Դորտմունդյան կոնֆերանսի մասնակիցները նամակ են ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին ու Մեթյու Բրայզային, որում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակի սկզբունքները, որոնք մշակվել են դորտմունդյան կոնֆերանսի մասնակիցների կողմից:
Դորտմունդյան կոնֆերանսը ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված լուծումների որոնման ոչ պաշտոնական ձեւաչափ է: Այստեղ եւս կան ամերիկացի եւ ռուսաստանցի միջնորդ համանախագահներ: Սակայն, ի տարբերություն պաշտոնական ձեւաչափի, այստեղ քննարկումներին, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, որպես լիիրավ կողմ` մասնակցում է նաեւ ԼՂ-ն: Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում առայժմ վերջին՝ 11-րդ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ ամիս: Այդ ձեւաչափում հայկական կողմից մասնակցում են ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը եւ այլք: Երեկ Ա. Սարգսյանը, Վ. Հարությունյանն ու Հ. Բաբուխանյանն ասուլիս էին հրավիրել՝ դորտմունդյան կոնֆերանսի վերջին հանդիպման մանրամասների մասին տեղեկացնելու նպատակով: Նրանք տեղեկացրեցին, որ իրենց տվյալներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են վերոնշյալ նամակում ներկայացված հարցերը քննարկել իրենց հերթական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու այս ամիս: Իսկ այդ այլընտրանքային տարբերակով առաջարկվում է «անվտանգություն՝ տարածքների դիմաց» մոտեցումը մերժել, հրաժարվել փոխադարձ թշնամանքի քարոզչությունից եւ զիջումներն անել հավասարաչափ, այսինքն՝ ինչքան տարածք հանձնում է հայկական կողմը, այդքան տարածք էլ ազատում է Ադրբեջանը, եւ այլն: Հ. Բաբուխանյանն էլ կարծիք հայտնեց, թե Հայաստանի իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ այն բանից հետո, երբ Վրաստանին դիվանագիտական ժեստ անելու համար ԼՂ-ն չմտավ «չճանաչված պետությունների ասոցիացիայի» մեջ, Վրաստանն ի պատասխան որոշեց կառուցել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթգիծը: «Հենց որ Վրաստանը տվեց Կարս-Ախալքալաքի համաձայնությունը, ԼՂ-ն պետք է հաջորդ օրը մտներ չճանաչված պետությունների ասոցիացիա: Այսինքն՝ պետք է ակտիվ եւ ինչ-որ տեղ նախահարձակ քաղաքականություն վարել այս հարցում»,- գտնում է ՍԻՄ նախագահը: Դորտմունդյան կոնֆերանսի մասնակիցները ԼՂ խնդրի կարգավորման իրենց մշակած տարբերակն անվանում են «փուլափաթեթային»: Նրանք իրենց մշակած առաջարկները հանձնել են նաեւ հակամարտող կողմերի իշխանություններին, սակայն արձագանք չեն ստացել: Երեկվա ասուլիսում բանախոսները կարծիք հայտնեցին, որ մեր երկրի իշխանությունների ընտրած քաղաքական բանակցությունների ճանապարհը ոչ միայն փակուղի է տանում, այլեւ քննարկվող համաձայնագրի ստորագրումը կարող է հրահրել նոր պատերազմ: Ըստ նրանց, նոր պատերազմ կարող է հրահրվել նաեւ տարածաշրջանում խաղաղարար կամ խաղաղապահ անունով ռազմական ցանկացած ներկայության դեպքում: Նրանք գտնում են նաեւ, որ հասարակությունների համար պետք է բացել բանակցությունների մանրամասները, որպեսզի հասարակությունները պատրաստ լինեն խնդրի այդ կարգավորմանը: «Քաղաքական առաջնորդները կարող են բանակցություններ վարել, բայց միայն ժողովուրդը կարող է հասնել խաղաղության»,- նշեց Ա. Սարգսյանը: Իսկ դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում կողմերը համաձայնել են, որ տարածքների հարցը չի կարելի կապել ԼՂ-ի կարգավիճակի հետ: Բացի այդ, հիշատակելով Կարսի պայմանագրի մասին, Արամ Գ. Սարգսյանը տեղեկացրեց. «Մեր հանդիպումների ժամանակ մենք պարտադրում ենք, որպեսզի ադրբեջանցիները քննարկեն նաեւ Նախիջեւանի հարցը»: Դորտմունդյան կոնֆերանսի մասնակիցները տարօրինակ չեն համարում, որ ՀՀ իշխանությունների հետ բանակցություններում Ադրբեջանը շատ կոշտ դիրքորոշում ունի, իսկ դորտմունդյան կոնֆերանսում փաստաթուղթը մշակելիս ադրբեջանական կողմը, որն, ըստ Ա. Սարգսյանի, առանց Ադրբեջանի իշխանությունների գիտության ոչ մի կետի չի համաձայնում, ընդունում է իրենց համար ոչ այդքան շահավետ պայմանները: Իսկ դրա բացատրությունն էլ, Ա. Սարգսյանի կարծիքով` հետեւյալն է. «Քոչարյանը թաղված է կոռուպցիայի մեջ եւ կախյալ է միջազգային ատյաններից»: Բանախոսները երեկ նշեցին, թե հաջողության հասնելու համար պետք է ընտրել կոշտ դիրքորոշումների մարտավարություն: Նրանք տեղեկացրին նաեւ, որ ըստ նախնական համաձայնության` դորտմունդյան կոնֆերանսի վերջին քննարկումներին պետք է մասնակցեին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն չեն մասնակցել Ռ. Քոչարյանի պատճառով, քանզի մինչ կոնֆերանսի հերթական ռաունդը, ըստ Ա. Սարգսյանի, Ռ. Քոչարյանը համաձայնել է տարածքների վերադարձման տարբերակին, եւ համանախագահներն էլ չեն ցանկացել ընկնել լրացուցիչ գլխացավանքի տակ: Երեկվա բանախոսները ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը որակեցին «պարտվողական»: Միաժամանակ նրանք հիշեցրին նաեւ, որ մինչեւ 1998-ը ԼՂ-ն բանակցային կողմ էր, իսկ այսօր դա այդպես չէ: Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ նրանք ԼՂ հարցում ստեղծված իրավիճակում 1998-ի համեմատ հետընթաց են արձանագրում: Մեր այս հարցին Վ. Հարությունյանը պատասխանեց, թե` այո, ԼՂ մասնակցության մասով հետընթաց է արձանագրվել, սակայն առաջացել է նոր մոտեցում՝ հանրաքվեի գաղափարը, որը նա դրական է համարում: «Իհարկե, կարելի է համարել, որ այս ութ տարվա ընթացքում Ռ. Քոչարյանը, ձգձգելով բանակցությունների գործընթացը, ոչինչ չի զիջել: Փաստացի ոչ մի բան չի զիջվել: Ես դա կարող եմ մասնակի համարել ձեռքբերում: Բայց բանակցային գործընթացի միտումները պարտվողական են»,- նույն հարցին այսպես պատասխանեց Ա. Սարգսյանը: