարապետյանի խոսքերից տպավորություն ստեղծվեց, որ ՀՅԴ-ին ընդդիմության կերպարը շատ է ձգում. «Երբ Դաշնակցությունն ընդդիմություն է, սկզբունքային ընդդիմություն է եւ գաղափարական»։ Ըստ Հ. Կարապետյանի, գլխավոր հարցում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում, իշխանությունների վարած գիծը Դաշնակցության սրտով է։ Իսկ ընդամենը մի քանի օր առաջ նրա կուսակիցը՝ Հրանտ Մարգարյանը, հայտարարել է, որ իրենք ԼՂՀ հարցի կարգավորման ներկայիս տարբերակին էլ են դեմ, քանի որ «Տարածքների զիջում կա, կարգավիճակի վերջնական ֆիքսում չկա»։ Հ. Կարապետյանը փորձեց հարթել ներկուսակցական այդ հակասությունը՝ նշելով. «Որեւէ ձեւով Հայաստանի իշխանությունները չեն հայտարարել, եւ վստահ եմ, որ չեն էլ հայտարարելու, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջանի կազմում: Եվ երկրորդ, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների եւ կարգավիճակի խնդիրն է գերակայություն, մնացածը` տարածքների հետ կապված առեւտուր եւ այլն, մարտավարական խնդիրներ են եւ պետք է հստակեցվեն»։
«Կան խնդիրներ, որ եթե մենք լինեինք, այսպես չէինք անի»,- ասաց Հ. Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ՀՅԴ-ն առաջարկել է բյուջեի մեջ համարձակ քայլեր անել՝ թոշակները զգալիորեն բարձրացնել։ Առաջարկը մերժվել է։ Կամ, օրինակ, ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարը։ «Ստվերի դեմ պայքարի դաշտը դեռ սպառված չէ»,- նշեց պրն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին իրենք առաջարկում էին կոռուպցիայի դեմ պայքարի առանձին մարմին ստեղծել, սակայն այդ առաջարկը մերժվեց։ Դաշնակցությանը չի բավարարում նաեւ այսքան թմբկահարվող երկնիշ տնտեսական աճը, քանի որ հարուստների եւ աղքատների բեւեռացումը մեծ ծավալների է հասել։ «Հայ դատի համար չի կարող պայքարել այն ժողովուրդը, որը կեղեքվում է իր երկրում»,- նշեց Հ. Կարապետյանը։
Վերջինիս արտահայտած մտքերի հետ դժվար է չհամաձայնել։ Պարզապես տրամաբանության մեջ մի փոքր չի տեղավորվում այն, որ ՀՅԴ-ն իրեն փորձում է տարանջատել իշխանությունից։ Իշխանության քաղաքական գիծը, որին ՀՅԴ-ն կարող է հավանություն տալ կամ չտալ, նաեւ հենց իր՝ ՀՅԴ-ի գիծն է։
Հետաքրքիրն այն է, որ Դաշնակցությանն առայժմ ներվում է այն, ինչը չներվեց «Օրինաց երկրին», այն է` լինել իշխանության մեջ եւ միեւնույն ժամանակ ընդդիմադիր կեցվածքով փորձել դուր գալ ժողովրդին։ Ինչպես անցյալ տարեվերջի իր ասուլիսում նշեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իրենք արդեն սովորել են Դաշնակցության այդ գործելաոճին։ Մյուս կողմից էլ, ներողը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ Ռ. Քոչարյանը, որին ՀՅԴ-ն, փաստորեն, փորձում է շանտաժի ենթարկել՝ ԱԺ-ում շատ տեղեր չունենալու դեպքում ընդդիմություն դառնալու հեռանկարով։ Թերեւս հենց դրանով էլ կարելի է բացատրել, որ ՀՅԴ-ն Հրայր Կարապետյանի շուրթերով հիմիկվանից զգուշացնում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծիքներ կատարվեն, ՀՅԴ-ն իր ձայնը կբարձրացնի, կցուցաբերի կոշտ դիրքորոշում։
Իսկ հանդուրժողական վերաբերմունքը միգուցե պայմանավորված է նրանով, որ Ռ. Քոչարյանն իր վերջին ժամկետի ավարտին չի ուզում հարաբերությունները փչացնել մի կուսակցության հետ, որն ունի 117 տարվա պատմություն, եւ ըստ Հրայր Կարապետյանի, ամենակայուն, ամենասկզբունքային, ամենագաղափարական կուսակցությունն է։
Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք կիսաիշխանական-կիսաընդդիմադիր գործելաոճի մասին, խորհուրդ ենք տալիս կարդալ վերը հիշատակված բուկլետը։
Առաջին պարբերություններից մեկում գրված է. «Իբրեւ սոցիալիստական կուսակցություն՝ ես փորձեցի հնարավորն անել՝ մեր երկրում սոցիալական արդարությունը քայլ առ քայլ վերականգնելու համար… Նույն նպատակների համար փորձեցի փոփոխություններ մտցնել տարբեր ոլորտներում. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը դարձավ անվճար, թեեւ քիչ, բայց հետեւողականորեն շարունակում են բարձրանալ կենսաթոշակները, բնակչությանը տրվող նպաստները»։ Եթե այս ամենը ՀՅԴ-ն համարում է իր շնորհքը, նշանակում է՝ նա իշխանություն է։ Նման լծակներ չունի ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ պետականամետ կամ կենտրոնամետ ուժերը։ Իսկ վերջին պարբերություններում կարող եք կարդալ. «Սակայն, անկեղծ ասած, իմ ցանկություններից եւ ծրագրերից ամենը չէ, որ իրականություն է դարձել։ Խանգարող հանգամանք են եղել բազում հարցեր. մեր փոքրաթիվ ներկայությունը խորհրդարանում, ոչ լիարժեք ներկայությունը գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու դեմ տարբեր ուժերի ընդդիմությունը»։ Ովքե՞ր են այդ «տարբեր ուժերը»։ Պարզ է, որ դրանց շարքին չի կարելի դասել ընդդիմությանը, թեկուզ միայն այն պատճառով, որ անգամ «արմատական փոփոխություններին» դեմ լինելու պարագայում նրանք ի զորու չեն լինի ինչ-որ բան անել։ Եթե ՀՅԴ-ի նպատակներին ընդդիմացողն ընդդիմությունը չէ, ապա իշխանությունն է։ Իսկ ՀՅԴ-ից բացի ով է իշխանության մեջ՝ իհարկե Հանրապետական կուսակցությունը (ՄԱԿ-ին դժվար թե ՀՅԴ-ն իրեն խանգարող ուժ համարի)։
Հիշեցնեմ նաեւ, որ անցյալ տարվա վերջին ՀՅԴ հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն ունի բոլոր հարցերի պատասխանները (այդ թվում՝ ինչպես վերացնել կոռուպցիան), սակայն դրանց մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել։ Ժամանակը երեւի կգա այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն։ Այսինքն, առաջիկա 4 տարվա ընթացքում մենք դժվար թե գտնենք կոռուպցիայի դեմ պայքարի բանալին։ Իսկ առայժմ Դաշնակցությունը դժվար թե իր կոալիցիոն գործընկերներին հուշի ճիշտ ուղին, թեկուզ շշուկով։ Կամ կոմերցիոն գաղտնիք է, կամ էլ վստահ չեն, որ ճիշտ կընկալեն։