Ի տարբերություն Եվրոպական երկրներում օրեցօր խստացվող իմիգրացիոն քաղաքականության, փաստորեն, Ռուսաստանը որդեգրել է դյուրին եւ գայթակղիչ իմիգրացիոն ռազմավարություն: Հայտնի է, որ
ՌԴ-ում ներկա դրությամբ ունենք զգալի մեծ թվով հայրենակիցներ: Բացի ավանդական սփյուռքը, 1992-93թթ. սկսած, մոտավոր հաշվարկներով, Հայաստանից այդ երկիր են գաղթել 600-700 հազար հայեր: Ըստ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի, վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանից մեկնողների 60-65 %-ը հանգրվանել է հիմնականում Ռուսաստանում: Մեկնաբանելով ՌԴ տարածքում տարվող միգրացիոն փոփոխությունների փաթեթը, նա նշում է, որ այն ուղղված է տվյալ պահին միգրացիոն ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը: Անդրադառնալով «Օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխություններին, Գ. Եգանյանն ասում է, որ ցանկացած երկիր իր աշխատաշուկան պաշտպանում է իր քաղաքացիների համար, եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից ազատ աշխատատեղերի համար սահմանում է որոշակի ընթացակարգ: «Մինչեւ այժմ գոյություն ունեցող ընթացակարգը բարդեցված էր, մեկ տարվա աշխատանքային թույլտվությունը տեւում էր 7-8 ամիս: Բնականաբար, մարդիկ պետք է աշխատանքային գործունեություն ծավալեին առանց այդ թույլտվության: 2002 թվականից գործող այդ բյուրոկրատական համակարգի առնչությամբ ռուսական մամուլը բազմիցս քննադատություններ է արել: Ներկա փոփոխությունները կարդինալ բնույթի են, որովհետեւ թույլտվության որոշումը պետք է ընդունվի ընդամենը 10 օրվա ընթացքում: Պահանջվող փաստաթղթերի ցանկն է` անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, պետական գույքի վճարման անդորրագիր եւ միգրացիոն քարտ: Մտցված է նաեւ քվոտայի սահմանաքանակների հասկացություն, որոնք բաժանված են 2 տեսակ երկրների համար` վիզային եւ ոչ վիզային, որի մեջ մտնում է Հայաստանը: Ոչ վիզային երկրների համար սահմանված է 6 մլն սահմանաքանակ, իսկ վիզային երկրների ցանկի մեջ ներառված երկրների (Վրաստան, Ֆրանսիա) համար նախատեսված սահմանաքանակն անհամեմատ քիչ է` 308 հազար 842»,- տեղեկացնում է գործակալության պետը: Արդյոք կա՞ն մասնագիտություններ, որոնց դեպքում օրենսդրական փոփոխությունները նախատեսում են արտոնություններ: Գ. Եգանյանը պատասխանում է, որ բացի նշված սահմանաքանակներից, գոյություն ունի բարձր որակավորում ունեցող մասնագիտությունների թույլտվության համակարգ, որոնք ընդգրկված չեն նշված սահմանաքանակների մեջ, ինչը վկայում է այն մասին, որ ներկայումս Ռուսաստանի աշխատաշուկայում տարբեր մասնագիտությունների գծով մեծ պահանջարկ կա: Բացի այդ, թույլտվություն է սահմանված նաեւ գործատուների համար. շատ պարզեցված ընթացակարգով գործատուին թույլատրվում է օտարերկրացի աշխատուժ պահել: «Եթե անգամ գործատուն չունի աշխատանքային գործունեության թույլտվություն, իսկ օտարերկրացին այն ունի, ապա գործատուին հարկ կլինի տեղեկացնել միայն Ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Շատ կարեւոր է, որ մեր բնակչությունն իրազեկվի այս փոփոխությունների մասին եւ օր առաջ դիմի` իր կարգավիճակը լեգալացնելու համար»,- նշում է Գ. Եգանյանը: Փորձագիտական հաշվարկներով, ներկայումս ՌԴ-ում անլեգալ կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների թիվը կազմում է մի քանի 100 հազար: ՌԴ ղեկավարությունն այսպիսով նաեւ փորձում է ստվերից հանել անլեգալ աշխատանքային միգրացիայի հետեւանքով ստացված եկամուտները: Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, այս ոլորտում չվճարված հարկերը կազմում են տարեկան 100 մլրդ ռուբլի: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, անլեգալ (ընդհատակյա) միգրանտների թիվը տատանվում է 6-15 մլն մարդու սահմաններում: Անօրինական աշխատանքային գործունեության շնորհիվ նրանք հայրենիք են ուղարկում ընդհանուր առմամբ 10 մլրդ դոլար: Փոխանցվող գումարները երբեմն համադրելի են ազգային բյուջեների հետ, կոնկրետ Հայաստանի դեպքում, ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտների չափը տարեկան հասնում է 900 մլն-ից 1 մլրդ դոլարի: Ի դեպ, այս տարվա հունվարի 1-ից գործող խստացումները հիմնականում ուղղված են գործատուներին` ընդհուպ 3 ամսով գործունեության դադարեցման: Գործատուների նկատմամբ կիրառվող տույժը կհասնի 30 հազար ԱՄՆ դոլարի:
Շուկայական «ռեյդեր»
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաեւ ՌԴ տարածքում առեւտրի ոլորտում օտարերկրյա աշխատողների ներգրավումը սահմանափակող որոշումը: Գ. Եգանյանը նշում է, որ Ռուսաստանում տարածված կարծիք կա, որի համաձայն` ռուս գյուղացին չի կարողանում շուկաներում իրացնել գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ որպես կանոն շուկաները տնօրինվում են որոշակի էթնիկական խմբավորումների` հիմնականում ադրբեջանցիների կողմից: «Սրանից, եթե որպես թիրախ նայենք, առաջինն ադրբեջանական խմբավորումները կարող են տուժել, դրա համար այնտեղ հանձնախումբ է ստեղծվել, որը փորձում է դրա արձագանքները մեղմացնել»,- ասում է Միգրացիոն գործակալության պետը: Փաստորեն, ՌԴ Կառավարության որոշմամբ, 2007թ. հունվարի 1-ից ոչ մի օտարերկրացի չի կարող զբաղվել նաեւ ալկոհոլի, այդ թվում` գարեջրի եւ դեղորայքի վաճառքով, իսկ շուկաներում, կրպակներում եւ տաղավարներում մինչեւ ապրիլի 1-ն օտարերկրացիների թիվը պետք է կրճատել 40 տոկոսով, իսկ մինչեւ տարեվերջ իսպառ բացառել նրանց «մուտքը»: «Ըստ իս, այս սահմանափակումները պայմանավորված են անցած տարի Ռուսաստանի հյուսիսային մարզերից մեկում տեղի ունեցած ազգային բախումների մահացու ելքով: Այս դեպքի տաք հետքերով էր, որ Ռուսաստանը խստացրեց նաեւ ալկոհոլի վաճառքում ոչ սլավոնական ազգերի ներկայությունը: Սահմանափակումներ մտցնելով հատկապես մանրածախ շուկայում, ես վստահ չեմ, որ նրանք դրված նպատակին կհասնեն: Նման կանխատեսումներ անում է նաեւ ռուսական մամուլը: Նախ, շուկաներում առեւտրի կազմակերպումն առավել հաջողվում է հենց փորձառություն ունեցող էթնիկ խմբավորումների ներկայացուցիչներին: Երկրորդը` այս լրացուցիչ նոր սահմանափակումները կարող են վերահսկողություն իրականացնող մարմինների ձեռքում դառնալ ազդեցության լրացուցիչ լծակներ»,- հավաստիացնում է Գ. Եգանյանը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների համար այս որոշման հնարավոր հետեւանքների գնահատմանը, գործակալության պետը նշում է, որ չի բացառվում, որ եւ՛ օրինական, եւ՛ անօրինական աշխատողների մի մասը, աշխատանք չգտնելու պարագայում, վերադառնա ՀՀ:
Ռեսուրսները կնվազեն
Գաղտնիք չէ, որ այսօր Ռուսաստանում տիրում է ճգնաժամի հանգեցնող դեմոգրաֆիական ծանր իրավիճակ: Խոսքը վերաբերում է տարեկան 1մլն անձով բնակչության թվաքանակի կրճատմանը: Կանխատեսումների համաձայն, մինչեւ 2025 թիվը Ռուսաստանի աշխատանքային ռեսուրսների նվազումը կարող է հասնել 20-22 %-ի: Գ. Եգանյանի ասելով, կանխարգելիչ միջոցառումների նպատակով, անցած տարի հունիսի 22-ին ՌԴ-ում ընդունվել է պետական ազգային ծրագիր` հայրենակիցների վերաբնակեցման մասին, որը նպատակ ունի կազմակերպել տարբեր երկրներից ռուս հայրենակիցների վերադարձ: «Ռուսաստանում հայրենակից հասկացությունը շատ ընդգրկուն հասկացություն է, քանի որ այնտեղ բնակվում են 100-ից ավելի ազգերի ներկայացուցիչներ: Մշակութային եւ լեզվային առանձնահատկությունների տեսակետից նախընտրելի կլինեն ԱՊՀ տարածքի բնակիչները, չնայած, որ ծրագիրը վերնագրված է համերկրացիներին: Այս գործընթացն իրականացնելիս նրանք որոշակի սելեկցիոն աշխատանք պիտի կատարեն` նախապատվությունը տալով ակտիվ վերարտադրողական տարիքի անձանց: Այս տարվանից այս ծրագիրը մեծ թափ է առնելու»,- նշում է գործակալության պետը: