«ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ, չնայած արգելքներին՝ Երեւանի մանրածախ առեւտրում հայտնվել են հայոց լեզվի քննական թեստերի ուղեցույցներ: Հիշեցնենք, որ ընթացիկ ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական դպրոցները փորձնական հիմունքներով ներդրել են թեստերի միջոցով քննությունների հանձնման համակարգ: Թեստավորման միջոցով գիտելիքների գնահատման համակարգին անցումը կապված է կրթության համաեվրոպական համակարգին ՀՀ անդամակցության հետ: Պետբյուջեից 50.000 օրինակ ուղեցույցների հրատարակության համար տրամադրվել էր համապատասխան ֆինանսավորում, ընդ որում, դրանց վաճառքի նկատմամբ արգելք էր սահմանված դեռեւս ուսումնական տարվա սկզբից: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանը ծնողներին կոչ է արել` չգնել «ապօրինի հուշաթերթիկները», քանի որ աշակերտները դրանք կստանան անվճար հիմունքներով: