Ինչպես են հայերը բլեֆ անում

21/01/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մի երկու օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ կրկնում էին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը», եւ ես մի հետաքրքիր զուգահեռ անցկացրի ապագա խորհրդարանական ընտրությունների հետ: Երկու դեպքում էլ հաղթողներին որոշում են «կնոպկեքով»: Պարզապես խորհրդարանական ընտրություններում «կնոպկա սեղմելով, կնոպկա սեղմող են նշանակելու», իսկ մրցանակաբաշխության ժամանակ «կնոպկա սեղմելով, աստղ էին նշանակում»:

Այսինքն, Հայաստանում բոլոր ընտրությունները, տարատեսակ մրցանակաբաշխություններն ու մրցույթները, ինչպես եւ շատ բան, բլեֆ է: Բլեֆ է նաեւ այն, որ «Եվրատեսիլ 2007»-ում Հայաստանի ներկայացուցիչը պետք է ընտրվի մրցույթով, որովհետեւ, բացի Համզաչիմանի հովիվներից, արդեն մի քանի ամիս առաջ բոլորը գիտեին, որ այդ հարցը որոշված է` այս տարի «Եվրատեսիլ» է գնալու Հայկոն: Եվ եթե այդպես չլինի, ես պատրաստ եմ բարձրաձայն ներողություն խնդրել այդ «մրցույթի» կազմակերպիչներից: Սակայն հանգիստ թողնենք երաժիշտներին, որովհետեւ առջեւում շատ ավելի կարեւոր իրադարձություններ են սպասվում:

Եթե հիշում եք, «բլեֆ» բառը մեր կենցաղ մտավ հանճարեղ Չելենտանոյի մասնակցությամբ համանուն ֆիլմից հետո: Ֆիլմը եւ գլխավոր հերոսը հավանաբար այնքան դուր եկան հայերին, որ մերոնցից շատ-շատերը փորձեցին ապրել նույն սկզբունքներով: Սակայն մի քանի մանրուք հայերն, այնուամենայնիվ, հաշվի չեն առնում: Նախ` Չելենտանոյի հերոսի գլխավոր նշանաբանն էր. «ժրսՌ ոսպՒցպՔՖ, ոսպՒցռ ՊՏ ՍՏվՓՈ»: Իսկ մերոնք մի թեթեւ բլեֆ են անում, հետո հետ են քաշվում: Օրինակ, «Օրինաց երկիրն» իրենց դեմ սեւ PR կազմակերպելու առիթով «արմագեդոնի շուխուռ» արեց, բայց ընդամենը մի քանի օրից տիրեց այնպիսի լռություն, կարծես իսկապես «արմագեդոն» էր տեղի ունեցել: Կամ, ասենք, երբ մեր քաղաքական ուժերը PR նպատակներով սկսում են բարձրաձայնել իրենց կուսակցությունների «գլխաքանակը»: Այ սա, իսկապես, մեծ բլեֆ է, որովհետեւ նույն այդ «Օրինաց երկրի» օրինակով պարզ դարձավ, որ 60.000 ունեցող կուսակցությունը, բոլորի աչքի առաջ, մի քանի օրվա մեջ փլվեց «ավազե տնակի» պես: Եվ դեռ կշարունակի փլվել, որովհետեւ PR-ը չի կարելի կառուցել բլեֆի վրա: Գլոբալ բլեֆ է նաեւ այսօրվա դաշնակցությունը: Որովհետեւ, ի սկզբանե, կոմունիզմին մոտ՝ սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող այդ կուսակցության շատ անդամներն այսօր պատրաստ են իրենց «բուրժուական կայֆերի» համար անգամ դավաճանել իրենց հին ընկերներին, ինչպես դա արեցին Սէֆիլյանի դեպքում: Երեւի զենքի վրա երդվելու պահին վերջիններս մեջքի հետեւում «մատները խաչ էին արել, կամ լեզուները կծել էին»: Բլեֆ է նաեւ «ազգընտիր» Ստեփան Դեմիրճյանը: Որովհետեւ ազգընտիրը պետք է առաջնորդի այդ ազգի հարյուր-հազարավոր հատվածին, ոչ թե գնա տուն, որ «հանկարծակի» ժամանած հյուրերի հետ դեղձի մուրաբայով թեյ խմի: Բլեֆ է նաեւ ՀՀՇ-ի ինտելեկտուալ մակարդակը (ինչի մասին անձամբ եմ բազմիցս նշել): Որովհետեւ ինտելեկտուալներն իրենց կողքին չէին պահի այսքան բալաստ, որին այսօր իրենք են քննադատում, սակայն որը, փաստորեն, իրենց երկրորդ էշելոնն էր: Եվ այդ ոչ ինտելեկտուալ-երկրորդ էշելոնին, ժամանակին, բացի իրենցից, ուրիշ ոչ մեկը չէր խցկել իշխանական եւ չինովնիկական ապարատ: Իհարկե, աշխարհում ստեղծված ամենամեծ բլեֆներից մեկը սոցհարցումներն ու տարատեսակ «ռեյտինգներն» են, որոնք նախընտրական շրջանում հայաստանյան քարոզչամեքենան մեծ հաճույքով է օգտագործում: Բայց ինչպես՝ միշտ բավականին փնթի եւ ապաշնորհ ձեւով: Չնայած, եթե մեր ժողովուրդն «ադամանդի կուտը» ուտում է, ապա սոցհարցումների «կուտը» կուտի ու կուտի (Ահարոն Ադիբեկյանի ականջը կանչի): Մեծ բլեֆ են այն ապագա թեկնածուները, որոնց առաջադրվելու միակ իմաստն իշխանությունից «դաբրո ստացած» թենածուից «մի երկու կոպեկ փող պոկելն է», որի դիմաց իբր ինքը համաձայնվում է չառաջադրվել (նշեմ, որ 2003թ. այս բլեֆն անցել է որոշ ընտրատարածքներում): Բլեֆ են նաեւ Պարույր Հայրիկյանի «ԿԳԲ-ի գործակալների» մասին հեքիաթները, որովհետեւ վերջին հրապարակումներից հետո պարզվում է, որ այսօր շատ-շատերն են եղել գործակալներ եւ ոչ միայն «ԿԳԲ»-ի (չի բացառվում, որ այս թեժ թեմայի հեղինակը եւս): Իսկ երբ բլեֆը վերաբերում է շատերին, ապա դա արդեն ոչ թե բլեֆ է, այլ իրականություն: Իսկ ամենացավալին այն է, որ անձամբ ինձ համար բլեֆ է դառել «երեւանցի» հասկացողությունը: Ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում բլեֆ է «ամերիկացի» հասկացողությունը, այնպես էլ արդեն բլեֆ է «երեւանցին», որովհետեւ Երեւանը մայրաքաղաքից դառել է «մայրիկը լացացրած» քաղաք:

Բայց եթե «Բլեֆ» կինոնկարում ամեն ինչ լավ է վերջանում, քանզի դա ֆիլմ է, եւ այնտեղ «happy end» է պետք, ապա մեր դեպքում բլեֆը կարող է այնքան էլ լավ հետեւանքներ չունենալ, ինչպես դա արդեն երեւում է Ղարաբաղի հարցում, որի շուրջ մեր իշխանություններն արդեն տասը տարուց ավելի բլեֆ են անում:

Բայց ես լավատես եմ: Ավելին, «Բլեֆ» ֆիլմը ես էլ եմ շատ սիրում: Սակայն դա չի նշանակում, որ ես օրուգիշեր «սրա-նրա» վրա բլեֆ եմ անում: Այսինքն, բլեֆը վատ բան չէ, բայց եթե այն տեղին է եւ «համով» է արվում: Իսկ ամենակարեւորն այն է, որ լավատեսությունս ինձ հուշում է, որ մեր ապագա բլեֆների արդյունքում առնվազն մենք չենք տուժի: