Կապանի կահույքի ֆաբրիկան մինչ սեփականաշնորհվելն ուներ կեսդարյա կենսագրություն եւ իր տեղը հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում: Հետո այն մասնավորեցրին եւ արժանացավ մնացած բոլոր սեփականաշնորհված եւ թալանված ձեռնարկությունների ճակատագրին: Ներկայիս տերը՝ ոմն Վարդան, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ եւ պատմել, թե ինչու է ձեռնարկությունն այդ վիճակում հայտնվել, վաճառում էր վերջին հաստոցները: Ընդ որում, փորձում էր դրանք վաճառել որքան կարելի է թանկ գնով, որովհետեւ հետո էլ ոչինչ չկար վաճառելու: Իսկ ֆաբրիկայի դարպասները փակ էին արդեն 10 տարի, տնօրենի կաբինետի ջարդված լուսամուտից էլ վեր էր խոյացել մի մատղաշ ծառ՝ իր ողջ տեսքով դառը հեգնանք առաջացնելով անցորդների մոտ: Պատկերը ճիշտ այնպիսին էր, ինչպես ողջ Հայաստանում: