Լվի փնտրտուք` Գրողների միությունում

07/05/2005 Ս.ՍՄԲԱՏՅԱՆ

Գրողների միության հերթական համագումարից 4 ամիս առաջ արդեն սկսվել է պայքարը միության նախագահի աթոռի համար:

Վերջին համագումարի ժամանակ ՀԳՄ նախկին քարտուղար, նախագահության հավակնորդ Աբգար Ափինյանը հրապարակավ դիմել է հաղթած թեկնածուին. «Լեւոն Անանյան, դու պատմության առաջ մեծ մեղք գործեցիր, դու նստեցիր այն աթոռին, որն ինձ համար էր նախատեսված»: «Պատմությունն ինձ մի կերպ կների, Աբգար, դու գնա, հանգիստ աշխատի»,- պատմության ներողամտությանն է ապավինել Լ. Անանյանը: Աբգարը հանգիստ շարունակել է իր «գրական» գործունեությունը: Հիմա էլ հրապարակավ հայտարարում է, որ իր նպատակը նախագահի աթոռը չէ: Նախկին քարտուղարն, ամենայն հավանականությամբ, փորձում է նախ վերականգնել կորուսյալ դիրքերը, այն է՝ ՀԳՄ քարտուղարի պաշտոնը: Պատմությունը` պատմություն, իսկ Լեւոն Անանյանին ընտրություններից 4 ամիս առաջ ներելու ոչ մի հնար չեն տեսնում իր ղեկավարած միության անդամները, նույնիսկ նրանք, ովքեր իրենց քվեները ծառայեցրել էին ի շահ Անանյանի: Լեւոն Անանյանից դժգոհ են: Լավ է, որ մտավորականը դժգոհ է լինում: Բայց լավ չի, որ ուղտը թողած, լվից են դժգոհում:

Դժգոհողներն ասում են՝ Անանյանը միությունը միջակություններին է ծառայեցնում: Բողոքում են, որ վաճառել է պետական մրցանակը: Իրենց ավելի խելամիտ համարողներն ասում են՝ դժվար թե պետական մրցանակակիր ղարաբաղցի Արտեմ Հարությունյանը որեւէ գրոշ ուրիշին զիջեր: Մյուսները հայհոյում են եւ՛ նախագահին, եւ՛ մրցանակակրին, նախկին ընտրություններին դեմ էին, այժմ համագործակցում են Աբգար Ափինյանի հետ, միության նախագահ են տեսնում Ռազմիկ Դավոյանին, խոսում են արժեքներից՝ առանց հստակեցնելու արժեքի գոնե իրե՛նց չափանիշը: Մի տասնյակ էլ հյուրասիրվում է մեկ այլ նախագահության հավակնորդի համեստ կերակրամանից: Այս թեկնածուն բանաստեղծ է, անունով` Բերդ Բաբայան: Պրն Բաբայանի մասին իրազեկներն ասում են՝ Մոսկվայում գործ ուներ, հիմա չունի, եկել-ուզում է գոնե միության նախագահ դառնալ: Պրն Բաբայանը Մոսկվայում գործող Միջազգային գրական ֆոնդի հայաստանյան ներկայացուցիչ է եղել եւ երբեմն ֆոնդի դրամական օգնություններով մտել է միության մեկ կամ երկու տասնյակ անդամների զույգ աչքերը: Հատկապես՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերան գրողների: Նշյալ պատերազմին մասնակից չեղած եւ գրողական կյանքում «վետերանության» չձգտածները, ում եւս բաժին է ընկել Միջազգային գրական ֆոնդից մի երկու կոպեկ, բողոքում են, որ Բերդ Բաբայանն անամոթաբար իր PR-ում օգտագործում է իրենց անունը:  

Միության աթոռի հավակնորդների ցանկն առայժմ այսպիսին է՝ չհաշված այն, որ պարբերաբար «լուրջ» վտանգ է փորձում հասունացնել Հայ գրողների միությունը՝ Հովհաննես Մելքոնյանի գլխավորությամբ՝ պահանջելով ոչ թե աթոռ (իրենց աթոռը տեր ունի), այլ` աթոռատեղ:

Իրենց ավելի ողջախոհ համարողների մի մասն էլ քննարկման է դնում ընդհանրապես միության գոյության խնդիրը եւ շարունակում օգտվել Ծաղկաձորի ստեղծագործական տանը «ստեղծագործելու» հնարավորությունից:

Ու հակառակորդ թեւերը, խոսքները մեկ արած, վկայակոչում են պատմություն ու Հրանտ Մաթեւոսյան: Իսկ Հրանտ Մաթեւոսյանը վերջին համագումարի բացման իր խոսքում ասում էր. «Միությունը այն է, ինչ որ է: Ճիշտ է, Միությունը գրականությունն ու գիրքը հասարակական կյանքի բաղադրիչ դարձրեց, գրականությանը քաղաքացիական կացություն շնորհեց, ազգը, կարելի է ասել, գրականացրեց, բայց դա Հովհաննես Թումանյանի միությունն էր, եւ այլ ժամանակներ էին… Մեր Միության առաքելությունը մեծ է միայն գրողներիս համար, իսկ բացակայությունն, ահա, մեծ պարապ կլիներ ամբողջ ժողովրդի ու հանրապետության համար…»: Այդպե՛ս գնաց՝ «շնորհակալ լինելով մեր բոլոր նախորդներին» եւ ակնկալելով հաջորդների «շնորհակալությունը արածի ու ներողամտությունը թերացումների համար»: