Թեեւ մինչ խորհրդարանական ընտրությունները դեռեւս բավականին ժամանակ կա, բայց կուսակցությունների ընտրական ցուցակներն արդեն հիմնականում հայտնի են եւ մինչ ընտրությունները հազիվ թե էական փոփոխությունների ենթարկվեն: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ կուսակցությունների մեծ մասի շարքային անդամներն ընտրացուցակների ձեւավորմանը որեւէ կերպ չեն մասնակցելու, եւ իրենց կուսակցությունների ցուցակների անցողիկ թեկնածուների անունները բացահայտելու են մոտավորապես այնպես, ինչպես լոտո խաղացողներն են անում` կոպեկով ջնջելով ցուցակների «պաշտպանիչ շերտը»:
Այսօր քաղաքական կուսակցությունները զբաղված են իրենց համամասնական ցուցակները ձեւավորելու «լուրջ» գործով: Մեզ հաջողվեց տարբեր աղբյուրներից իմանալ, թե որ քաղաքական ուժն ինչ կազմով է պատրաստվում մասնակցել ընտրություններին: Իհարկե, չենք բացառում, որ մինչեւ մարտ ամիսը, երբ պաշտոնապես կհրապարակվեն կուսակցությունների համամասնական ցուցակները, դրանք կվերանայվեն, սակայն, ըստ մեր աղբյուրների, դրանք լուրջ եւ էական փոփոխությունների չեն ենթարկվի:
Օրինակ, մեր տեղեկություններով, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Ցուցակում երկրորդ տեղը վերապահված է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, երրորդը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին: Այնուհետեւ, ըստ հերթականության, կլինեն Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Ալվարդ Պետրոսյանը, Դավիթ Լոքյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արմենուհի Հովհաննիսյանը, «Ավշար» ընկերության նախագահ Արայիկ Գրիգորյանը եւ Ոստանիկ Մարուխյանը: Իսկ Հրանտ Վարդանյանի որդին՝ Միքայել Վարդանյանն այս անգամ իր «ուժերը» փորձելու է մեծամասնական ընտրակարգով: Նա, ըստ մեր տեղեկությունների, առաջադրվելու է Նոյեմբերյանում:
Իսկ ՀԺԿ-ի ցուցակը (ինչպես արդեն հայտնի է, ՀԺԿ-ն ընտրություններին մասնակցելու է առանց որեւէ ուժի հետ միավորման), բնականաբար, կգլխավորի Ստեփան Դեմիրճյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար վերապահվել են ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին եւ Ստեփան Զաքարյանին: Այս անգամ ցուցակի չորրորդ տեղը կզբաղեցնի կուսակցության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը: Այնուհետեւ ցուցակի հաջորդ տեղերում, ըստ մեր աղբյուրների, կլինեն Վարդան Մկրտչյանը, Էդմոնդ Ծատուրյանը, Ֆելիքս Խաչատրյանն ու Ստեփան Մինասյանը:
Եթե այս ընթացքում «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը դաշնակից չգտնի, ապա, մեր տեղեկություններով, «Ազգային Միաբանության» համամասնական ցուցակը կունենա հետեւյալ պատկերը. Արտաշես Գեղամյան, Ալեքսան Կարապետյան, Կորյուն Առաքելյան, Հարություն Մուրադյան՝ «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հարություն Հարությունյանի եղբայրը, Գագիկ Կոստանդյան, Սարգիս Մուրադխանյան:
Այսօր, այս առումով, բավական տխուր վիճակում է գտնվում «Օրինաց երկիրը», որն, ինչպես հայտնի է, ցանկանում է ընտրություններին մասնակցել Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հետ միասին: Հիշեցնենք, որ մինչ Ս. Բաբայանը նա բանակցում էր ՍԻՄ-ի հետ եւ, ինչպես խոստացել էր, ստիպված է լինելու իր ցուցակում տեղ տալ նաեւ Հայկ Բաբուխանյանին, որը, ինչպես հայտնի է, սերտ կապերի մեջ է նաեւ Սամվել Բաբայանի հետ: Բայց քանի որ մինչ օրս Արթուր Բաղդասարյանն ու Սամվել Բաբայանն ընդհանուր որոշում չեն կայացրել, նրանց ցուցակները դեռեւս «լողացող» են: Այսպիսով, եթե «Օրինաց երկիր» եւ «Դաշինք» կուսակցություններն ընտրություններին մասնակցեն առանձին ձեւաչափով, ինչն անհավանական են համարում այս կուսակցություններում, ապա ՕԵԿ ցուցակն Արթուր Բաղդասարյանից հետո կգլխավորի Մհեր Շահգելդյանը, այնուհետեւ՝ Հայկ Բաբուխանյանը: Չորրորդ «պատվավոր» հորիզոնականը կզբաղեցնի Հեղինե Բիշարյանը, որովհետեւ ՕԵԿ-ում որոշվել է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը պետք է մեծամասնական ընտրակարգով առաջադրվի Գյումրիում, եւ, արդեն մի քանի ամիս է, այդ նպատակով «գործուղվել» է Գյումրի: Այնուհետեւ կլինի Հովհաննես Մարգարյանը: Իսկ «Դաշինք» կուսակցության ցուցակի երկրորդ տեղը՝ Սամվել Բաբայանից հետո, կվերապահվի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին, որից հետո, ըստ մեր տեղեկությունների, կլինեն կուսակցության նախագահի տեղակալ Անդրանիկ Թեւանյանը եւ քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, Արթուր Բաղդասարյանը հաջողացնի միավորվել «Դաշինք» կուսակցության հետ, ապա այդ միավորման համամասնական ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն Արթուր Բաղդասարյանը, Սամվել Բաբայանը, Վազգեն Մանուկյանն ու Հայկ Բաբուխանյանը: Ու թե ինչ կլինի դրանից հետո՝ առայժմ որեւէ մեկը չի համարձակվում կանխատեսել:
Գրեթե նույն վիճակն է նաեւ ՄԱԿ-ում, որն, ինչպես հայտնի է, ցանկանում է իր «բիզնես նախագիծն» այս անգամ կազմել «Բարգավաճ Հայաստանի» հետ: Արդեն իսկ լուրջ խոսակցություններ կան, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը բանակցություններ է վարում Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն վերջինս չի ցանկանում միավորվել Գ. Արսենյանի հետ: Եվ մինչ այս «պրոյեկտը» գլուխ գա, ՄԱԿ-ում նախնական ցուցակն՝ իր կուսակցության անդամներով, արդեն պատրաստ է. ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում Գուրգեն Արսենյանն է: Այնուհետեւ` Գրիգոր Ղոնջեյանը, Արթուր Պետրոսյանը, Մնացական Պետրոսյանը, Հռիփսիմե Ավետիսյանը, Թամարա Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը եւ Արտակ Բշտիկյանը: Չի բացառվում, որ ՄԱԿ-ի ցուցակում լինի նաեւ Մշակույթի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակն, ըստ մեր տեղեկությունների, կազմված է հետեւյալ մարդկանցից. Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ քաղաքական պատասխանատու, Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Վարդան Վարդանյան, Սեդրակ Առուստամյան, Մուրադ Գուլոյան, Վիլեն Հակոբյան, Վարդան Բոստանջյան, ինչպես նաեւ` կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահե Էնֆիաջյան: Չի բացառվում, որ առաջին տասնյակում լինեն նաեւ Ալբերտ Ազարյանն ու ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Իսկ Հանրապետական կուսակցության ցուցակը կունենա հետեւյալ պատկերը. առաջին տեղում կլինի կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ` կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղը կզբաղեցնի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, չորրորդը՝ Գալուստ Սահակյանը, հինգերորդը՝ Հովիկ Աբրահամյանը: Վեցերորդ տեղում կլինի Հերմինե Նաղդալյանը, յոթերորդում՝ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Այնուհետեւ նախարարները՝ Վարդան Խաչատրյան, Արմեն Ավետիսյան, Վարդան Այվազյան, Կարինե Կիրակոսյան: Իսկ գործարար ՀՀԿ-ականները խորհրդարան կմտնեն ոչ թե կուսակցության համամասնական ցուցակով, այլ՝ մեծամասնական ընտրակարգով:
Ի դեպ, ՀՀԿ համամասնական ցուցակում կլինեն նաեւ երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն ու Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը:
Հ.Գ. Իսկ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մեր տեղեկություններով, հրաժարական կներկայացնի մարտ ամսին եւ կանդամագրվի կամ Հանրապետական կուսակցությանը, կամ ՄԱԿ-ին: