Առանց մարդու

21/01/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

«…Չի կարելի չարձանագրել, որ «անհատների պետության» մեջ «կառավարող անհատների» կողմից «բոլոր անհատների» համար «զբաղվածության դիֆերենցված բազմազանություն» ստեղծելու այս ծրագրում հետին պլան են մղված ինչպես ներքին՝ սոցիալական, այնպես էլ միջազգային ինտեգրացիոն բաղադրիչները»։

Եթե Հայաստանի որեւէ գյուղի բնակիչ՝ ինձ դնելով քաղաքացու եւ դեռ ավելին՝ քաղաքաբնակ լրագրողի տեղ, խնդրի մեկնաբանել այս նախադասությունը, ես (հորս արեւ) քարկապ կընկնեմ։ Քարկապ կընկնեմ ոչ թե այն պատճառով, որ ժամանակին ականջալուր չեմ եղել ծնողներիս՝ բարձրագույն կրթությունը մինչեւ վերջ հասցնելու թախանձանքին, այլ որովհետեւ համաշխարհային գրականության բոլոր դասականները՝ Հոմերոսից մինչեւ Օրհան Փամուկ, ինձ սովորեցրել են խոսել մարդկային լեզվով։

Այսպես հայ գյուղացուն ես չեմ կարող բացատրել, թե ինչ է նշանակում «հազարամյա գոյաբանական ճգնաժամ»։ Բայց կարող եմ ասել, որ ճգնաժամի հաղթահարման ռազմավարության երկու տեսակներից մեկով՝ «կոնֆրոնտացիոն»-ով մենք արդեն հասել ենք բավականաչափ կատարյալ մեկուսացման, իսկ այ «ինտեգրացիոն»-ով չենք կարողանում դուրս գալ այդ մեկուսացումից, որովհետեւ չենք վերացրել «կոնֆրոնտացիոն»-ի հետեւանքները։

Եվ այսուհանդերձ, քանի որ հայ գյուղացին հայտնվել է մեկուսացման մեջ, նրան շատ դժվար կլինի բացատրել, որ պետք է «անհատական նպատակները եւ ձգտումները կառուցավորել որպես հասարակության հավաքական շահեր եւ պետության գիտակցված պահանջմունքներ»։

Նույնպես դժվար կլինի հայ գյուղացուն տալ «դիֆերենցված բազմազանության ապահովման առաջադրանք»՝ հաշվի չառնելով, որ ճգնաժամի հաղթահարման «կոնֆրոնտացիոն» եղանակի ձախողման պատճառով առաջացած մեկուսացումը նպաստում է մեր երկրի ղեկի մոտ եւ մերձակայքում կանգնած փոքրաթիվ մարդկանց «ինդիվիդուալիստական-ֆամիլիստական հոգեկերտվածք»-ի հղկմանն ու փայլեցմանը, ինչի հետեւանքով առաջացել է «դիխոտոմիա»։ Սա ժամանակակից արեւելահայերենով նշանակում է «ամբողջի հետեւողական բաժանում երկու մասի»։ Ու թեեւ բառարանը չի մանրամասնում երկու մասերի ծավալային հարաբերակցությունը, բայց դժվար չէ գլխի ընկնել, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի հասցրել «իրականացնել իր անհատական բարգավաճման իդեալը» ոչ միայն որպես օլիգարխ, այլ «նաեւ որպես գիտնական եւ ինժեներ, արվեստագետ եւ մանկավարժ, բարձր տեխնոլոգիաների մասնագետ եւ ինտելեկտուալ»։

Եվ եթե հայ գյուղացին հանկարծ հարցնի, թե արդյոք «միջազգային ինտեգրման ընթացքում ձեւավորված ինստիտուցիոնալ կառույցների» բացակայությունը չէ՞ չհասցնելու պատճառը, ես դարձյալ կդժվարանամ պատասխանել, որովհետեւ, իմ պատկերացմամբ, որեւէ իդեալի չիրականացման պատճառ կարող է լինել միայն եւ միայն իդեալի բացակայությունը, որն օրնիբուն քարոզվում ու ներշնչվում է զանգվածային լրատվության՝ հայ գյուղացուն հասու միջոցներով՝ վարպետորեն համատեղելով կոնֆրոնտացիոնն ու ինտեգրացիոնն՝ այսինքն՝ ջնջիր եւ կշահես։

Իսկ հայ գյուղացուն չհասու ԶԼՄ-ներում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը՝ շեղ տառատեսակով նշված բառապաշարով, վիճում են ոչ միայն գյուղերում աղքատությունը վերացնելու, այլեւ՝ «գոյաբանական ճգնաժամը» հաղթահարելու մասին։ (Տես՝ «Առավոտ» օրաթերթ, 16.01.2007, Վարդան Օսկանյան, «Խնդիրը վաղուց հասունացած է» հոդվածը, որը Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հրապարակման պատասխանն է):

Նյութը կարդալիս ինձ մի պահ թվաց, թե գտնվում եմ «Արմենիա-Մարիոթ» կամ «Կոնգրես» հյուրանոցների համաժողովների սրահներից մեկում, որտեղ այսպիսի բառապաշարով գրեթե ամեն օր քննարկումներ են լինում ինտեգրացիայի օգտակարության եւ կոնֆրոնտացիայի վնասակարության մասին։

Հետո ես ինձ գտա համալսարանի կամ ակադեմիայի հումանիտար բաժանմունքներից մեկում, որտեղ «Արդարություն» դաշինքին ասպիրանտական մինիմումները հանձնած Վիկտոր Դալլաքյանն ուզում է թեկնածուական թեզ պաշտպանել, իսկ ընդդիմախոսը՝ նախարար Վարդան Օսկանյանը, փորձում է ուղղորդել նրա գիտական ընթացքը։

Հոդվածի ընթերցման վերջերում ես մտովի տեղափոխվեցի ՌԴ Կալինինգրադի մարզի Գուսեւ քաղաք, որտեղ 1984-86 թվականներին անցնում էր իմ զինվորական ծառայությունը։ 1985-ի մայիսի 17-ին, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հարբեցողության դեմ պայքարն ուժեղացնելու մասին» որոշումը, որը հայտնի է որպես գորբաչովյան «սուխոյ զակոն», մենք փորձեցինք իմանալ մեր հրամանատարի քաղաքական գծով տեղակալի կարծիքն այդ «նորության» մասին։ Հուզմունքից շփոթված կապիտանը՝ ռուսերեն հայհոյաբառերի հարուստ պաշարի գործադրմամբ` այնպիսի երկարաշունչ նախադասություն արտասանեց, որ զինվորներիցս ոչ մեկը գլխի չընկավ՝ կապիտանն այդ որոշմանը հավանություն տալի՞ս է, թե՞ ոչ։ Այդպես եղավ, որովհետեւ կապիտանը որպես մարդ սիրում էր խմել, իսկ որպես հրամանատարի քաղաքական գծով տեղակալ` չէր կարող հավանություն չտալ երկրի ղեկավար մարմնի ընդունած որոշմանը։

Նման պարագաներում իսկապես օգնում է խրթին ու անհասկանալի բառապաշարը։ Երբ հայ մարդը զգում է, որ երկիրը ձեռքից գնում է, ուզում է խոսել դրա մասին, բայց երբ միաժամանակ խուսափում է ամբողջ ճշմարտությունն ասելուց, զանգվածային լրատվամիջոցը վերածվում է էպիստոլյար միջավայրի, որտեղ խոհերն ու մտածումներն այնքան առանձին են (ինտիմ), որ կարդացողը չի հասկանում, թե ինչու եւ ինչպես են «թղթակիցները» փորձում ձուկ բռնել ավազուտներում՝ ձեռքներին անգամ կարթ չունենալով։

Անցած տարվա սեպտեմբերից առաջ, երբ իմացա, որ ՀՀ Արտգործնախարարությունը պատրաստվում է հրապարակել գյուղերի զարգացման ծրագիր, ուրախացա եւ տարակուսեցի։ Ուրախացա, որ մեր երկրում վերջապես որոշել են զբաղվել գյուղերի խնդիրներով։ Տարակուսեցի, քանի որ դրանով պատրաստվում էր զբաղվել Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինը։ Տարակուսանքս մնաց, իսկ ուրախությունս կամաց-կամաց չքացավ, որովհետեւ սեպտեմբերին հաջորդած ամիսներին առիթ ունեցա լինելու գյուղերում ու հարցնելու, թե ինչ գիտեն մարդիկ այդ ծրագրի մասին։ Ոչինչ չգիտեին։ Ուրախությունս չքացավ, որովհետեւ armeniadiaspora.com ինտերնետային էջի «Rural poverty eradication program» (Գյուղական աղքատության վերացման ծրագիր) բաժնում տեղադրված շատ գեղեցիկ տեքստերն այդպես էլ չդարձան հանրության քննարկման առարկա, որովհետեւ մեր հեռուստաընկերությունները սերիալներ գովազդելիս արդեն անամոթաբար օգտագործում են «ամենավարկանիշային» բառը, իսկ մեր թերթերը խոսում են առանց լսողի։