Բաղադրությունը։ Ջուր՝ 92-93%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, շաքարներ` 1,8-2,1%, էքստրակտային նյութեր` 2,4-2,6%, բջջաթաղանթ՝ 0,04-0,06%, մոխրացող մնացորդ` 0,5-0,6%, 0,03 մգ A, 0,16-0,26 մգ B1, C 25-61 մգ, P, K, B6 եւ U վիտամիններ, ֆերմենտներ, 118 մգ կալիում, 13 մգ մագնեզիում, 12 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ, պղինձ, ցինկ:
Կիրառությունը։ Վաղ հնադարից կաղամբն օգտագործվել է բուժական նպատակներով: Հյութն օժտված է ճարպերը ճեղքելու եւ մարսողությունը բարելավելու հատկությամբ: Հռոմեական գրող Կատոնը նշում է, որ կաղամբը հռոմեացիների համար ծառայել է ոչ միայն որպես սնունդ, այլեւ դեղամիջոց` բոլոր հիվանդությունների դեմ: Այդպիսով հռոմեացիները շուրջ 600 տարի առանց դեղերի էին ապրում: Համարում են, որ կաղամբն ընդունակ է վերացնել անքնությունը, գլխացավերը: Սննդաբաժնում մեծ քանակությամբ կաղամբ օգտագործած երեխաներն աճում են արագ, նորմալ, առանց հիվանդությունների:
Դիոսկորիդը նշում է, որ հում կաղամբը վերացնում է պնդությունը եւ կարգավորում աղիների աշխատանքը, իսկ եփածն առաջացնում է պնդություն:
Վերածննդի դարաշրջանում համարել են, որ հում կաղամբը վերացնում է ընդհանուր նյութափոխանակությունը: Բարտոլինին պնդում է, որ եթե թույլ աճող, վատառողջ երեխային սնեն կաղամբով եւ լողացնեն ջրի հետ խառնած մեզով, նա շատ արագ կառողջանա:
Ռուսական Ժողովրդական բժշկությունը նշում է, որ տրորված կաղամբը ձվի սպիտակուցի հետ խառնելուց հետո դրվում է ամեն տեսակի այրվածքների, խոցերի վրա, իսկ կաղամբի արմատի մոխիրը սննդի մեջ օգտագործելու դեպքում հալեցնում է քարերը:
Թթու դրած կաղամբի հյութն օգնում է ընկնավորության դեմ, թարմ հյութը` գորտնուկների, խռպոտության դեմ է: Սերմերը ճիճվասպան են:
Գիտական բժշկությունը կաղամբի հյութը կիրառում է որպես ստամոքսի ու աղիների բուժամիջոց: Թարմ հյութը նպաստում է խոցերի արագ փակմանը, բարելավում նյութափոխանակությունը, բարձրացնում ստամոքսահյութի թթվայնությունը, իսկ ողողումների ձեւով օգնում է կոկորդի բորբոքման դեպքում:
Կաղամբը նպաստում է նաեւ աթերոսկլերոզի բուժմանը: Հում ծեծված տերեւները ցավոտ տեղերին դնելուց հանգստացնում են ցավերը:
Բնաբույժ Ուոքերն իր հերթին նշում է, որ եթե կաղամբի թարմ հյութի ընդունումից հետո առաջանում են գազեր, ուրեմն աղիները բուժման կարիք ունեն` պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0,5-1 բաժակ հյութ եւ 1-2 ժամ հետո հոգնայով աղիների լվացում կատարել: Նա նշում է, որ 50 կիլոգրամ եփված կաղամբն իր սննդային արժեքներով չի կարող համեմատվել 300 գրամ թարմ հյութի հետ: Նա թարմ հյութն օգտագործել է նաեւ ուռուցքների բուժման համար:
Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, կաղամբը սրում է տեսողությունը, օգնում գլխի ցնցումների բուժմանը: Տերեւները քացախի հետ նպաստում են ատամնացավի վերացմանը: