Մարքս-լենինյան գաղափարախոսությունը կենսունակ եւ համամարդկային ուսմունք է ու ամենաժողովրդավարական կարգերի հիմնաքարը:
Այս կարծիքին է Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ) նախագահ Յուրի Մանուկյանը: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումը նա համարում է առողջ մարմնի ինֆարկտի պես բան: Յու. Մանուկյանի հետ համամիտ չէ «Նոր ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը, ով «Հայելի» ակումբում երեկ նշեց, թե այդ գաղափարախոսությունը չէր կարող լինել համամարդկային, քանզի ուղղված էր մարդու դեմ: Ա. Բլեյանի համոզմամբ՝ կոմունիստական գաղափարախոսությունը մեր երկրում ապագա չունի: Իսկ ՀՄԿԿ առաջնորդն էլ գտնում է, որ աշխարհի բոլոր ողբերգությունների հիմնական մեղավորը կապիտալիզմն է: «Մենք Հայաստանը տեսնում ենք միայն սոցիալիստական կարգավիճակում, որովհետեւ եթե դուք շփվում եք ժողովրդի հետ, ապա պետք է տեսնեք՝ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը հարուստ չի սիրում: Կարող է՝ հարուստից ողորմությունը վերցնի իր բարեկեցությունն ինչ-որ չափով բարելավելու համար, բայց նա երբեք հարուստ ու աղքատի չի սիրում բաժանվել: Մեր ժողովուրդը սիրում է հավասարությունը»,- վստահեցնում է Յու. Մանուկյանը: Ա. Բլեյանն էլ ցավով նշեց, որ մենք այսօր մեծ հաշվով ապրում ենք խորհրդային իրականության մեջ: «Մենք կարող ենք 2003-ին ընդունել օրենք՝ օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն չանցած մարդկանց ծառայության մասին, դա հրապարակենք, հայտարարենք, թե օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ հանգիստ իմ ու ձեր առաջ թերթի հիմնադիրը, խմբագիրը՝ Արման Բաբաջանյանը, ՀՀ անունից դատապարտվի 3,5 տարվա ազատազրկման: Օրենքն ասում է, որ, այո, նա հանցանք գործել է, բայց օրենքով այդ հանցանքի համար ազատազրկում չի հասնում, եթե մարդը սահմանված կարգով դիմել է եւ մուծում է կատարել: Ու չնայած Ա. Բաբաջանյանը մեկ միլիոն դրամը մուծել է, չնայած օրենքով սահմանված կարգով դիմել է, չնայած օրենքում գրված չէ` «բացի Արման Բաբաջանյանից», այսինքն՝ որեւէ բացառություն արված չէ, բայց Ա. Բաբաջանյանը դատապարտվում է»,- նկատեց Ա. Բլեյանը: Նրա խոսքերով՝ մենք կարող ենք խոսել կրթությունից, կարեւորությունից, բյուջեի միջոցներից, որ երեխաները մեզ համար կարեւոր են, հայ մարդը չի խնայի ոչինչ եւ այլն, բայց հետո իմանանք, որ հարյուր-հազարավոր երեխաներ դպրոցներում պետք է մրսեն եւ այլն: «Մենք կարող ենք մեկուսանալ, բայց խոսել ինտեգրացիոն գործընթացների մասին: Սրանք խորհրդային շրջանից եկած բաներ են: Որ այս բաները խոսելու համար են, իսկ կյանքն ուրիշ է: Այդպես դաստիարակված էինք: Մենք հանդուրժեցինք, որ այդ կեղծիքը, թերթով, հեռուստատեսությունով ուրիշ բան ասելը նորմ է, որը շարունակվում է»,- շարունակեց Ա. Բլեյանը: Իսկ Յու. Մանուկյանը, ընդունելով, որ ԽՍՀՄ-ում վատ դրսեւորումներ էլ կային, նկատեց, որ ԽՍՀՄ-ի վատ ավանդույթները շարունակվում են, եւ, օրինակ, այսօր չես կարող գտնել քիչ թե շատ բարձր պաշտոն ունեցող մեկին, ով կուսակցական չլինի: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Յու. Մանուկյանը բնականաբար հայտարարեց, որ միշտ պետք է շարունակել խորացնել հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ: Այս խորացման անհրաժեշտությունը հիմնավորելիս նա նշեց այն, որ հայ-ռուսական բարեկամությունը «մեր պապերի արյան գնով է ձեռք բերվել», իսկ եվրոպական նավերը մեր լեռները չեն բարձրանում: Իսկ Ա. Բլեյանն ավելի հիմավոր փաստարկներ է նշում, թե ինչո՞ւ ենք մենք ստիպված բռնել Ռուսաստանի փեշից: «Որովհետեւ Թուրքիայի հետ սահմանում կանգնած է ռուսական զորքը, Իրանի հետ սահմանում կանգնած է ռուսական զորքը, որովհետեւ մենք էներգետիկ առումով ամբողջովին կախված ենք Ռուսաստանից…Պատերազմեք ՌԴ զենքով, մեկ միլիոն մարդ գնա այնտեղ աշխատի ու ուղարկի եւ այլն, հետո դուք թելադրե՞ք,- ասաց «Նոր ուղի» հկ-ի նախագահն ու շարունակեց,- Ես վատ եմ հասկանում այն մարդուն, ով իր հոր փողերով ապրում է, մտել է հոր տուն, նրա հաշվին ապրում է, հետո կարող է խոսի եւ այլն: Կամ դուրս արի տնից, գնա վարձով ապրի, աշխատի, չարչարվի եւ այլն, բայց մենք քանի տարի տնվորի կարգավիճակով ենք ապրում, ու ուզում եք վարձ չտա՞նք: Այո, մեր ազատության գնով վճարում ենք: Բա ի՞նչ էիք ուզում»:
Իսկ առաջիկա ընտրություններն Ա. Բլեյանը վիճակախաղ է համարում: Նա գտնում է, որ առաջնայինը ձայնի իրավունքի վերականգնումն է: Նրա խոսքերով՝ եթե որպես ընտրող չունես ձայնի իրավունք կամ այդ ձայնը կեղծում են, չես կարող ընտրվել: Իսկ ընտրվել կարող է միայն նա, ով քաղաքացու այդ իրավունքը գողանում է: Դե, իսկ ՀՄԿԿ-ն մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրությանը: Կուսակցության համամասնական ցուցակն, ըստ Յու. Մանուկյանի, պատրաստ կլինի փետրվարի կեսերին: ՀՄԿԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ: «Մենք մասնակցելու ենք եւ հույս ունենք, որ այդ շատ երանելի ամբիոնը կլսի մեր ձայնը»,- իրենց հույսերի մասին լրագրողների հետ կիսվեց ընկեր Մանուկյանը:
Հ.Գ. Վերջերս մի քանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը Լենինին անվանել էր «տականք», ինչն առաջացրել էր ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի զայրույթը: Պարզվում է, սակայն, որ Վ. Հովհաննիսյանի այդ որակումից ՀՄԿԿ առաջնորդ Յու. Մանուկյանի մոտ ցասում չի առաջացել: «Ես վիրավորված չեմ: Ես հայ եմ, հետո կոմունիստ: Վ. Հովհաննիսյանը լավ հայ է: Եթե դաստիարակությունը թույլ է տալիս, որ անտակտ խոսքեր ասի, դա ինձ չի պարտավորեցնում, որ ես նման ձեւով պատասխանեմ: Ընդհակառակը, ես գտնում եմ, որ հայը հայի հետ հարաբերությունները պետք է կառուցի ոչ թե հայտարարություններից կամ այլ բանից ելնելով, այլ ուղղակի նա հայ է, եւ վերջացավ»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Յու. Մանուկյանը: