Սամվել Բաբայանի պատասխանը

07/05/2005

«Իրավունք» եւ «168 Ժամ» թերթերի ս. թ. փետրվարի 3-ի համարներում տպագրված «Նորից կռվախնձոր է» հրապարակումը, որն աղերսվում է պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, իրականում նորից հերյուրանք է։ Հիշյալ թերթերը, վկայակոչելով միայն իրենց հայտնի «շրջանակների կանխատեսումները», անհեթեթ մեկնաբանություններ են տարածել։ Մասնավորապես` ծիծաղելի է այն պնդումը, թե Սամվել Բաբայանի քաղաքական ու տնտեսական գործունեության հեռանկարների պատճառով «հնարավոր է նորից սրվեն» Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հարաբերությունները։ Առավել անտրամաբանական է այդ հարաբերությունների «սառեցված» լինելը Ս. Բաբայանի ազատման փաստին կապելը։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի` ազատության մեջ գտնվելը առնչություն չունի ՀՀ իշխանությունների հետ։ Ինչ վերաբերում է Ս. Բաբայանի անձը, որպես Ս. Սարգսյանի այլընտրանք, դիտարկելու փորձին, ապա ուզում ենք հիշեցնել, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քաղաքական դաշտում իր` բացարձակ քաշային կարգն ունեցող գործիչ է եւ իրեն այլընտրանք, առավել եւս` «կռվախնձոր», համարելու հիմքեր երբեք որեւէ մեկին չի տվել։

Մի նկատառում եւս. Ս. Բաբայանին ճանաչողները գիտեն, որ թիկունքից խոսելը նրա ոճը չէ։ Այնպես որ, նշված թերթերին մնում է միայն խորհուրդ տալ հետագա ապատեղեկատվությունները հիմք ընդունելու եւ տիրաժավորելու ժամանակ դիմելու նոր մեթոդների, քանի որ այս մեկը` «մերձակա շրջապատ» կոչվածը, կիրառվել է հասկանալի ճամբարից, 1995-99թթ., ու եթե ժամանակին ինչ-որ «արդյունք» տվել է, ապա այժմ սպառել է իրեն։ Եվ վերջապես, եթե այդչափ հուզում է Ս. Բաբայանի անձնական պահպանության հարցը, ապա հրապարակման հեղինակները կարող են անձամբ համոզվել, որ գեներալ-լեյտենանտը շրջում է առանց թիկնապահների։

Սամվել Բաբայանի մամուլի քարտուղար Գարեգին Ղազարյան

7.02.2005թ.